
Փոխնախարար Քարամյանը պարզաբանում է, թե ինչու չի հայտարարագրել իր բուլղարական բնակարանը
Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար ՀՀԿ-ական Արսեն Քարամյանի՝ բուլղարական ծովափում գնած բնակարանի մասին գրել էինք նախորդ շաբաթ: Ինչպես եւ եզրակացրել էինք, պաշտոնյան չի հայտարարագրել իր գույքը: Այս մասին տեղեկացել ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի՝ մեզ ուղարկված գրությունից:
Հոդվածում նշել էինք, որ 2009-ից փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Քարամյանը, ըստ բուլղարական ռեգիստրի փաստաթղթի, Սվետի Վլաս քաղաքի «Royal Palm» հյուրանոցում իր բնակարանը գնել է 2011-ի հոկտեմբերին, իսկ օրեր անց գործարքը պետական գրանցում է ստացել: Մեր հրապարակումից հետո Ա. Քարամյանը էթիկայի հանձնաժողովին ներկայացրել է գույքի առքուվաճառքի պայմանագրի պատճենը, որը, ըստ հանձնաժողովի, կնքվել է 2010-ի մարտի 24-ին՝ փուլային վճարման պայմանով: Սակայն գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվել է հետագայում:
Արսեն Քարամյանը հանձնաժողովին հայտնել է, թե քանի որ պայմանագիրը 2010-ին է կնքել, ինքն ընկալել է այնպես, որ հենց այդ տարում է ձեռք բերել գույքը, հետեւաբար ձեռքբերման փաստը չի ներկայացվել 2011 թ. տարեկան հայտարարագրում: Հիշեցնենք, որ հենց 2011-ից են այս հանձնաժողովին բարձրաստիճան պաշտոնատար անձինք հայտարարագրեր ներկայացնում:
Այդուհանդերձ, հանձնաժողովը, հաշվի առնելով սեփականության իրավունքի գրանցման փաստը հենց 2011-ին, փոխնախարարին առաջարկել է տարեկան հայտարարագրում վերացնել անհամապատասխանությունը: Այս նյութի հրապարակման պահին հանձնաժողովի կայքից հեռացված է Քարամյանի 2011 թ. հին հայտարարագիրը (վերջինս կարող եք տեսնել այստեղ), սակայն ճշգրտված տվյալներով նորն էլ դեռ չի տեղադրվել:
Մեզ ուղղված գրության մեջ հանձնաժողովը նաեւ հայտնել է. «Հարկ է նկատի ունենալ, որ հայտարարագրմանն առնչվող խախտումների եւ դրանց համար կիրառվող պատասխանատվության միջոցների վերաբերյալ օրինադրույթներն ուժի մեջ են մտել 2017 թվականի հուլիսի 1-ից եւ կիրառելի են դրանց ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ: Հետևաբար՝ նշված դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ չի կարող հարուցվել»: Այսինքն՝ քանի որ Քարամյանը թերի հայտարարագիր է ներկայացրել մինչեւ 2017-ի հուլիսի 1-ը, պատասխանատվություն կրելու նորմը նրա վրա չի տարածվի, քանի որ այն հետադարձ ուժ չունի:
Լուսանկարը՝ ethics.am-ի
Մեկնաբանել