HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Դանիելյան

Քննադատության փուլն արդեն անցել է, սկսվել է «պիտակավորման» փուլը

Ամերիկյան «Ֆրիդոմ Հաուս» (Freedom House) կազմակերպությունը հրապարակել է  «Անցումային փուլում գտնվող երկրներ 2018» զեկույցը, որտեղ ուշագրավ որակումներ կան Հայաստանի իշխանության, ձևավորվող նոր համակարգի և անձամբ Սերժ Սարգսյանի մասին։

Մինչև զեկույցին անցնելը կարևոր է հասկանալ, թե ինչ կազմակերպություն է «Ֆրիդոմ Հաուս»-ը, և թե նրա գնահատականներն ինչ ազդեցություն կարող են ունենալ։

«Ֆրիդոմ Հաուս»-ը ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող կազմակերպություն է, որը ստեղծել է Էլեոնորա Ռուզվելտը՝ ԱՄՆ 32-րդ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի կինը և ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի զարմուհին։ Էլեոնորա Ռուզվելտը մեծ դեր է կատարել ՄԱԿ-ի ու 1945-ից հետո նոր աշխարհակարգի ստեղծման գործում։ Նա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի վրա աշխատող հանձնաժողովի նախագահն է եղել։

«Ֆրիդոմ Հաուս»-ի աշխատակազմում ներգրավվում են ամերիկյան քաղաքական էլիտայի ազդեցիկ դեմքերը։ Հայաստանի մասին վերջին զեկույցը պատրաստած կազմակերպության ղեկավար կազմն է:

Դեվիդ Կրամեր՝ աշխատել է գերմանական Մարշալի ֆոնդում և ԱՄՆ պետդեպում, Քենեթ Ադելման՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ, Դիանա Նեգրոպոնտե՝ 2005-2007թթ. ԱՄՆ հետախուզական ծառայության ղեկավար Ջոն Նեգրոպոնտեի կինը, Քենեթ Ջասթեր՝ Պետդեպի նախկին բարձրաստիճան պաշտոնյա, Ալբերտո Մորա՝ նախագահական վարչակազմի նախկին բարձրաստիճան պաշտոնյա։

Ինչպես տեսնում ենք, կազմակերպության ղեկավար կազմում պրոֆեսիոնալ իրավապաշտպաններ չկան։

Զեկույցների վրա աշխատում են ազդեցիկ փորձագետներ, իսկ հաշվի առնելով այն, որ Միացյալ Նահանգները գաղափարականացված տերություն է, ապա այդ զեկույցները պետք է համարել քաղաքական գնահատականներ, որոնք դրվում են ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմքում։ Հատկապես կարևոր է, որ այդ կազմակերպության վրա մեծ ազդեցություն ունի ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչությունը։

Այժմ անցնենք զեկույցի հայաստանյան հատվածին։ Ինչ ուղերձ էր այն պարունակում, և ինչպես դրան անդրադարձավ Հայաստանի իշխանությունն՝ ի դեմս Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի։

Հայաստանի կառավարման համակարգի հիմնական գնահատականն է. «Հայաստանը որակվել է կիսակոնսոլիդացված ավտորիտար պետություն, որը փորձում է քողարկել ավտորիտարիզմը, սահմանափակ հարգանք է տածում ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ և անգամ նվազագույն չափով չի համապատասխանում ընտրությունների վրա հիմնված ժողովրդավարության չափանիշներին»։

Ըստ էության, ասվում է, որ Հայաստանում չի գործում ընտրական համակարգը, անգամ «նվազագույն» կերպով։ Կառավարման համակարգը որակվում է որպես «ավտորիտար», այսինքն` կառավարման հիմքում դրված է Սերժ Սարգսյանի հեղինակությունը, որի շուրջը կոնսոլիդացվել է իշխող համակարգը։ Ավելի գեղարվեստական եղանակով այդ միտքը արտահայտել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որ կուսակցությունը համեմատել է ընտանիքի հետ, Սերժ Սարգսյանին անվանել է «ընտանիքի հայր», իսկ իրեն՝ Սերժ Սարգսյանի զինվոր։ Դա դասական ավտորիտար համակարգի նկարագրություն է։

Հիշեցնենք, որ ավտորիտար համակարգերը չեն միջամտում անձի մասնավոր կյանքին այնքան ժամանակ, քանի դեռ անձը չի փորձում միջամտել իշխանության գործերին։

Զեկույցում մարդու իրավունքների խախտման դեպքերն անմիջականորեն կապված են քաղաքացիների` քաղաքական գործունեության հանդեպ ակտիվություն ցուցաբերելու հետ։

«Ի տարբերություն նախորդ զեկույցների, այս անգամ հատուկ ուշադրության է արժանացել հատկապես Սերժ Սարգսյանի իշխանավարության հնարավոր երկարաձգումը: Ըստ այդմ, Հայաստանը դասվել է այն երկրների շարքում, որտեղ գլխավոր քաղաքական գործիչը կառավարում է կա՛մ կուլիսներից, կա՛մ ունի չգրված իշխանություն, որը էապես գերազանցում է օրենքով նրան տրված լիազորությունները»։

Կուլիսներից կառավարումը, կամ «չգրված իշխանության» մասին պնդումները նշանակում են, որ Հայաստանում իշխանությունն իրականացվում է ոչ սահմանադրական եղանակներով` չգրված օրենքներով ու ներկլանային պայմանավորվածությունների հիման վրա։ Դա նոր սահմանադրության ու կառավարմոն «նոր մոդելի» մասին քաղաքական գնահատական է։

Հիմա փորձենք հասկանալ, թե իշխանությունը ինչպես անդրադարձավ այդ զեկույցին։

Դավիթ Հարությունյանի արձագանքից դատելով` կարող ենք եզրակացնել, որ որևէ քաղաքական գնահատական զեկույցի մասին իշխանությունը չունի. «Խոսվում է «Սասնա ծռերի» մասին, բայց ուսումնասիրեք և տեսեք, թե մի տեղ հիշատակվո՞ւմ է արդյոք, որ «Սասնա ծռերն» իրականացրել է զինված հարձակում: Գոնե մի տեղ, ինձ դա չհաջողվեց գտնել: Ցավով պետք է նշեմ, որ առաջին զեկույցն է Freedom House-ի, որն արմատապես շեղվել է այն դասական մեթոդաբանությունից, որ կիրառում էին»։

Սակայն, զեկույցի հիմնական իմաստը պարոն Հարությունյանը, կարծես թե, ճիշտ է ընկալել. «Որպես կանոն, այո, քննադատություն եղել է, բայց երբևէ ոչ պիտակավորում: Սա այն զեկույցն է, որտեղ առկա են նաև պիտակներ: Ես կարող եմ հասկանալ, որ միջազգային կառույցները կարող են լինել որոշ չափով անգաժավորված, սակայն ոչ այս աստիճանի, որն արժեզրկում է ընդհանրապես նման զեկույցի առկայությունը»։

Ակնհայտորեն, խոսքը «կիսակոնսոլիդացված ավտորիտար պետություն» պիտակի մասին է։ Քննադատության փուլը, կարծես թե, արդեն անցել է, այժմ սկսվել է «պիտակավորման» փուլը, և դա նոր երևույթ է, ինչն, իրոք, պետք է մտահոգի գործող համակարգին և, անկասկած, պետք է համաձայնել Սերժ Սարգսյանի այն մտքին, որ միևնույն մարդն իր կյանքի ընթացքում երկու ժամկետից ավել չպետք է ղեկավարի երկիրը։

«Ֆրիդոմ Հաուսը» ԱՄՆ պետդեպի ոչ պաշտոնական տեսակետները արտահայտող կազմակերպություն է, և այն չպետք է ընկալել որպես սովորական իրավապաշտպանական կազմակերպություն, կամ Մարդու իրավունքների դատարանի վճիռ, դա առաջին հերթին քաղաքական գնահատական է, սակայն` կազմված մարդու իրավունքների համատեքստում: Այդ առումով Դավիթ Հարությունյանի դժգոհությունը, թե զեկույցում կան հակասություններ, այնքան էլ էական չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter