
«Տելեգրամը» Ռուսաստանում կարգելափակվի. Դուռովը խոստանում է շրջանցել սահմանափակումները
Մոսկվայի Տագանի շրջանի դատարանը բավարարել է Роскомнадзор-ի (Ռուսաստանի կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցումների ոլորտում վերահսկման դաշնային ծառայություն) հայցը և Ռուսաստանի Դաշնության տարածքում «Տելեգրամ» մեսինջերը արգելափակելու որոշում է կայացրել, որը ենթակա է «անհապաղ կատարման»: «Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուռովը հայտարարել է, որ մեսինջերը նոր մեթոդներ կմշակի սահմանափակումները շրջանցելու համար:
«Տելեգրամը» ինտերնետում տեղեկության տարածման միջոց է, այդ պատճառով պարտավոր է Անվանգության դաշնային ծառայությանը (ФСБ) անհրաժեշտ տվյալներ ներկայացնել օգտատերերի հաղորդագրությունների վերծանման համար: «Տելեգրամը» հրաժարվել է տրամադրել այդ տվյալները, ինչն էլ դատարանի կողմից մեսինջերի արգելափակման պատճառ է հանդիսացել:
«Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուռովը Вконтаке-ի իր էջում գրել է, որ իրենք միջոցներ կկիրառեն արգելափակումները շրջանցելու համար, որոնք օգտատերերի կողմից լրացուցիչ քայլեր չեն պահանջի, սակայն ծառայության հասանելիությունը առանց VPN-ի (Virtual Private Network) 100 տոկոսով երաշխավորված չէ:
Դուռովը նաև հայտնել է, որ արգելափակման առաջին ժամերին VPN/Proxy-ի ծառայությունը կծանրաբեռնվի և մեսինջերը, ամենայն հավանականությամբ, դանդաղ կաշխատի, սակայն գործարարը միևնույն ժամանակ ընդգծել է, որ չնայած արգելափակումներին «Տելեգրամ»-ը կկարողանա ռուսաստանցի օգտատերերին կենտրոնացված ձևով տեղեկացնել իրադարձությունների զարգացման մասին:
Դուռովը կոչ է արել նաև մեսինջերի օգտատերերին չհեռացնել հավելվածը հեռախոսներից, եթե կապի հետ խնդիրներ առաջանան:
Роскомнадзор-ը դեռևս չի սկսել արգելափակել մեսինջերը, սակայն խոստացել է «Տելեգրամի» արգելափակման տեխնիկական աշխատանքները «անթերի կատարել», հայտնում է Ведомости-ն:
Տարբեր տվյալներով՝ Ռուսաստանի տարածքում «Տելեգրամ»-ից օգտվողների քանակը հասնում է 12-15 միլիոնի:
Լուսանկարը՝ Reuters-ի
Մեկնաբանել