HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Թրամփը սպառնացել է հրթիռային հարվածներ հասցնել Սիրիային, ինչին հետևել է ՌԴ ԱԳՆ-ի պատասխանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հրթիռային հարվածներ հասցնել Սիրիային՝ չնայած Ռուսաստանի կողմից դրանք վնասազերծելու հայտարարությանը.

«Ռուսաստանը խոստանում է խոցել Սիրիայի ուղղությամբ արձակված ցանկացած հրթիռ: Պատրաստվի՛ր, Ռուսաստան, քանի որ նրանք գալիս են՝ գեղեցիկ, նոր և «խելացի»: Դուք չպետք է պաշտպանեք գազով իր ժողովրդին սպանող և դրանից հաճույք ստացող կենդանուն»,- գրել է Թրամփը Թվիթերի իր էջում:

ԱՄՆ նախագահի հայտարարությանը անմիջապես պատասխանել է ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ շեշտելով, որ «հրթիռները պետք է արձակվեն ահաբեկիչների վրա, այլ ոչ թե օրինական իշխանությունների, որոնք մի քանի տարի է՝ պայքարում են իրենց տարածքում ահաբեկչության դեմ»:

«ՔԶԱԿ-ի (Քիմիական զենքի արգելման կազմակերպություն, հեղ.) տեսուչներին զգուշացրե՞լ եք, որ հիմա խելացի հրթիռները կոչնչացնեն քիմիական զենքի կիրառման բոլոր ապացույցները, թե՞ ամբողջ գաղափարը այն է, որ խելացի հրթիռներով արագորեն ոչնչացվեն սադրանքի հետքերը, որպեսզի միջազգային փորձագետները որպես ապացույց ոչինչ չկարողանան գտնել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Զախարովան:

Մի քանի րոպե անց Թրամփը նոր գրառում է կատարել այլ տոնայնությամբ՝ ընդգծելով, որ «ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները երբեք այսքան ցածր մակարդակի վրա չեն եղել, նույնիսկ «սառը պատերազմի» տարիներին»:

«Ռուսաստանին պետք է մեր օգնությունը իր տնտեսությունը զարգացնելու համար, ինչը մեզ համար շատ հեշտ է անել: Մեզ պետք է, որ բոլոր պետությունները միասնաբար աշխատեն: Դադարեցնե՞նք սպառազինությունների մրցավազքը»,- այսպիսի հարցադրմամբ է ավարտել իր գրառումը ԱՄՆ 45-րդ նախագահը:

Սրան հետևել է Զախարովայի պատասխանը. «Հրաշալի միտք է: Առաջարկ կա սկսել ամերիկյան քիմիական զենքի ոչնչացումից»,- գրել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ Սիրիայում աշխատող բժիշկները և փրկարարները ապրիլի 7-ին հայտարարեցին Արևելյան Գուտայի Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակման հետևանքով 70 զոհի մասին: Արևմուտքը քիմիական հարձակման պատասխանատվությունը դրեց Ասադի իշխանության և նրան սատարող ռուսական կողմի վրա, սակայն վերջիններս ժխտեցին բոլոր մեղադրանքները:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին Ռուսաստանը օգտվեց իր վետոյի իրավունքից և արգելափակեց ԱՄՆ-ի առաջարկած բանաձևը, համաձայն որի՝ պետք է հետաքննվեր հնարավոր քիմիական հարձակումը:

Իր հերթին ռուսական կողմը սեփական բանաձևերը առաջարկեց քիմիական հարձակումը հետաքննելու համար, սակայն դրանք էլ արգելափակվեցին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից: Ռուսաստանը առաջարկում էր, որ հետաքննությունը անցկացվի Քիմիական զենքի արգելման կազմակերպության ուժերով:

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter