HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Դանիելյան

Հայաստանի ավտորիտարիզմի ինստիտուցիոնալացման փորձը

Ցանկացած համակարգի տրանսֆորմացիան սկսվում է դրա ճիշտ գնահատականից, որից բխում են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են քաղաքական փոփոխությունների համար։ Հայաստանում գնալով արագ թափ են ստանում գործող կառավարման մոդելի փոխակեպումները:

Օրերս «Ազատություն» ռադիոկայանին  տված հարցազրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է․ «ՀՀԿ-ն մեկ ընտանիք է, որն ունի մեկ հայր՝ Սերժ Սարգսյան»։ Կուսակցությունը հանրությանը սպասարկող քաղաքական ինստիտուտ է, իսկ ժողովրդավարական երկրներում այն բաց և թափանցիկ կառույց է, ի տարբերություն ընտանիքի, որը փակ, ինտիմ ոլորտի ստատիկ սոցիալական միավոր է։ Ընտանիքի հորը, ի տարբերություն կուսակցության նախագահի, չեն ընտրում։

Կուսակցության համեմատությունն ընտանիքի հետ արդեն իսկ մի շարք եզրակությունների է հանգեցնում, առավել ևս, որ առաջին անգամ չեն նման տեսակետներ հնչում։

Ընտանիքը սոցիալական միավոր է՝ հիմնված ընդհանուր կենցաղի, նաև` ընդհանուր տնտեսության  վրա։ Անգամ Քրեական դատավարության օրենսգրքում ընտանիքի անդամները կարող են հրաժարվել միմյանց դեմ ցուցմունք տալուց:

Ցանկացած սոցիալական միավորի անդամների համար կան «մենք» և «ուրիշները» հասկացությունը։ Ըստ Շարմազանովի՝ ՀՀԿ-ում հավաքված են ՀՀԿ-ական «մենք»-երը, և «ուրիշներից» պաշտպանվելու համար պետք է կոնսոլիդացվել «ընտանիքի հոր» շուրջ: «Ընտանիքի հայրը» պատրիարխալ հասկացություն է, որը ենթադրում է պահպանողական արժեքներ,  եւ դրանք ամենահարմար կրողը եկեղեցին է։ Հայրիշխանությունը կարող է հենվել միայն պահպանողական գաղափարների վրա։ Նման հասարականություններում պարտականությունները գերիշխում են իրավունքների վրա։ Ավանդական ընտանիքն առաջին հերթին տնտեսվարող միավոր է՝ հիմնված ընտանիքի անդամների միջև փոխօգնության գաղափարի վրա։ «Ընտանիքի» ներքին գործերին օտար մարդիկ չեն կարող միջամտել։ Այսինքն՝ ընտանիքը թիմ է, որի անդամները միմյանց օգնում են ու ունեն փոխադարձ պարտականություններ։ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ ՀՀԿ-ն արդեն ոչ թե սոցիալ-քաղաքական կառույց է, այլ ընտանիք։

Մյուս կարևոր հասկացությունը «վտանգն» է՝ ներքին և արտաքին։ Ընտանիքի անդամները միավորվում են արտաքին վտանգների դեմ։ Ներքին և արտաքին թշնամիների դեմ պայքարելու համար պետք է ունենալ ուժեղ ոստիկանություն և ուժեղ բանակ, այստեղից կարելի է դուրս բերել «ԱԶԳ,ԵԿԵՂԵՑԻ, ԱՌԱՋՆՈՐԴ» եռամիասնությունը։ Չի կարող լինել ուժեղ ընտանիք` առանց ընտանիքի հոր՝ առաջնորդի ուժեղ ձեռքի։ «Սյունյաց արծիվներ» հասարակական կազմակերպության ինքնադրսևորման համար մեծ հեռանկարներ են բացվում։

Ժամանակակից աշխարհում ազգայնական, կրոնամոլական, ծայրահեղ սոցիալական գաղափարները վարկաբեկված են։ Ֆաշիստական, կոմունիստական, կրոնական-ֆունդամենտալիստական գաղափարների վարկաբեկման հետևանքով ավտորիտար ռեժիմների բնութագրերը բավականին ունիվերսալ են դարձել։ Դրանք են․

  • ժողովրդի օտարումը իշխանությունից,
  • իշխող գաղափարախոսության բացակայություն,
  • ներհասարակական կոնֆլիկտների ժամանակ ուժի կիրառման հակվածություն, բայց այն չափով, որքան անհրաժեշտ է իրավիճակը վերահսկելու համար,
  • իշխանության և խոշոր բիզնեսի մենաշնորհ, սակայն հանրային կյանքի ինքնավարության պահպանմամբ,
  • իշխանության ազդեցության թուլությունը հանրային կյանքում, իշխանությունը չունի հանրային կյանքը վերահսկելու համար անհրաժեշտ մեխանիզմներ ու ռեսուրսներ, իսկ հանրությունը թույլ է ներգրավված քաղաքական կյանքին,
  • իշխող էլիտայի փակվածություն, իշխող էլիտայի ու հասարակության միջև շփման եզրերի սահմանափակվածություն, մի շերտից դեպի մյուս շերտի սոցիալական տեղաշարժի սահմանափակվածություն,
  • իշխող կուսակցության առկայություն, որը կուսակցությունից վերածվում է իշխող շերտի,
  • իշխանության հենարանն է բյուրոկրատիան, կուսակցական նոմենկլատուրան, զինված ուժերն ու ոստիկանությունը։

Հայաստանում ձևավորված կառավարման մոդելն ամբողջովին համապատասխանում է ժամանակակից ավտորիտար ռեժիմների չափորոշիչներին։

Սահմանափակ ժողովրդավարական երկրից անցումը դասական ավտորիտար համակարգի շատ կոնկրետ քայլերով է կատարվել։

Դեռևս երեք տարի առաջ նույն Շարմազանովը մի քանի առանցքային տեսակետ է հնչեցրել։ ՀՀԿ-ում իշխանության կենտրոնացման մասին ծրագրային դրույթը նա հայտնել է ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ ասելով, որ առնվազն մոտակա տասը տարում դեպի իշխանություն տանող դուռը գտնվում է Մելիք-Ադամյան փողոցում։ Սակայն, Սերժ Սարգսյանի իշխանության նոր բանաձեւի որոնումներն այնքան էլ հարթ չեն։ Նախանցած տարի նախագահի նստավայրում անցկացված մի խորհրդակցությունից հետո Շարմազանովը լրագրողներին հայտնել էր, որ Սերժ Սարգսյանը ժողովրդի հայրն է, այսօր նա արդեն ընդամենը ՀՀԿ-ի հայրն է։ «Ժողովրդի հայրը» տոտալիտար կառավարման մոդելի դրույթ է, իսկ «կուսակցության հայրը» ավելի մեղմ մոդելի ՝ ավտորիտար համակարգի հասկացություն է։ 

Սահմանադրական փոփոխություններն, ըստ էության, դասական ավտորիտար համակարգի անցման քայլ էր։ Սակայն ավտորիտար համակարգերի հիմնական թուլությունն անկանխատեսելիությունն է։ Հիմնված լինելով մեկ անձի հեղինակության վրա՝ այն որպես կառավարման մոդել թույլ կերպով է ինստիտուցիոնալացված և միշտ անսպասելի կերպով է փլուզվում։ 

Մեկնաբանություններ (1)

Ջալոյան
Ցավոք սրտի հոդվածը քննարկում է քաղաքական կողմը և անտեսում ինստիտուցիոնալ կողմը: Ինստիտուցիոնալ կողմը ես կհամարեի բիզնես անելու ավանդությունը և պայմանները: Ցարական ժամանակ կովկասահ բիզնեսը բարգավաճում էր ցարական բանակին փտած ցորեն, փչացած միս կամ անորակ ալկոհոլ մատակարարելու շնորհիվ: Սովետում՝ ցեխավիկները պարազիտային կառույցներ էին, որոնք օգտվում էին պլանային համակարգի թերություններից: Բայց պարազիտային տիպի բիզնեսը պահանջում է ավտորիտար կառավարում: ՍՍ-ի վարչապետությունը դառնում է անհրաժեշտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter