
Ստամբուլի հայկական եկեղեցու 100 տարվա փակ դռները շուտով կբացվեն
Ստամբուլի հայկական Սուրբ Որդւոց Որոտման եկեղեցում 100 տարի է' որևէ արարողություն չի եղել: Եկեղեցու' 100 տարուց ի վեր փակ մնացած դռները հուլիսից կբացվեն: «Առաջին աշխարհամարտէն ի վեր այս տեղը որպէս եկեղեցի չէր օգտագործված: Շատ երկար տարիներու երազ էր նորոգությունը. 1987-ին այդ երազը կար, ծրագիրը պատրաստած էր, բայց շատ մեծ գումարներ կազմած էր, և որպէս երազ մնացել էր»,-«Հետքի» հետ զրույցում նշում է Վաղարշակ սարկավագը:
Այս օրերին Սուրբ Որդւոց Որոտման եկեղեցում մեծ թափով ընթանում են վերանորոգման աշխատանքները: Եկեղեցին կպահպանի իր նախկին տեսքը, սակայն միայն որպես եկեղեցի չի գործի, կծառայի նաև որպես մշակութային կենտրոն:
Սուրբ Որդւոց Որոտմանը Պոլսոյ Հայոց պատրիարքարանի տարածքում գտնվող երեք եկեղեցիներից մեկն է: Նշված եկեղեցիները պատկանել են տարբեր պատրիարքարանների' Սուրբ Խաչը Էջմիածնին է ենթարկվել, Մայր Աստուածածինը' Ստամբուլի պատրիարքարանին, իսկ վերանորոգվողը' Երուսաղեմին:
Սուրբ Որդւոց Որստման եկեղեցին կառուցվել է Մահմուդ երկրորդի հրահանգով: Այն բազիլիկ ոճի միակ առաքելական եկեղեցին է Ստամբուլում. քաղաքին համահունչ կառուցելու նպատակով եկեղեցին տարբերվել է Արևմտյան Հայաստանի մյուս հայկական եկեղեցիների ճարտարապետական տեսքից: Սակայն տուժել է երկրաշարժի ժամանակ: «Եթե վեց ամիս առաջ գայիք այս եկեղեցի, անձրևանոցով պետք է պտտվեիք»,- ասում է վերանորոգման նախագծի ղեկավար Գևորգ Կարագյոզեանը:
«Ստամբուլը 2010 եվրոպական մշակույթի մայրաքաղաք» գործակալությունը արդեն վեց ամիս է' սկսել է Գում Գափու թաղամասում գտնվող Սուրբ Որդւոց Որոտման եկեղեցու վերականգնման աշխատանքները: Եկեղեցու վերանորոգման ծախսերը կազմել են 2 մլն 200 հազար լիրա: 70 տոկոսը հատկացրել է թուրքական կառավարությունը, իսկ 30-ը' Պոլսոյ Հայոց պատրիարքարանը: «Ամենակարևորը' առաջին անգամ է, որ Օսմանյան պետության մեջ կառավարությունը այսպիսի մեծ դրամ է հատկացնում եկեղեցու վերանորոգման համար»,- ասում է Գևորգ Կարագյոզեանը:
Հունիսի վերջին տեղի կունենա եկեղեցու բացումը: Չնայած նախապես ծրագրված է, որ եկեղեցին նաև մշակութային կենտրոն է լինելու, Գևորգ Կարագյոզեանը հավաստում է, որ արարողություններ էլ կարող են լինել, կլինի նաև մոմ վառելու տեղ:
Նշենք, որ Հայոց պատրիարքարանի ենթակայության տակ այժմ գործում է հայկական 38 եկեղեցի:
Ստամբուլ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել