HY RU EN

Սեդա Ղուկասյան

Ֆրանսիայի հրապարակ օր առաջին. գիշերը միջադեպ է գրանցվել

«Իմ քայլը» շարժման մի քանի տասնյակ անդամ և համակիր գիշերել են Ֆրանսիայի հրապարակում: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Կարապետ Ռուբինյանը, գիշերը մի քանի հարբած անձինք փորձել են վիճաբանություն հրահրել՝ հայհոյանքներ են հղել շարժման անդամներին: Վիճաբանությունից հետո այդ անձինք հեռացել են:
Տեղեկացնենք, որ այստեղ էր նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա մի քանի րոպե զրուցեց Նիկոլ Փաշինյանի հետ և հեռացավ, Փաշինյանից հետաքրքրվեցինք՝ պայմանավորվածություն ձեռք բերեցի՞ն, Հովհաննիսյանը նորի՞ց է գալու հրապարակ, Փաշինյանը դրական պատասխան տվեց: Փաշինյանը հայտարարեց, որ այսօր 14.00-ին հանրահավաք է սպասվում, իսկ 16.30-ին` ավտոերթ դեպի Ծաղկաձոր, որտեղ էլ ըստ մամուլի հրապարակումների, լինելու է ՀՀԿ խորհրդի նիստը:
Խորհրդի նիստում էլ պաշտոնապես առաջադրվելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Հիշեցնենք, որ երեկ հայտարարվեց ՀՀԿ շենքը շրջափակելու մասին, ինչից հետո մամուլում լուրեր հայտնվեցին նիստի վայրի տեղափոխման մասին:
«Երեկվա մեր հայտարարությունից հետո ՀՀԿ խորհուրդը արտագաղթել ա, էսօր հզոր ավտոերթ պետք է լինի դեպի Ծաղկաձոր, կոչ ենք անում բոլոր վարորդներին միանալ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ 16:30 Հարսնաքարի դիմացից մեքենաները շարժվում են Ծաղկաձոր: Ավտոերթին զուգահեռ Երևանում իրադարձություններ են լինելու: