Չվարակազերծված ջուր, անբարեկարգ ջրամատակարարման համակարգ. 10 մարզերի խմելու ջրի վիճակը
«Գորտի աղբյուր» կոչվող վայրն արդեն տասնամյակներ բագարանցիների հիմնական հավաքատեղին է: Սահմանամերձ Բագարանը կենտրոնացված ջրամատակարարում չունի, և ամբողջ գյուղն օգտվում է գետնի տակից դուրս եկող ջրից: Ավտոմեքենա ունեցողներն այստեղ են գալիս ավտոմեքենաներով, չունեցողներն էլ ջուրը տեղափոխում են ոտքով:
Այս վայրը «Գորտի աղբյուր» է կոչվել գորտերի առատության պատճառով: Աղբյուր կոչվածը առվի մեջ թափվող, գրեթե գետնին կպած խողովակ է: Ամռան ամիսներին գորտերը հավաքվում են հենց այդ առվում:
Իվետա Մխիթարյանն ամուսնու հետ եկել է «Գորտի աղբյուր», որպեսզի շաբաթվա համար խմելու ջուր տանեն: Ասում է՝ 30 տարի առաջ հարս է եկել Բագարան, և 30 տարի է` ջուրը տեղափոխում են տարաներով:
Ամուսինները մի քանի տասնյակի հասնող փակ տարաները հանելով ավտոմեքենայից` հերթով լցնում էին ջրով ու տեղավորում ավտոմեքենայի հետնամասում:
«Ճիշտ ա, տանում ենք այս ջուրը, մի շաբաթ խմում ենք, բայց որպես մայր գիտեմ, որ վտանգավոր բան եմ անում: Որ հնարավորություն չունեմ ամեն օր գալ ջուր տանել, ստիպված այս քայլին ենք գնում: Առաջ ձեռքով էինք կրում, հիմա «Վիլիս» մեքենա ենք գնել, որ հատուկ ջուր կրենք »,-ասում է Իվետա Մխիթարյանը:
Իվետան եւ Գրիգորը |
Նրա ամուսինը՝ Գրիգոր Ղազարյանը, պատմեց, որ ամեն օր չի կարող ջուր տանելու համար բենզին լցնել ավտոմեքենան, ստիպված հին ջուրն են խմում: «Այս ջուրը որ տանում ենք, արգելված ջուր է, սանէպիդկայանն արգելում է, որ խմենք, բայց ի՞նչ անենք, հո չենք մեռնելու: Ինչի մեր կառավարությունը չգիտի՞, թե մենք ոնց ենք ապրում»,-ասում է Գրիգորը:
Իվետա Մխիթարյանն ասում է, որ գյուղից երիտասարդները հեռանում են հենց ջրի պատճառով: Դեռ խորհրդային տարիներից մնացած լվացքի մեքենաներ են օգտագործում, քանի որ ժամանակակից տեխնիկա չեն կարող գնել ջրի բացակայության պատճառով: Աղջիկները չեն ցանկանում հարս գնալ Բագարան, իսկ տղաները լքում են գյուղը:
«Ունեմ երկու տղա, երկուսն էլ ձգտում են դուրս: Առվի ջրով ենք լողանում: Առվից ջուրը վերցնում ենք, 1-2 օր թողնում ենք, հետո նոր դրանով լողանում: Թողնում ենք, որ կեղտը նստի ամանի հատակին, դրանից հետո կարողանանք լողանալ: Հենց հիմա գյուղում մարդիկ լուծ են, աղիների պրոբլեմ ունեն, պատճառը ջուրն ա»,-ավելացրեց Իվետան:
Արթուր Գարումով |
Բագարան համայնքը սպասարկում է «Երվանդաշատի առողջության կենտրոն» ՓԲԸ-ն: Տնօրեն Արթուր Գարումովը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Բագարանում աղիքային հիվանդության դեպքեր իրենց հայտնի չէ, սակայն մտահոգություն հայտնեց, որ հնարավոր է` մեկ ժամ հետո լինի: Նրա խոսքով՝ պատկան մարմինները տարին մեկ անգամ գալիս Բագարանի ջուրը ստուգում են, սակայն այնտեղ քլորացում չի իրականացվում:
«Բագարանում ժողովուրդը շատ է օգտվում ոռոգման ջրից, առուների մեջ աման-չաման լվանալ, օգտագործել և այլն: Շատ դեպքեր կան, որ այդ ոռոգման ջրի վրա զուգարան են կառուցել, գոմի կոյուղաջրերն են լցվում: Դա վտանգավոր է: Այդ ջրի հարցը պետք է շատ արագ, շտապ լուծել, որովհետև այսօր վարակ չկա, վաղը կարող է լինել»,-ասում է Ա. Գարումովը:
Բագարանի համայնքապետ Գևորգ Մարգարյանն ասաց, որ խմելու ջրի հարցը լուծելու ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվում: «Համայնքն այդպես էլ մնալու է առանց ջրի: Հարյուր տարի ա` այդ ջուրն են խմում: Մինչև 1989թ. ունեցել ենք կենտրոնացված կարգով ջրամատակարարում, հետո խողովակները փտել են, ու ջուր չկա: Մարդիկ գյուղի վերջից դույլերով, ավտոմեքենաներով են ջուր բերում»,-ասում է համայնքապետը: Նրա փոխանցմամբ՝ բազմիցս տեղեկացրել է պատկան մարմիններին, սակայն ապարդյուն, իսկ համայնքը չունի համապատասխան ֆինանսական միջոցներ, որ իրենց ուժերով կարողանան խողովակները փոխել:
Արմավիրի մարզում կենտրոնացված ջրամատակարարում չունեն Բագարան և Կողբավան համայնքները:
Մանրէաբանական շեղումներ՝ խմելու ջրում
«Հետք»-ն ուսումնասիրել է հանրապետության 10 մարզերի խմելու ջրի վիճակը: Համեմատության համար վերցրել ենք երկու տարվա տվյալ՝ 2016 և 2017 թվականները: Մանրէաբանական շեղումներ են հայտնաբերվել 277 համայնքների խմելու ջրում:
Համաձայն առողջապահության նախարարի 2002 թվականին հաստատված «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N876 հրամանի՝ հետազոտվում է ընդհանուր մանրէների քանակությունը (նորմ՝ 1 միլիլիտրում -50-ից ոչ ավելի), ընդհանուր կոլիֆորմ մանրէներ (նորմ՝ 1 միլիլիտրում - բացակայություն): Վերջիններիս շեղումների առկայության դեպքում իրականացվում է նաև ջերմատոլերանտ կոլիֆորմ մանրէների նկատմամբ (նորմ՝ 1 միլիլիտրում -բացակայություն):
Տեսականորեն ընդհանուր մանրէների և ընդհանուր կոլիֆորմ մանրէների քիչ քանակությունը համարվում է ցածր ռիսկ բնակչության առողջության համար, սակայն կարևոր է, թե տվյալ մանրէները ինչ տեսակի են, քանի որ հնարավոր է` քիչ քանակության մեջ լինեն թարմ ախտածին մանրէներ, որոնք կարող են դառնալ հիվանդության պատճառ: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ չնայած առկա նորմերին, հիվանդության ախտանիշների դրսևորվելը կախված է մարդու օրգանիզմի առանձնահատկություններից՝ դիմադրողականություն, տարիք, առողջական վիճակ և այլն:
Աղիքային հիվանդություններ՝ ջրի պատճառով
Առողջապահության նախարարության փոխանցմամբ, 2017թ. ջրային գործոնով պայմանավորված՝ Լոռու մարզի Մեծավան համայնքում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության 37 դեպք:
Նախորդ տարի աղիքային վարակիչ հիվանդության 12 դեպք էլ գրանցվել է Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում: Այդ գյուղի բնակիչ Արմինեն պատմեց, որ մի քանի օր շարունակ փորլուծ են ունեցել ընտանիքի բոլոր անդամները: Դիմել են բժշկի, անալիզների արդյունքում պարզվել է, որ վարակվել են խմելու ջրից: Ասում է, որ միայն 25 հազար դրամի դեղորայք են գնել:
Խմելու ջրի պատճառով 2017թ. հունիսին հիվանդության 35 դեպք գրանցվել է նաև Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում: Մարդիկ վարակվել են հիմնականում սալմանելոզ, կոլիբակտեր, էնտերոբակտեր, դիզենտերիա, սովորական աղիքային ինֆեկցիա հիվանդություններով:
2016թ. աղիքային վարակիչ հիվանդության 14 դեպք էլ գրանցվել է Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում։
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանն ասաց, որ այդ համայնքներից միայն Սասունիկն են իրենք սպասարկում: Նշեց, որ վարակն իրենց մեղքով չի եղել: Համայնքի ներքին ցանցում վթար է առաջացել, ընկերությունն արագ արձագանքել է, և որևէ մեկը հիվանդության համար «Վեոլիա Ջուր» ընկերությանը չի մեղադրում:
Համայնքապետարաններն անկանոն կերպով են վարակազերծում ջուրը
Մարզպետարաններից ստացել ենք խմելու ջրի սպասարկման վերաբերյալ տվյալներ: Ամենավատ վիճակում Արագածոտնի մարզն է: Խմելու ջրի որակի շեղումները հիմնականում մանրէաբանական ցուցանիշներով են, ընդ որում՝ 2016թ. համեմատ 2017թ. առաջին կիսամյակում շեղումների թիվն աճել է 6%-ով: Երկու տարվա ընթացքում շեղումներ են արձանագրվել մարզի 79 համայնքում, որից 36-ը` 2017-ին:
Վարակազերծման աշխատանքներն անբավարար են համայնքային հաշվեկշռում գտնվող բոլոր ջրամատակարարման համակարգերում: Չեն վարակազերծվում կամ վարակազերծվում են ոչ մշտական և ոչ լիարժեք ձևով` պարկուճներով, աչքաչափով, հաշվի չեն առնվում խմելու ջրի քլորի պահանջը, օրական կարգավորող ջրավազանների ծավալները, վարակազերծող նյութի ակտիվությունը և տոկոսային հարաբերությունը: Մարզի 114 համայնքից խմելու ջուր չունի միայն սահմանամերձ Թլիկ համայնքը:
Որակական շեղումներ ունեցող համայնքների թվով հաջորդը Շիրակի մարզն է՝ 51 (ներառյալ բնակավայրերը): Շիրակի մարզպետարանի փոխանցմամբ՝ 58 համայնքներում (ներառյալ բնակավայրերը) ջրի վնասազերծում չի իրականացվում համայնքների ֆինանսական միջոցների սղության պատճառով: 30 բնակավայրերում ջուրը վարակազերծվում է անկանոն կերպով: Համայնքների կողմից սպասարկվող 8 բնակավայրի ջրամատակարարման համակարգերն ընդհանրապես չեն վարակազերծվում, իսկ 46 բնակավայրերում վարակազերծվում են անկանոն ձևով` տարին 1-2 անգամ:
Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանի խոսքով՝ ոչ կենտրոնացված համակարգից համայնքները ջուր են ստանում տարբեր եղանակներով՝ կախված ջրառում առկա ջրի քանակից: Լոկալ ջրամատակարարման դեպքում վնասազերծման աշխատանքները կատարում են համայնքապետարանները: Սակայն, այդ աշխատանքներն իրականացվում են ոչ պատշաճ մակարդակով՝ պայմանավորված համայնքներում կադրային և տեխնիկական միջոցների սակավությամբ: Այս մարզում 2016-2017թթ. մանրէաբանական շեղում է արձանագրվել 47 բնակավայրում:
Լոռու մարզի 27 համայնքներում արձանագրվել են մանրէաբանական շեղումներ, որից 22-ը՝ 2016թ.: «Խմելու ջրի նորմերին չհամապատասխանելու պատճառ կարող է հանդիսանալ խողովակաշարում ջրի 2-3 օր մնալը»,-ասում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Մարզպետարանի փոխանցմամբ՝ մարզում խմելու ջուր չունի երկու համայնք՝ Աստղաձոր և Ներքին Շորժա: Աստղաձորում անհրաժեշտ է կառուցել 15կմ երկարությամբ արտաքին ջրամատակարարման համակարգ, իսկ Ներքին Շորժայում՝ 3կմ արտաքին, 1.5կմ ներքին ցանց:
Կոտայքի մարզում 45 համայնքի սպասարկումն իրականացնում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն, իսկ 25-ինը՝ համայնքապետարանները: Ջրամատակարարման համակարգերից վարակազերծվում է միայն 45 բնակավայրերի ջուրը՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից:
Մանրէաբանական շեղումների ցուցանիշներով համեմատաբար շահեկան վիճակում է Գեղարքունիքի մարզը: 2016թ. մարզում մանրէաբանական շեղում չի հայտնաբերվել, իսկ 2017թ. արձանագրվել է 2 շեղում` Ծաղկաշեն և Լանջաղբյուր համայնքներում:
