HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Ինձ չեն խաբում. դու ոչ առաջինն ես, ոչ վերջինը». կաշառքի գործով ամբաստանյալ փաստաբանը՝ կաշառք տալու մեջ մեղադրվողին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում փաստաբան Գայանե Գալոյանի, քննիչ Միքայել Զադոյանի և քաղաքացի Բաբկեն Գասպարյանի վերաբերյալ կաշառքի գործի քննության շրջանակներում այսօր հետազոտվեցին օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում արված տեսագրություններ:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ քաղաքացի Բաբկեն Գասապարյանը Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով անցնող որդու՝ Սոս Գասպարյանի օգտին գործողություններ կատարելու դիմաց քննիչ Միքայել Զադոյանին և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ տվել է առանձնապես խոշոր չափի կաշառք: Ըստ գործի նյութերի՝ Սոս Գասպարյանին վերագրված 112-րդ հոդվածով նախատեսված արարքը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր հարված հասցնելը, պետք է վերաորակվեր քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի՝ անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանազանցման:

Ըստ գործի նյութերի՝ ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանը քննիչ Միքայել Զադոյանին առաջարկել է 3000 ԱՄՆ դալար կաշառք, քննիչն ընդունել է առաջարկը, ապա վերջինս և քննչականի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը Բաբկեն Գասպարյանի հետ կաշառքի շուրջ համաձայնության գալով՝ նրան ուղարկել են փաստաբան Գայանե Գալոյանի մոտ, ով ստացել և քննիչին ու քննչականի պետի տեղակալին է փոխանցել 3000 ԱՄՆ դոլար կաշառքը:

Սոս Գասպարյանին վերագրվող արարքը, սակայն, չի վերաորակվել, և Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով ուղարկվել է դատարան:

Նշենք, որ կաշառքի վերաբերյալ գործի շրջանակներում Սոս Գասպարյանը դատարանում ցուցմունք է տվել և հայտնել, որ ինքն ու եղբայրը երեկոյան տուն գնալիս են եղել, երբ անհայտ անձինք հարձակվել են իրենց վրա, ու ինքը ստիպված է եղել ինքնապաշտպանվելու համար դանակով հարվածել:

Այն բանից հետո, երբ նման պայմաններում Սոս Գասպարյանի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվել ոչ թե անհրաժեշտ ինքնապաշտպանության, այլ դիտավորությամբ  ծանր վնաս հասցնլու հոդվածով, Բաբկեն Գասպարյանը դիմել է Ազգային Անվտանգության ծառայությանը՝ հայտնելով կաշառքի գործի մասին: Ապա ԱԱԾ-ն Գասպարյանի օժանդակությամբ օպերատիվ հետախուզական միջոցառում է իրականացնել:

Դատարանում այդօր հետազոտվեց Փաստաբան Գայանե Գալոյանի աշխատասենյակում, դրա հարակից տարածում և Էրեբունու քննչական բաժնում արված տեսանյութերը: Դրանք տեսանկարահանվել են Բաբկեն Գասպարյանին ամրակցված տեսանկարահանող գաղտնի սարքի միջոցով:

Տեսանյութերից մեկում Բաբկեն Գասպարյանն այցելում է Գայանե Գալոյանի աշխատասենյակ և փաստաբանից հետաքրքրվում, թե ինչո՞ւ որդու` Սոս Գասպարյանի գործը չստացվեց այնպես, ինչպես ակնկալվում էր, և Գայանե Գալոյանը գործի չստացվելու մեջ մեղադրում է Բաբկեն Գասպարյանին:

«Ինձ ասում են՝ Գայանե, դու իրենց պաշտպանն ես, բայց այլ մարդ գնացել, միջնորդել է, որ դատարանում 3 տարի տան»,- Բաբկեն Գասպարյանին ասում է Գայանե Գալոյանը: Տեսագրության այլ հատվածներից պարզ է դառնում, որ, ըստ Գայանե Գալոյանի, Բաբկեն Գասպարյանը կամ նրա կողմից որևէ անձ դիմել է Դատախազություն, որը վերահսկողություն է իրականացնում Էրեբունի քննչական բաժնում քննվող գործի նկատմամբ, որպեսզի որդու համար մեղմ՝  երեք տարի ժամկետով պատիժ պահանջվի:

Բաբկեն Գասպարյանը, սակայն, հերքում է, թե ինքը դիմել է որևէ մեկին, ինչին Գալոյանը չի հավատում, և շարունակելով մեղադրել Գասպարյանին՝ ասում է, որ վերջինս շատ մարդու մոտ է խոսել գործի մասին:

Գասպարյանը շարունակ պնդում է, որ ինքը որևէ մեկին չի դիմել, և Գայանե Գալոյանի մոտ կասկած հայտնում, թե արդյոք հնարավոր չէ, որ իրենց խաբել են:

«Ինձ չեն խաբել, դու ոչ առաջինն ես, ոչ՝ վերջինը, կամ սա ի՞նչ գործ է, որ խաբեին»,-Գասպարյանին դիմելով ասում է Գայանե Գալոյանը:

Բաբկեն Գասպարյանը հետաքրքրվում է, թե արդյոք հնարավոր չէ՞ տեսնել քննիչ Միքայել Զադոյանին ու անձամբ խոսել հետը, ինչին ի պատասխան Գայանե Գալոյանը պատասխանում է, որ այժմ Սոս Գասպարյանին որևէ կերպ օգնելու միակ տարբերակը նրա հետ վիճաբանած անձի հետ խոսելն է. ըստ Գալոյանի՝ միայն այն դեպքում ինչ-որ բան կփոխվի, եթե Գասպարյանի հետ վիճաբանած անձը խոստավանի, որ առաջինն ինքն է հարվածել Սոսին: Գալոյանը նշում է նաև, որ այժմ անիմաստ է Զադոյանին տեսնել, որովհետև Էրեբունու քննչականի պետը փոխվել է:

Նշենք, որ, ըստ մեղադրանքի՝ կաշառք վերցնելու պահին Էրեբունու քննչական բաժնի պետը եղել է Էդուարդ Սիրականյանը, սակայն այս դեպքի բացահայտումից հետո պետի պաշտոնից ազատվել է:

Վերը նշված խոսակցություններից հետո Գայանե Գալոյանը Բաբկեն Գասպարյանին և մեկ այլ վստահորդի թողնելով իր աշխատասենյակում՝ դուրս է գալիս, և տևական ժամանակ անց վերադառնալով՝ Գասպարյանին ասում.

«Ասաց՝ անհատական չեմ կարա ընդունեմ, ղարաբաղցի են, վտանգավոր ա, նիստից առաջ թող զանգեն նախապես, գնամ էնտեղ, իբր պատահական հանդիպեմ, ասեմ, օգնեմ, բայց անհատական չեմ կարա»:

Գալոյանը որևէ անուն չի տալիս, և միայն կարելի է ենթադրել, որ խոսքը կարող է լինել քննիչ Միքայել Զադոյանի մասին, քանի որ Բաբկեն Գասպարյանը ցանկանում էր հանդիպել ու խոսել Զադոյանի հետ:

Հաջորդ օրը Գասպարյանը դարձյալ գալիս է Գալոյանի աշխատասենյակ, և նույնաբովանդակ խոսակցություններից հետո հարցնում, որ եթե ինչ- որ բան չէր փոխվելու, ապա ինչո՞ւ են տվել 3000 դոլարը, ինչին ի պատասխան Գայանե Գալոյանն ասում է, որ գումարը տվել են, որպեսզի Սոս Գասպարյանի մյուս որդին ևս չկալանավորվի:

Այնուհետև տեսանյութում երևում է, որ Բաբկեն Գասպարյանը Գայանե Գալոյանի աշխատասենյակից դուրս է գալիս ու քայլերն ուղղում դեպի էրեբունու քննչական բաժին: Այս ընթացքում Գասպարյանը ցուցումներ է ստանում օպերատիվ հետախուզական միջոցառումը իրականացնող մարմնից, մի քանի անգամ փորձում է հանդիպել քննիչ Միքայել Զադոյանին, սակայն վերջինս տեղում չի լինում:

Այսօր վերը նշված տեսանյութը ամբողջությամբ չհետազոտվեց դատարանում աշխատանքային օրվա ավարտի կապակցությամբ: Հաջորդ՝ ապրիլի 23-ի դատական նիստին դատարանը կշարունակի հետազոտել կիսատ մնացած տեսանյութը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter