
Facebook-ը ստուգումներ կանցկացնի սոցցանցի առավել հայտնի էջերում
Facebook սոցիալական ցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ իրենց կողմից ստուգվելու են բոլոր այն օգտատերերի ինքնությունը, որոնց էջերը սոցցանում առանձնահատուկ մասսայականություն են վայելում: Facebook-ը այս քայլով փորձում է պայքարել կեղծ նորությունների և պրոպագանդայի տարածման դեմ: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ցուկերբերգը նաև ասել է, որ կողմ է քաղաքական գովազդի տարածումը կարգավորելու առաջարկին: Եթե այդ առաջարկը ընդունվի, ապա սոցցանցը պետք է ավելի շատ տեղեկություններ հավաքի, թե կոնկերտ ովքեր են ստեղծում տվյալ գովազդները:
«Միջամտությունը ընտրական գործընթացին խնդիր է, որի դեմ մեկ հարթակը չի կարող պայքարել»,- ասել է Ցուկերբերգը՝ շեշտելով, որ այս քայլերը չեն կարող կանգնեցնել նրանց, ովքեր փորձելու են խաբել համակարգին, սակայն դրանք զգալիորեն կբարդացնեն նրանց կյանքը:
Այսուհետ, Facebook-ում քաղաքական գովազդ տեղադրողներից ընկերությունը կպահանջի անձը հաստատող ամերիկյան փաստաթուղթ և ամերիկյան հասցե: Այդ հասցեին փոստով կուղարկվի յուրահատուկ կոդ, որի միջոցով հնարավոր կլինի տեղադրել գովազդը:
Այս քայլերը ուղղված են Ռուսաստանի Ինտերնետ-հետաքննությունների գործակալության կատարած ենթադրյալ գործողությունների դեմ, որը մեղադրվում է Facebook-ի միջոցով ամերիկացի ընտրողների ահաբեկման և նրանց ընտրության վրա ազդեցություն ունենալու մեջ:
Facebook-ը նաև կհետևի այն էջերին, որոնք փոխում են իրենց անվանումները: Ենթադրվում է, որ Ինտերնետ-հետաքննությունների գործակալության աշխատակիցները սկզբում էջեր են ստեղծել կասկած չառաջացնող անվանումներով, իսկ որոշակի քանակությամբ հետևորդներ հավաքելուց հետո փոխել են դրանք ակնհայտ քաղաքական անվանումներով:
Սոցցանցը արդեն ստուգում է՝ արդյոք հայտնի մարդկանց անուններով ստեղծված էջերը իսկապես պատկանու՞մ են նրանց, թե ոչ: Ինչպես նշում է ընկերությունը, առաձնահատուկ մասսայականություն վայելող էջերի ստուգումը կաշխատի հենց նույն ձևով:
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել