
Ինքնաբուխ հավաք Վանաձորում
Գայանե Սարգսյան
Մեկ ժամից ավել է` Վանաձորի գլխավոր՝ Հայքի հրապարակը, փակ է: Հրապարակում հավաքվածները ցուցապաստառներ են պարզել՝ «Հայե´ր, միացե´ք», «Թասիբ ունեցի´ր, Սե´րժ, հեռացի´ր…»: Ցույցի մասնակիցները նշում են, որ հավաքը եղել է ինքնաբուխ:
«Այստեղ հավաքվել են նրանք, ովքեր ցանկանում են ազատ ապրել, ովքեր ցանկանում են, որ Սերժ Սարգսյանը վարչապետ չլինի»,- ասում է հավաքի երիտասարդ մասնակիցներից մեկը:
Հավաքի մասնակիցների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները: Նրանց մի զգալի մասը Վանաձորի տարբեր բուհերի ուսանող է: Մինչ երիտասարդները նստացույց են անում` փակելով Հայքի հրապարակին կից մայրուղին, բուհերից ահազանգում են նրանց ծնողներին ու տեղեկացնում երիտասարդների փողոց դուրս գալու մասին:
Մեր ներկայությամբ վանաձորցի տատիկներից մեկը երիտասարդ թոռանը հորդորում էր՝ տղա ջան, արդեն մորդ խաբար են արել, արի գնանք տուն: Երիտասարդը, սակայն, անկոտրում էր:
Թե որքան կշարունակվի հավաքը, պարզ չէ: Հավաքի մասնակիցներն ասում են, որ վճռական են տրամադրված:
«Մենք դիմում ենք Սերժ Սարգսյանին ու խնդրում, որ հեռանա»,- ասաց նրանցից մեկը:
Մեկնաբանել