
Ժամը 18։00-ի դրությամբ ոստիկանություն տարված քաղաքացիների թիվը 233 է
Այսօր` ժամը 18։00-ի դրությամբ, Երևան քաղաքի տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների թիվը 233 է։ Այս մասին «Հետք»-ը տեղեկացավ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Քաղաքացիները գտնվում են Երևանի ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում։
Հիշեցնենք, որ այսօր Երեւանում քաղաքացիական անհնազանդության գործողությունների 8-րդ օրն է: Այն բանից հետո, երբ ապրիլի 17-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, որը պետք է իրականացվի ցանցային եղանակով` ցուցարարները ամեն օր ժամանակավորապես «գրավելու» են կառավարական շենքեր` այդտեղ աշխատողներին կոչ անելով միանալ շարժմանը, ժամանակավորապես խափանելու են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը, իսկ երեկոյան հանրահավաք են անելու Հանրապետության հրապարակում:
Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առավոտյան որդեգրելու են այն մարտավարությունը, որը կիրառեցին իրենց գործողությունների առաջին օրը` փակել տարբեր փողոցներ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում, ինչպես նաեւ` հանրապետության տարբեր քաղաքներում: Մասնավորապես` նա կոչ արեց բեռնատարների վարորդներին եւ սեփականատերերին միանալ ակցիային, քանի որ բեռնատար մեքենաները տեղից շարժելը դժվար կլինի ոստիկանական ուժերի համար:
Մեկնաբանել