HY RU EN

«Հայաստանը փորձում է քողարկել ավտորիտարիզմը». հրապարակվել է «Ֆրիդոմ Հաուս»-ի 2018թ. զեկույցը

Հայաստանը որակվել է կիսակոնսոլիդացված ավտորիտար պետություն, որը փորձում է քողարկել ավտորիտարիզմը, սահմանափակ հարգանք է տածում ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ և անգամ նվազագույն չափով չի համապատասխանում ընտրությունների վրա հիմնված ժողովրդավարության չափանիշներին:

Նման գնահատական է տվել ամերիկյան «Ֆրիդոմ Հաուս» (Freedom House) կազմակերպությունը իր հրապարակած «Անցումային փուլում գտնվող երկրներ 2018» զեկույցում:

Համաձայն զեկույցի` Հայաստանի ժողովրդավարության վարկանիշը նվազել է` 5.39-ից մինչեւ 5.43: Հիմնական պատճառը համակարգային կոռուպցիան է, որն ամրապնդվել է ՀՀԿ-ի` գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանության մեջ համախմբման արդյունքում, եւ իշխանության պատրաստակամության ակնհայտ բացակայությունը` պայքարելու բարձր մակարդակի պաշտոնեական դիրքի չարաշահման դեմ:

Զեկույցում հիշատակվել են բռնություններով եւ խախտումներով, ընդդիմադիր ուժերի եւ ԶԼՄ ներկայացուցիչների հետապնդումներով անցած 2015թ. սահմանադրական հանրաքվեն, 2017թ. խորհրդարանական ընտրությունները, քաղաքացիական ակցիաները` «Սասնա ծռեր» խմբի անդամներին հաց տարած Արթուր Սարսգյանի մահվան եւ այլ առիթներով:

Զեկույցում անդրադարձ կա նաեւ Հայաստանի մեդիա միջավայրին: Արձանագրվել է, որ թեեւ հեռուստատեսությունը շարունակում է մնալ նորությունների ամենատարածված աղբյուրը, առցանց լրատվամիջոցների ժողովրդականությունն ու ազդեցությունն աճում են: Ինտերնետային միացումը Հայաստանում էժան է, եւ Միջազգային հեռահաղորդակցության միության համաձայն` բնակչության մոտ 67 տոկոսը 2016թ. մուտք է գործել ինտերնետ: Ի տարբերություն հեռուստաընկերությունների, որոնք սեփականատերերից զգալի կախվածություն ունեն, առցանց եւ տպագիր մամուլն ավելի մեծ խմբագրական ազատություն ունի: Ինտերնետը մեծապես շարունակում է մնալ իշխանությունների վերահսկողությունից դուրս եւ ծառայում է որպես այլընտրանքային տեղեկատվության աղբյուր, ինչպես նաեւ` քաղաքականության ազդեցիկ գործիք: Սակայն, կարելի է ասել, որ 2017-ին անհանգստացնող նշաններ են հայտնվել` երկրի առցանց տեղեկատվական դաշտի մանիպուլյացիայի մասին:

Արտաքին քաղաքականության ոլորտում, ըստ ՖՀ-ի, 2018-ը փորձարկման հիմք կդառնա Հայաստանի հավակնոտ արտաքին քաղաքականության համար, մասնավորապես` որքանով Հայաստանին կհաջողվի ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցությունը հավասարակշռելու Ռուսաստանից ծանր կախվածության հետ: