HY RU EN

Պրահայի հայ երիտասարդներն իրենց աջակցությունն են հայտնում երևանյան ցույցերին

Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ տեղի ունեցող բողոքի ցույցերին արձագանքել են Չեխիայի մայրաքաղաք Պրահայում բնակվող հայ երիտասարդները՝ հոլովակ նկարելու եղանակով: Նախաձեռնության հեղինակը 25-ամյա Մարիամ Սահակյանն է:

Ապրիլի 19-ին 20-25 հայ երիտասարդներ մասնակցել են հոլովակի նկարահանմանը, որում կրկնում են երևանյան ցույցերի կարգախոսը՝ «քայլ արա, մերժիր Սերժին»: «Հայաստանում չենք, բայց հոգով այնտեղ ենք: Քաղաքականության մեջ շատ խորացած չեմ, բայց տեսնում եմ, որ Երևանում բազմաթիվ ուսանողներ, դպրոցականներ, տարեց մարդիկ, փոքրեր, բոլորը դուրս են եկել փողոց, և բոլորի նպատակն է ունենալ լավ ապագա իրենց հայրենիքում: Բնականաբար, այստեղ էլ փորձում ենք սատար կանգնել նրանց: Մենք այստեղ ենք, բայց դա չի նշանակում, որ մենք չկանք»,- նշում է երևանցի Մարիամը, ով վերջերս է տեղափոխվել Պրահա, ոսկերչական գործի դիզայներ է:

26-ամյա Արսեն Ջոմարդյանն էլ, ով նույնպես երևանցի է ու երկու տարի է, ինչ Պրահայում է, ավարտել է տեղի համալսարաններից մեկը, աշխատում է լոգիստիկայի ոլորտում որպես միջազգային լոգիստիկ կոորդինատոր և մաքսային վերահսկող: Նա ևս նկարահանվել է հոլովակում:

«Համակարգային փոփոխություններ պիտի լինեն: Համակարգն, ըստ իս, աշխատում է բազմաթիվ ատկատներով: Դա հենց ճանապարհային շինարարությունների օրինակով կարող ենք ասել: Երբ համեմատում ենք միջազգային փորձի հետ, տեսնում ենք, թե ինչքան գումար է ծախսվում յուրաքանչյուր կիլոմետրի համար, տարբերություններ կան»,- նշում է մեր զրուցակիցը:

Մեկ այլ երևանցի՝ 26-ամյա Հակոբ Ավետիսյանը, ինժեներ է կապի համակարգում, ասպիրանտուրայում է սովորում: 3,5 տարի է, ինչ գտնվում է Պրահայում: «Մեր հայ ընկերներին, համակարգից դժգոհներին սատարելու համար ենք պատրաստում հոլովակը, մենք նույնպես դեմ ենք Սերժ Սարգսյանին և նրա կառավարման մեթոդներին: Կարելի է ասել, որ նա ամենաանհաջող նախագահն է եղել մեր պատմության մեջ, նրա օրոք արտաքին պարտքն է մեծացել, 300 հազար արտագաղթած ունենք, կարելի է ասել, որ այդ մարդկանցից ենք նաև մենք, որովհետև այստեղ հիմնականում Հայաստանից եկած հայեր են»,- ասում է Հակոբը:

Հոլովակում նկարահանվածները գերազանցապես Հայաստանի քաղաքացի երիտասարդներ են, ովքեր սովորելու կամ աշխատանքի նպատակով գտնվում են Պրահայում:

Ապրիլի 20-ին էլ երիտասարդների մեկ այլ խումբ Պրահայում Հայաստանի դեսպանատան մոտ պատրաստվում է բողոքի ակցիա իրականացնել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Նրանց տեղեկացմամբ՝ այդ քայլով Հայաստանում փողոց դուրս եկած մարդկանց ցանկանում են փոխանցել, որ աջակցում են նրանց, թեև հեռվում են:

Առաջին լուսանկարում՝ Հակոբ Ավետիսյանը, Արսեն Ջոմարդյանը (ձախից աջ)