«Վեոլիա Ջուր»-ը փաստում է՝ վատ համակարգ է ստացել
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը նշեց, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն սպասարկում է 400 բնակավայր, վերջինիս կողմից չի սպասարկվում 570-ը:
Ըստ Կոմիտեի` Հայաստանի ամբողջ տարածքում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը վերանորոգելու, վերակառուցելու համար անհրաժեշտ է 700 մլն եվրո: Այդ գումարից միայն 250-300 մլն եվրոն կենտրոնացված սպասարկում չունեցող 570 բնակավայրերի ջրամատակարարման ցանցի բարելավման արժեքն է:
Նշենք, որ 2016թ. նոյեմբերի 21-ին կնքված ֆիանսիական «Վեոլիա Գրուպ» - «Վեոլիա Ջուր ՓԲԸ» - «ՀՀ ԷԵԲՊ-ի Ջրային տնտեսության պետական կոմիտե» եռակողմ վարձակալության պայմանագրով` «Վեոլիա Ջուր»-ը 2017թ. հունվարի 1-ից 15-ամյա ժամկետով ստանձնեց միասնական օպերատորի պարտականությունները: Վարձակալության պայմանագրով ընկերությունը պարտավորվել է ապահովել խմելու ջրի արտադրության և վաճառքի, կեղտաջրերի մաքրման համակարգերի կառավարումը, բնակավայրերի բաշխիչ ցանցերի արդյունավետության բարձրացումն ու զարգացումը նախկին «Հայջրմուղկոյուղի», «Երևան Ջուր», «Շիրակ-Ջրմուղկոյուղի», «Լոռի-Ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ընկերությունների կողմից սպասարկվող բնակավայրերում:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանի փոխանցմամբ` ընկերությունը 15 տարվա ընթացքում 85 մլրդ դրամի վարձակալության վճար է տալու հայկական կողմին: Բացի այդ, պետք է 37,5 մլրդ դրամի ներդրումներ կատարի սեփական միջոցներից:
«Միաժամանակ նախատեսվում է, որ հայկական կողմը համակարգի զարգացման համար պետք է 200 մլն դոլարի չափով ներդրում կատարի: Մեծածավալ աշխատանք պետք է կատարվի համակարգում, դա մենք չպետք է անենք, հայկական կողմը պետք է անի»,-ասում է Մ. Սարգսյանը:
Ընկերությունն անցյալ տարի ուսումնասիրել է ընդհանուր վիճակը, գույքագրել թերությունները և արձանագրել, որ համակարգը լավ վիճակում չի գտնվում: 2017թ. կատարել են մոտ 1,9 մլրդ դրամի ներդրում, իսկ այս տարի՝ 2 մլրդ: Անդրադառնալով ջրի որակին` Մուրադ Սարգսյանը նշեց, որ եթե ջրի որակի շեղում կա, չի նշանակում, որ մարդկանց առողջությանը վնաս են պատճառում, իսկ ովքեր այդպես են մտածում, «բարեկամաբար խորհուրդ» է տալիս գնալ այլ երկիր, օրինակ՝ Ռուսաստան, Վրաստան և նրանց ջուրը փորձել:
«Ամեն ինչ հարաբերական է, մենք ղեկավարվում ենք չափանիշով: Ամբողջ համակարգից ամեն օր վերցնում ենք փորձանմուշներ: Եթե 95%-ն ունի դրական ցուցանիշ, համարվում է, որ ապահովում ենք դրական որակ: Անցյալ տարի 97,7% արդյունք ենք ապահովել: Այն մասով, որ չենք ապահովել, եղել են թերություններ, շտապ շտկվել են»,-ասում է Մուրադ Սարգսյանը և հավելում, որ, օրինակ, Դիլիջան, Կապան քաղաքներում ջուրը գալիս է բաց աղբյուրներից, եւ անձրևներից, ձյան հալոցքից հետո ջուրը պղտորվում է: Անհրաժեշտ է կառուցել ջրի մաքրման նախնական կայաններ:
«Ժամանակին ճիշտ չեն կառուցել, չեն վերանորոգել: Չեմ ուզում փնովել, բայց դա մեր մեղքը չէ»,-ասում է Մ. Սարգսյանը և հավելում, որ հսկողությունն ուժեղացնելու նպատակով անցյալ տարի հիմնել են մարզային 7 լաբորատորիա:
Քարտեզը եւ ինֆոգրաֆիկան` Հրանտ Գալստյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել