HY RU EN

Արաքս Մամուլյան

Երևանում բերման ենթարկված քաղաքացիների թիվը 15։30-ի դրությամբ 183 է

Այսօր` ժամը 15։30-ի դրությամբ, Երևան քաղաքի տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների թիվը 183 է։ Այս մասին «Հետք»-ը տեղեկացավ  Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Քաղաքացիները գտնվում են Երևանի ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում։

Հետաքրքրվեցինք նաև Հայաստանի մարզերում բերման ենթարկված քաղաքացիների թվի մասին, քանի որ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացվել են նաև մարզերում, սակայն այս պահին ոստիկանությունը նման վիճակագրություն չունի։

Հիշեցնենք, որ այսօր Երեւանում քաղաքացիական անհնազանդության գործողությունների 8-րդ օրն է: Այն բանից հետո, երբ ապրիլի 17-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, որը պետք է իրականացվի ցանցային եղանակով` ցուցարարները ամեն օր ժամանակավորապես «գրավելու» են կառավարական շենքեր` այդտեղ աշխատողներին կոչ անելով միանալ շարժմանը, ժամանակավորապես խափանելու են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը, իսկ երեկոյան հանրահավաք են անելու Հանրապետության հրապարակում:

Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առավոտյան որդեգրելու են այն մարտավարությունը, որը կիրառեցին իրենց գործողությունների առաջին օրը` փակել տարբեր փողոցներ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում, ինչպես նաեւ` հանրապետության տարբեր քաղաքներում: Մասնավորապես` նա կոչ արեց բեռնատարների վարորդներին եւ սեփականատերերին միանալ ակցիային, քանի որ բեռնատար մեքենաները տեղից շարժելը դժվար կլինի ոստիկանական ուժերի համար: Երեկոյան ժամը 19-ին դարձյալ հանրահավաք է նախատեսվում Հանրապետության հրապարակում: