HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կապանի օդանավակայանի շենքն ուրվագծվում է. նոր ինքնաթիռը կրում է Համո Սահյանի անունը

Վահե Սարուխանյան

Կապանում շարունակվում են օդանավակայանի վերակառուցման աշխատանքները: Ոչ ամբողջությամբ փոխվում է թռիչքուղու ասֆալտապատ ծածկը, ավելի կոնկրետ՝ ուղղվում են փոսերն ու անհարթությունները, ընթացքում է նաեւ օդանավակայանի շենքի շինարարությունը:

Հիշեցնենք, որ Կապան համայնքին պատկանող օդանավակայանը 2017-ի սեպտեմբերին 25 տարով անհատույց կոնցեսիոն կառավարման է հանձնվել ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ին, որը հիմնադրվել է Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամի կողմից անցյալ տարվա մայիսին: Օդանավակայանը հենց այդպես էլ կոչվելու է՝ «Սյունիք», չնայած մարզում այդպիսի կառույցներ ունեն նաեւ Սիսիանը, Գորիսը, Մեղրին:

Ուղեւորային համալիրի էսքիզները նախկինում ներկայացրել էինք, սակայն օրերս տեղում արված լուսանկարները առավել լավ պատկերացում կարող են տալ շինության մասին:

Հիշեցնենք, որ թեւերի մասում կառույցը լինելու է միահարկ (բարձրությունը՝ 5,2 մ), իսկ կենտրոնական հատվածում՝ երկհարկանի (9,8 մ): Առաջին հարկում լինելու են սպասասրահը, հաշվառման ու հսկման տարածքները, մեկնման ու ժամանման սպասասրահները, բեռների մշակման ու սննդի կազմակերպման տարածքները, բեռների եւ փոստի պահեստը, նաեւ աշխատասենյակներ, ոստիկանություն, մոր եւ մանկան սենյակ, բուժկետ, սանհանգույց: Երկրորդ հարկում լինելու են աշխատասենյակներ, հանգստի սենյակ: Երկրորդ հարկից նախատեսվում է մուտք դեպի դիտման տարածք, որը թռիչքուղու տեսանելիությունն ապահովելու նպատակով տեղակայված է համալիրի ամենաբարձր հատվածում:

Կառուցվող նոր ուղեւորային համալիրը՝ Կապան-Երեւան մայրուղու ներքեւում, եւ հին համալիրը՝ դրանից ավելի բարձր նիշի վրա (ծառերի հետեւում)

Օժանդակ ծառայությունների համար համալիրի հարեւանությամբ նախագծված է նկուղ, որի վրա տեղադրվելու են էլեկտրական ենթակայանը եւ դիզել ագրեգատը:   

Աեորդրոմի ինժեներ Գեւորգ (Գագիկ) Ղազարյանն անցյալ տարի մեզ հետ զրույցում հայտնել էր, որ համալիրը ժամում կարող է սպասարկել մինչեւ 100 ուղեւորի: Այդուհանդերձ, ամբողջական ծանրաբեռնվածությամբ շենքը դժվար թե աշխատի: Գոնե առաջիկայում այդպես է լինելու, քանի որ կոնցեսիոների տվյալներով՝ օրական իրականացվելու է 2 չվերթ՝ 35-50 ուղեւորի ներգրավմամբ: Սա՝ առավելագույնը: Մյուս կողմից՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ նախատեսվում է Կապան-Երեւան-Կապան կանոնավոր չվերթները կատարել երկու օրը մեկ: Օդանավակայանի շահագործման համար գնված առաջին ու դեռեւս միակ ինքնաթիռն էլ նախատեսված է 19 ուղեւորի համար:

Այս ինքնաթիռի մասին հոդվածում գրել էինք, որ այն նախկինում շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել: Ամսի 10-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնվել են նոր գույներով ներկված օդանավի առաջին լուսանկարները:

Առայժմ OK-JPP չեխական գրանցումով ինքնաթիռի վրա նշված է նաեւ դրա շահագործողի անունը՝ «Atlantis Armenian Airlines», չնայած որ այս օպերատորի իրական անունը (պետական գրանցումն այսպիսին է) «Atlantis European Airways» է: Լուսանկարներն արված են Չեխիայի Կունովիցե քաղաքի օդանավակայանում, որն օգտագործվում է «L-410» օդանավերի արտադրող «Aircraft Industries» ընկերության կողմից:

Կարելի է տեսնել, որ ինքնաթիռն անվանակոչվել է մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի անունով, ով սյունեցի է (Սիսիանի Լոր գյուղից): Օդանավի պոչին պատկերված են ՀՀ եռագույնն ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) լոգոն, որն այս «L-410»-ի նոր սեփականատերն է:        

«Յակ-40» օդանավի թռիչքն ու վայրէջքը Կապանում

Հասկանալի է, որ պահանջարկից է կախված լինելու չվերթների հաճախականությունն ու, ընդհանրապես, օդանավակայանի ծրագրի հաջողությունը: Չնայած 1972-ին բացված ու 1990-ականներից չգործող օդանավակայանի վերաշահագործումը ցանկացած դեպքում պետք է լավ լուր համարել, որովհետեւ ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքում կարեւոր ենթակառուցվածք է վերակենդանանում, այդուհանդերձ, ամեն ինչ ունի իր գինը, այսինքն՝ վերակառուցման ու օդանավի գնման ծրագրի համար ներդրված միջոցները ենթադրում են վերադարձ ստացված եկամտի տեսքով:

Հին ուղեւորային համալիրը եւ թռիչքուղուն կից շինությունները (վերջինները վաղուց չկան)

Ինչպես նշել ենք, ուղեւորափոխադրումների հիմնական թիրախը, ամենայն հավանականությամբ, լինելու են հանքարդյունաբերական ընկերությունների ղեկավար ներկայացուցիչները, արտասահմանցի ու տեղացի տուրիստները: Բնականաբար, ինչ-որ տոկոս կկազմեն նաեւ տեղի բնակիչները: Գուցե Սյունիք գործուղվող պաշտոնյաները նույնպես նախընտրեն օդային երթեւեկությունը, չնայած դա առաջին հերթին պիտի կախված լինի պետբյուջեի ծախսերից, թե չէ բոլորն էլ կուզեն 4-5 ժամի փոխարեն Կապան հասնել 40 րոպեում՝ իրենց անձնական գրպանին նեղություն չտալով:

Թռիչքի սպասումով

Հիշեցնենք, որ նախնական գնահատմամբ մեկկողմանի տոմսն արժենալու է մոտ 20.000 դրամ (կապանցիները հիշում են, որ խորհրդային տարիներին դեպի Երեւան թռչում էին 7 ռուբլով): Իր հերթին Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել սուբսիդավորել առողջության նկատառումներով մայրաքաղաք շտապ տեղափոխվելու անհրաժեշտություն ունեցող ուղեւորների ճանապարհածախսը: Նախատեսվում են նաեւ հատուկ սակագներ ուսանողների համար: 

Արխիվային կադրերը վերցված են Ներսես Հովհաննիսյանի «Թռիչքը սկսվում է երկրից» ֆիլմից (1980 թ.), որը նկարահանվել է Կապանի օդանավակայանում: Ֆիլմում այն կոչվում է Սանամերի (հորինված անուն է) օդանավակայան: 2 մասից բաղկացած ֆիլմի ամբողջական տարբերակը կարող եք դիտել հետեւյալ հղմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter