HY RU EN

Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություններ է տվել պաշտոնյաներին առնչվող ընկերությունների նախագծերին

Բնապահպանության նախարարությունը հրապարակել է մի շարք նախագծերի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացություններ: Այդ նախագծերի մեծ մասը ներկայացրել էին պաշտոնյաներին առնչություն ունեցող ընկերություններ, և որևէ մեկը բացասական եզրակացություն չի ստացել:

ՀՔԾ աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանին պատկանող «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի նախագիծը՝ Արագածոտնի մարզի Ոսկեհատի բազալտի հանքավայրի հարավային տեղամասում իրականացնել օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրություն, դրական եզրակացություն է ստացել: 

Ոսկեհատի բազալտի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը պաշտոնյայի ընկերությունը ձեռք է բերել մեկ տարի առաջ: Այդ իրավունքը վավեր է մինչև 2067 թվականը: Այժմ Դավիթ Սուքիասյանը մտադիր է ընդլայնել հանքավայրը, ինչի համար նախատեսում է ավելի քան 9 հա տարածք ուսումնասիրել հանքավայրի հարավային տեղամասում՝ հորատանցքեր բացելով ու նմուշարկում կատարելով:

Դրական եզրակացություն է ստացել նաև «Տաշիր գրուպ»-ի հիմնադիր Սամվել Կարապետյանի ընտանիքին առնչվող ընկերությունը՝ ՀՀ երկրորդ պայմանական տարածքում նավթի և գազի որոնողահետախուզական աշխատանքներ իրականացնելու նախագիծը: «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ի հայտը վերաբերում էր երևանամերձ տարածքներին: 

Արդեն նախկին նախագահի օգնական Ավետիս Բերբերյանի մոր անվամբ գրանցված ընկերության՝ Արզնիում գարեջրի գործարանի և ռեստորան կառուցելու նախագիծը ևս դրական եզրակացություն ստացծների մեջ է: Ավելին, այս նախագծին որևէ պայման չի առաջադրվել:

ԲՆ-ն եզրակացրել է, որ նախատեսվող գործունեության հիմնական ազդեցությունը պայմանավորված է շինարարության փուլով, ինչը չունի զգալի ազդեցություն և կրում է ժամանակավոր բնույթ:

Դրական եզրակացություն է ստացել Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի դստեր՝ Հայկուհի Անդրեասյանի մասնակցությամբ ընկերության հայտը: Հիշեցնենք՝ «Ռաուռ» ՍՊԸ-ն կավային ապարների երևակման տարածքում ուսումնասիրություններ է իրականացնելու և կավի հանքավայրի շահագործման հեռանկարներ ունի:

Ոսկու որոնման նախագծերից ևս դրական եզրակացություններ են տրվել:  Դրական է գնահատվել Խդեբանցի ոսկու երևակման տարածքում հետախուզական աշխատանքներ իրականացնելու «Նիգ Մայնինգ» ՍՊԸ-ի նախագծին
Հիշեցնենք՝ Խդեբանցի հանքերևակման դաշտի երկրաբանական ուսումնասիրությունների համար հայցվող տարածքը հարավում սահմանակից է «Արևիկ» ազգային պարկին: 



Փորձաքննության եզրակացության մեջ ընկերությանը հետևյալ պայմանն է առաջադրվել. նախատեսվող գործունեության ընթացքում արգելվում են ծառահատումները, և հետախուզական աշխատանքները պետք է իրականացնել բացառապես անտառազուրկ տարածքներում:

Բացի դրանից, երկրաբանական ուսումնասիորւթյան համար հայցվող տեղամասին հարակից հատուկ պահպանվող, բնական և պատմամշակութային հուշարձանների տարածքում, ինչպես նաև պահպանման գոտիներում բացառվում է ցանկացած աշխատանքների իրականացումը:

Կապանի հարթակի տարածքում երկրաբանական աշխատանքներ իրականացնելու «Պոլիարմ» ՍՊԸ-ի նախագծին ևս դրական եզրակացություն է տրվել: «Պոլիարմ» ընկերությունը Polymetal International-ի դուստրերից է: Պատրաստվում է 295 քկմ-ի տարածքում ոսկու, արծաթի, պղնձի, կապարի և ցինկի հեռանկարային հանքայնացումներ հայտնաբերել ու գնահատել դրանք: