HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Իմ քայլը» շարժման համակիր․ «Ես տարիք ունեմ՝ 66 տարեկան եմ, իսկ սերունդները պիտի ապրեն»

«Իմ քայլը» շարժման համակիր, Վայոց Ձոր մարզի Շատին գյուղի բնակիչ Աշոտ Ղահրամանյանը միացել է ԱԺ պատգամավոր, «ԵԼՔ» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քայլերթին, որպեսզի «սերունդների համար ապագա լինի»։

«Մեր մտքերը մեկ են Նիկոլի հետ, մինչև հիմա էլ շարժման հետ էի, ուղղակի հիմա եմ քայլերթին միացել։ Մեր մտքերի սլաքներն ուղղված են մեկ կետի՝ չարիքի իշխանությունից ազատվել, ազատվել Սերժ Սարգսյանից, սա է մեր հիմնական նպատակը»,- մեզ հետ զրույցում ասաց Շատինի բնակիչը։

66-ամյա Աշոտ Ղահրամանյանը քայլերթից չի դժգոհում, ասում է՝ իր համար չէ միացել շարժմանը, այլ՝ սերունդների։ «Ինձ համար չեմ մտածում, ես տարիք ունեմ՝ 66 տարեկան եմ, սերունդները պիտի ապրեն, իրենց ապագա է պետք, երկիր է պետք, ինչը գոյություն չունի, տասը տարվա ընթացքում ամեն ինչ ոտնատակ եղավ։ Նման պայքարի համար ո՞նց կարելի է դժվարանալ, պիտի ազատվենք, չէ՞, չարիքի իշխանությունից, եթե այսպես շարունակվի, 4մլն չէ, 4 հազար մարդ չի մնա էստեղ»,- ասաց մեր զրուցակիցը։

Ղահրամանյանի խոսքով՝ այն, որ քայլերթի մասնակիցների թիվը շատ չէ, դա դեռ չի նշանակում, որ Ազատության հրապարակում ապրիլի 13-ին սակավաթիվ մարդիկ են լինելու։ «Քայլերթն ուղղակի բողոքի ձև է, իսկ հանգրվանն Ազատության հրապարակում է, այնտեղ կորոշվի ամեն ինչ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր «Իմ քայլը» շարժման 12-րդ օրն է, շարժման անդամները Հրազդան քաղաքից քայլում են դեպի Աբովյան։

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով հայտարարեց, որ այսօր երեկոյան ՀՀԿ շենքի դիմաց, որտեղ նախատեսված է կուսակցության գործադիր մարմնի նիստը, տեղի է ունենալու պիկետ։ Պատգամավորը կոչ արեց քաղաքացիներին միանալ այդ ակցիային՝ հայտնելով, որ, ամենայն հավանականությամբ, այդ նիստից հետո էլ ՀՀԿ-ն կհայտարարի վարչապետի թեկնածուի անունը։

Հիշեցնենք, որ քայլերթը մեկնարկել է մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից, իսկ ապրիլի 13-ից Ազատության հրապարակում նախատեսվում են շուրջօրյա հանրահավաքներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter