
Ցուցարարները «բացեցին» ԵՊՀ-ի փակ դռները
Նարեկ Ալեքսանյան
«Իմ քայլը» նախաձեռնության և նրանց միացած «ՄերժիրՍերժին» նախաձեռնության անդամները երթով գնացել էին Երևանի Պետական Համալսարան, որպեսզի հանդիպեն ռեկտոր Արամ Սիմոնյանին, սակայն կենտրոնական մասնաշենքի դռները համալսարանի անվտանգության աշխատակիցները փակել էին, պատճառաբանելով, որ հավաքված ամբոխը կարող է խաթարել դասապրոցեսը։ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն մուտքի դուռը հսկող անվտանգության աշխատակցին հակադարձեց՝ թե հավաքվածները քաղաքացիներ են, ոչ թե ամբոխ, և որ ինքը ցանկանում է թեկուզ մենակով, բայց հանդիպել ռեկտորին։ Երբ ԵՊՀ-ի դռները բացվեցին պատգամավորի համար, նրա հետևից ցուցարարները ներխուժեցին շենք։ Քաղաքացիներն այդպես էլ չկարողացան հանդիպել ռեկտոր Սիմոնյանին, որովհետև նրա աշխատասենյակի դուռը փակ էր։ ԵՊՀ-ից դուրս գալով երթը շարունակվեց դեպի Ազատության հրապարակ։
Մեկնաբանել