
Ուֆայի ռեստորաններից մեկի դիտահորում 5 հայ է զոհվել. նոր մանրամասներ
Նախնական տվյալներով՝ ապրիլի 13-ին Ռուսաստանի Ուֆա քաղաքի «Պրիստան» ռեստորանի դիտահորում մահացած հինգ հայերը թունավորվել են ածխաթթու գազից, այս մասին հաղորդում է «Вся Уфа» հեռուստաընկերությունը:
«Հետք»-ը պարզել է, որ «Պրիստան» ռեստորանի տնօրենը ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի Գագիկ Ռաֆիկի Գրիգորյանն է, իսկ դիտահորում մահացածներից մեկը՝ Ռաֆիկ Գագիկի Գրիգորյանը (1989 թ., ՌԴ քաղաքացի), նրա որդին է:
Մյուս 4 մահացածները՝ ՀՀ քաղաքացիներ Կամո Գերասիմի Պետրոսյանը (1983 թ.), Մերուժան Սերգեյի Աֆանիկովը (1962 թ.), Սուրիկ Ժորայի Աֆանիկովը (1981 թ.) և Ռոբերտ Գուրգենի Հակոբյանը (1962 թ.) Վանաձորից էին, իսկ վերակենդանացման բաժանմունքում գտնվող Ռուստամ Ռոբերտի Մելքոնյանը (1973 թ.)՝ Եղվարդից:
ՌԴ քննչական կոմիտեի Բաշկորտոստանի քննչական վարչության հաղորդագրության համաձայն՝ աշխատակիցներից մեկը իջել է դիտահորի մեջ, որպեսզի միացնի ջրամատակարարումը, սակայն մի քանի րոպե անց նա կորցրել է գիտակցությունը, իսկ նրան օգնության շտապածները նույնպես կորցրել են գիտակցությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները դիտահորից հանել են 4 մարդկանց մարմինները, իսկ երկուսը հոսպիտալացվել են Ուֆայի հիվանդանոցներից մեկում, սակայն նրանցից մեկը նույնպես մահացել է: Միակ փրկվածը այժմ վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հաղորդվում է, որ մահացածները եղել են առանց պաշտպանիչ դիմակների և համապատասխան հանդերձանքի:
«Вся Уфа»-ի պատրաստած ռեպորտաժում նշվում է նաև Անի Պետրոսյանի մասին, ով երկու տարի առաջ երեք երեխաների, ամուսնու և հոր հետ եկել է Ուֆա` աշխատելու: Միջադեպի հետևանքով նա կորցրել է ամուսնուն և հորը, ովքեր այդ օրը «Պրիստան» ռեստորանում նույն հերթափոխում են գտնվել:
Դեպքի առթիվ Ռուսաստանի քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Մեկնաբանել