HY RU EN

Ընտանիքը կանգնած է հայրական օջախից վտարվելու վտանգի առաջ

Ոստիկանությունն Ասլանյաններին 15 օր ժամանակ է տվել

Սահակ Ասլանյանը՝ ծնողների հետ, 1975 թ-ից՝ շուրջ 43 տարի, ապրում է Երևանի մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարևանությամբ՝ Հակոբ Հակոբյան փողոցի թիվ 1 շենքի առաջին հարկում՝ 114 բնակարանում: Նույն բնակարանում ամուսնացել է, նույն հասցեում էլ ծնվել են նրա երեք երեխաները: Սակայն այսօր Ասլանյանների ընտանիքը կանգնած է վտարման վտանգի առաջ:

Թաղային ոստիկանը օրեր առաջ այցելել է նրանց բնակարան, կազմել իր այցի մասին արձանագրություն, որով Ասլանյաններին տվել է «բնակարանն ազատելու ողջամիտ ժամկետ»՝ 15 օր: Ապրիլի 13-ին լրանում է այդ ժամկետը:

Սահակ Ասլանյանը դիմել է «Հետք»-ին՝ ներկայացնելով դատական ատյաններում իր գույքային խախտված իրավունքների համար շուրջ մեկ տասնամյակ տևող պայքարի վկայությունները՝ բազմաթիվ որոշումներ, դատական ու մինչդատական վիճարկումներ՝ քաղաքացիական, վարչական, նաև քրեական տիրույթներում: Այս պահին վարչական ու քաղաքացիական դատարաններում գործերի քննությունը կասեցված է, քրեականը՝ կարճված:

Թեպետ բնակարանի վրա արգելանք է դրված, այդուհանդերձ Կադաստրից Սահակ Ասլանյանին գրավոր պատասխանել են, որ բնակարանի սահմանափակումներ չկան: Սահակ Ասլանյանը թաղային ոստիկանի կազմած արձանագրության տակ հրաժարվել է ստորագրել՝ նշելով արգելանքի փաստի մասին:

Մենք ծանոթացանք վիճելի բնակարանին առնչվող նյութերին, որոնք սկսվել են դեռևս 2007 թ-ից հետո, երբ մահացել է Սահակ Ասլանյանի 86-ամյա մայրը՝ Աղավնի Ասլանյանը, ով ամուսնու՝ Վահան Ասլանյանի հետ ունեցել է 6 ժառանգ: Սահակը մեզ հետ զրույցում ասաց, որ գիտեր հոր կտակի մասին: 1995-ին հայրը բնակարանը կտակել է թոռան՝ Սահակի որդուն.

«Եթե իմանայի, թե հետագայում ինչեր են սպասվում, կբացեինք կտակը, հիմա բնակարանը կորցնելու վտանգի առաջ չէինք լինի»,-ասում է Սահակ Ասլանյանը՝ նկատելով, որ 1984-ից եղբայրը՝ Դերենիկը այդտեղ չի ապրել, ու չի էլ պատկերացրել, որ հնարավոր է իրենց տնից հանի սեփական եղբայրը ու նրա դուստրը:

Սահակի հոր մահից հետո ժառանգությունը ընդունել է 6 ժառանգներից Դերենիկ Ասլանյանը: Այսպիսով, 2002-ից վիճելի բնակարանն ընդհանուր սեփականության իրավունքով պատկանել է մորը՝ Աղավնի Ասլանյանին և նրա որդիներից մեկին՝ Դերենիկ Ասլանյանին:

Իսկ արդեն 2008-ին Վահան և Աղավնի Ասլանյանների մահից հետո նրանց որդիներից Դերենիկ Ասլանյանը Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի մոտ գրավոր հայտարարություն է տվել, թե բացի իրենից այլ ժառանգներ չկան: Արդեն նախկին նոտար էմմա Շաբոյանը, չպահանջելով հայտարարության փաստերը հավաստող փաստաթղթեր, ամբողջ գույքի նկատմամբ տվել է ժառանգության իրավունքի վկայագրեր հենց Դերենիկին: Դրանց հիման վրա գրանցվել է Դերենիկ Ասլանյանի սեփականության իրավունքը, և տրվել է սեփականության իրավունքի վկայական:

Կարճ ժամանակում Դերենիկ Ասլանյանը նվիրատվության պայմանագրով բնակարանը նվիրել է իր աղջկան` Գայանե Ասլանյանին, ով այսօր վտարման պահանջ է ներկայացրել ոստիկանություն ընդդեմ հորեղբոր ընտանիքի՝ Սահակ Ասլանյանի:

Ի դեպ, ըստ Նոտարիատի մասին օրենքի, նոտարն իր կողմից վավերացված հայտարարության իսկության համար պատասխանատվություն է կրում, եթե գիտեր կամ պարտավոր էր իմանալ, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:
Իրենց ծնողների մյուս զավակներ Սուսաննա Ասլանյանը և Թամարա Ավագյանը մոր մահից հետո պահպանելով օրենքով սահմանված ժառանգության ընդունման 6-ամսյա ժամկետը՝ նույն նոտար Էմմա Շաբոյանի մոտ գրավոր հայտարարություն են տվել, որ իրենց մայրը մահացել է, և նրա մահից հետո մնացած ժառանգական գույքը ցանկանում են ընդունել: Ըստ դատարանում արված հայտարարությունների՝ քույրերը ցանկացել են ընդունել ժառանգությունը՝ փոքր եղբորը՝ Սահակին նվիրելու նպատակով:   

Փաստորեն, միևնույն նոտարը վավերացրել է նույն փաստերի մասին վկայող երկու իրարամերժ հայտարարություններ, որոնք գրանցվել են, հետևաբար նոտարը չէր կարող չիմանալ, որ Դերենիկ Ասլանյանի հայտարարությունը, բացի իրենից, այլ ժառանգներ չլինելու մասին չի համապատասխանում իրականությանը:

Նոտար Էմմա Շաբոյանը ազատվեց 2014-ի ապրիլի 30-ին՝ այն ժամանակվա արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով: Էմմա Շաբոյանը պարբերաբար գտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում: Մի շարք քաղաքացիներ դժգություն են հայտնել նրա հետ կնքած գործարքներից: Նրանցից մեկն էլ Սահակ Ասլանյանն է: Նա պնդում է, որ իր գործի հետ կապված է ազատվել նոտարը:

Ըստ գործի նյութերի՝ Դերենիկ Ասլանյանը դիմել է նոտարին մոր մահից հետո` 8 ամիս անց, հետևաբար ժառանգության ընդունման ժակետը բաց է թողել:
Համաձայն օրենքի՝ ժառանգության ընդունման ժամկետը բաց թողած ժառանգը կարող է ժառանգությունն ընդունել ժառանգությունն ընդունած մյուս բոլոր ժառանգների համաձայնությամբ, որը պետք է ներկայացվի գրավոր: Մինչդեռ Դերենիկ Ասլանյանը վեցամսյա ժամկետը բաց թողելուց հետո, առանց մնացած ժառանգների գրավոր համաձայնության, հայտարարելով, թե այլ ժառանգներ չկան, դիմել է նոտարին` ամբողջ ժառանգական գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագրեր տրամադրելու համար, իսկ նոտարը չի պահանջել հայտարարության փաստերի իսկությունը վկայող փաստաթղթեր, այն պարագայում երբ 4 ամիս առաջ ընդունել և վավերացրել է այլ ժառանգների դիմումը:

Փաստորեն, արդեն 10 տարի Սահակ Սահակյանն ու նրա քույր-եղբայրները (2-ը արդեն մահացել են) պայքարում են ժառանգության իրավունքի ճանաչման, նոտարի տված վկայագրերի անվավեր ճանաչման, հետևաբար այդ հիմքով կատարված մյուս գործարքները չեղյալ ճանաչելու համար:  

Սահակ Ասլանյանն ասում է, որ գույքային իր խախտված իրավունքի համար պայքարի ճանապարհին, կես-իրավաբան է դարձել. «10 տարի պայքարում եմ, բայց չգիտեմ՝ երբ կհասնեմ արդարության»:

Առաջին լուսանկարում Սահակ Ասլանյանն է