
Նիկոլ Փաշինյանը թռուցիկներ է նետում զրահապատ ավտոշարասյան ուղղությամբ. շարժման 13-րդ օրն է
Այսօր՝ ապրիլի 12-ին, «Իմ քայլը» շարժման 13-րդ օրն է: Շարժման անդամները Աբովյան քաղաքից քայլում են Երևանի Ազատության հրապարակ:
«Մենք մուտք ենք գործել մեր քայլարշավի վերջին 20 կմ-ը, շուտով կհասնենք Պտղնի, այսօր մենք ճամբար ենք խփելու Պտղնիում, և Երևան ենք մտնելու վաղը, մոտավորապես կեսօրին Հյուսիսային ավտոկայանի դիմաց հավաքվելու են մարդիկ, ովքեր ուզում են մեզ դիմավորել ու մեզ հետ քայլել մինչև Ազատության հրապաակ, իսկ 18:30-ին Ազատության հրապարակում մեկնարկելու է հանրահավաք՝ հանուն քաղաքացու հաղթանակի և ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի»,-ֆեյսբուքյան տեսանյութով հայտարարեց «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ավագանու անդամ Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ տեղյակ է՝ ԵՊՀ տարածքում դասադուլ գրությամբ ներկված հեշթեգեր են տարածվել:
«Ողջունում եմ եմ ուսանողությանը՝ իրենց քաղաքացիական կեցվածքի համար, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կոչ անում եմ անում դասադուլ հայտարարել և միանալ այս պրոցեսին, որովհետև իրենք շատ հստակ պետք է դիրքորոշում հայտնեն, թե ում են ցանկանում տեսնել իրենց երկրի ղեկավարի պաշտոնում և կանխեն այն մարդու առաջխաղացումը, որ վերջին տասը տարիներին տոտալ ձախողվել է բոլոր ոլորտներում»,-ասաց Հարությունյանը:
Նիկոլ Փաշինյանը հրապարակել է տեսանյութ, որում զրահապատ մեքենաների ավտոշարասյուն է անցնում և Փաշինյանը մեքենաների ուղղությամբ նետում է «մերժիր սերժիր» գրությամբ թռուցիկներ:
«Չգիտեմ՝ ով էր անցնողը, բայց Սերժ Սարգսյանի խոսքերը ճպցրինք ճակատին»,-ասաց նա:
«Մենք գտնվում ենք մեր շարժման նախավերջին ճամբարում, Երևանից ընդամենը 16 կմ հեռավորության վրա ենք, և այսօրվա քայլարշավը սկսում ենք ավանդական ծառատունկով, տնկում ենք քաղաքացու ծառը, որի հաղթանակն այս արշավի ամենակարևոր առաքելությունն է»,-ծառատունկի ժամանակ ասաց Փաշինյանը: Ապա թվարկելով հանրապետության բոլոր համայնքների անունները՝ ուղերձով դիմեց հանրությանը՝ կոչ անելով մասնակցել Ազատության հրապարակի հանրահավաքներին և կանխել Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարումը:
Փաշինյանը նաև լուսանկարներ է հրապարակել.
Հիշեցնենք, որ քայլերթը մեկնարկել է մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից: Քայլերթի անդամները քայլելով 130 կմ պետք է ապրիլի 13-ին՝ 18:30-ին լինեն Ազատության հրապարակում, որտեղ սպասվում են շուրջօրյա հանրահավաքներ:
Ինչպես ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ իրենց գործողությունների պլանում տուն գնալ չկա:
Մեկնաբանել