
Լրագրող Տիրայր Մուրադյանին տեղափոխել են հիվանդանոց
Կառավարության 3-րդ շենքի մոտ աշխատանքը կատարելու ընթացքում ծեծի ենթարկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ լրագրող Տիրայր Մուրադյանին։ Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Լրագրողը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ տարածքում աշխատում էր՝ լուսանկարներ անում, հեռախոսով լուր թելադրում խմբագրությանը և նկարել է նաև քաղաքացիական հագուստով մի քանի անձանց։ Վերջիններս ոստիկանների, լրագրողների աչքի առաջ հարձակվել են լրագրողի վրա և ձեռքերով, ոտքերով հարվածներ հասցրել։ Լրագրողի խոսքով՝ ինքն այդ պահին լրագրողի բեյջը կրելիս է եղել, այն տեսանելի է եղել և՛ իրեն հարվածողների, և՛ ոստիկանների համար, սակայն անգամ ոստիկաններին ուղղված իր կոչերից հետո վերջիններս որևէ կերպ չեն արձագանքել։ Տիրայր Մուրադյանն ասաց, որ այդ անձանց կարողացել է լուսանկարել, ավելի ուշ նկարները կհրապարակի։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ոստիկանները բռնի ուժով կառավարության 3-րդ շենքի մուտքերի մոտից հեռացրին այնտեղ հավաքված ցուցարարներին՝ նրանց մի մասին բերման ենթարկելով (մանրամասն տես այստեղ, նյութը թարմացվում է)։
Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանել