HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիական ակցիաները Երևանում (թարմացվող)

19։42

Այս պահին շարունակում է փակ մնալ Բաղրամյան պողոտան։ Պռոշյան-Բաղրամյան խաչմերուկը, ինչպես նաեւ Ազգային ժողովի մուտքի հատվածը փակ են փշալարերով, ներքին բակում կուտակված են ոստիկանական ուժեր, հետիոտներին նույնպես արգելում են հատել պողոտայի նշված հատվածը։

16։13

Մաշտոց-Պուշկին խաչմերուկից հարյուրավոր ցուցարարներ քայլերթ սկսեցին փողոցի երկայնքով՝ մայթերում քայլող քաղաքացիներին կոչ անելով միանալ իրենց։

15։46

Մաշտոց-Պուշկին խաչմերուկ ժամանեցին մահակներով ոստիկաններ: Նրանք պողոտայի մեջտեղի ցուցարարներին ուղղորդեցին դեպի մայթեր եւ մայթերը փակեցին: Ցուցարարները վանկարկում էին՝ ոստիկանը մերն է եւ ձեռքերը վեր պարզում՝ ցույց տալով, որ իրենք զինված չեն:

15։17

Իրավիճակը լարված է Մաշտոց-Պուշկին խաչմերուկում: Քիչ առաջ մի ցուցարար բերման ենթարկվեց, որքան էլ հավաքվածները փորձում էին արգելել նրան տեղաշարժելը: Այստեղ են բերվել մեծաթիվ ոստիկաններ։ Նրանք կանգնել են փողոցի մայթերին եւ արգելում են ցուցարարներին փողոցն անցնել, սակայն նրանք չեն ընկճվում եւ լուսացույցի կանաչ լույսի ժամանակ ճեղքում են ոստիկանական պատը եւ հետիոտնային անցումներով անցնում։

15։01

Ոստիկանները Մաշտոց-Պուշկին խաչմերուկի տարածքից չեն կարողանում ցուցարար բերման ենթարկել, քանի որ հավաքված քաղաքացիները շրջափակում են և ոստիկաններին, և բերման ենթարկվողին։

14:56

Այս պահին Մաշտոցի պողոտայում երթեւկությունը կաթվածահար է եղել: Մի խումբ ցուցարարներ անընդհատ անցնում են Պուշկին փողոցի հետիոտնային անցումով՝ մեքենաներին արգելելով տեղաշարժվել։

14։05

Մաշտոց-Ամիրյան խաչմերուկից ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին մի խումբ երիտասարդ ցուցարարների, ովքեր անցնում էին փողոցը կամ ուղղակի կանգնած էին մայթերին։

13:58

Մալաթիայից երթ սկսած ցուցարարները Աբովյան, Խորենացի, Մաշտոցի փողոցներով շարժվեցին դեպի Բժշկական համալսարանի խաչմերուկ: Ցույցն ընթանում էր առանց երթևեկության խանգարման և ոստիկանների ու քաղաքացիների բախումների: Ոստիկանները Ֆրանսիայի հրապարակում փակեցին Մաշտոցի պողոտան, սակայն ցուցարարներին հաջողվեց շրջանցել ոստիկանական պատը և շարժվել դեպի Մատենադարան:

13։28

Քիչ առաջ էլ Ֆրանսիայի հրապարակից բերման ենթարկվեց չորս առեւտրական, նրանցից մեկն ասաց, որ սրտի հետ կապված առողջական խնդիր ունի, սակայն նրան բաց չթողեցին։

13։08
Այս պահին Նիկոլ Փաշինյանին Գայի (Հայկ Բժշկյանց) արձանի շրջակայքում միացել են Էրեբունիի ավտոերթի մասնակիցները և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից քայլերթով եկած մի խումբ քաղաքացիներ։

12:57

Մալաթիա տոնավաճառի առեւտրականներն այժմ փակել են Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը եւ անցորդներին կոչ են անում միանալ իրենց։
12։45

Ավտոերթի մասնակից տաքսու վարորդները, Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ, ձայնային ազդանշաններ հնչեցնելով` Էրեբունի վարչական շրջանից բարձրացան Նոր Նորք:

12։37

Մալաթիա տոնավաճառից քայլերթ սկսած հարյուրավոր ցուցարարներ շարժվեցին Սեբաստիա փողոցով, Ծովակալ Իսակով պողոտայով եւ այժմ Հաղթանակ կամուրջով շարժվում են դեպի Մաշտոցի պողոտա։

12։10

Առավոտից Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածում է Նիկոլ Փաշինանը, ով երեկ հայտարարել էր, որ այնտեղից երթով շարժվելու է  դեպի Ավան։ Մասնակիցները երթով շարժվել են դեպի «Եվրոշինանյութ» խանութ՝ 6-րդ Մասիվ, սակայն ոստիկանները շրջափակեցին Նիկոլ Փաշինյանին՝ չթողնելով շարժվել ոչ մի ուղղությամբ։

Այս հատվածից բազմաթիվ քաղաքացիներ են բերման ենթարկվել։ Աստեղ է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպանը, ով հայտարարել է, որ հավաքն անօրինական է, և իրավունք ունի ցրելու։

Երկար բանավեճից հետո Նիկոլ Փաշինյանը մտավ «Եվրոշինանյութ» խանութ, տպեց Հավաքների անցկացման մասին օրենքը, ընթերցեց այն՝ մեջբերելով մեկ կետ, որով ինքն այժմ շտապ հավաք է կազմակերպում և դադարեցնում է նախկին հավաքը, ինչպես և պահանջում էին ոստիկանները։

Շտապ հավաքի առիթն այն է, որ երեկ քաղաքում ակտիվիստի մեքենա էին վնասել։

Անուհետև Փաշինյանը զանգահարեց Նոր Նորքի ոստիկանության բաժին, տեղեկացրեց, որ շտապ հավաք է իրականացնելու, ներկայացրեց երթուղին։

Ոստիկաններն այս պահին վերադասավորում են ուժերը, որպեսզի ուղեկցեն երթի մասնակիցներին։

11։46

Տաքսու վարորդները փորձում են Էրեբունի-Արցախ փողոցներով մեքենաներով երթ իրականացնել: Սակայն ոստիկանության աշխատակիցները «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին կոչ արեցին դադարեցնել իրականացվող ակցիան:
Նրանք վարորդներից մեկի մեքենան, խախտումներ կատարելու պատճառով, ցականում են տեղափոխել տուգանային հրապարակ: Հիշեցնենք, որ երեկ հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտնել էր տաքսու վարորդների երթի մասին:

11։33
Լուսանկարում երեւացող դեղին վերնազգեստով երիտասարդն առավոտյան առեւտրականների ուղղությամբ վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդն է, ով այժմ ցուցարարների քայլերթի կողքով մի խումբ երիտասարդների հետ քայլում է եւ տեղի ունեցողի մասին հաղորդում:

10։32
Քիչ առաջ գործադուլ եւ բողոքի ակցիա են սկսել «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները: Նրանք փակել են տոնավաճի դինացի փողոցները եւ մեքենաներին արգելում են առաջ շարժվել: Առևտրականներին, անցորդներին եւ վարորդներին կոչ են անում՝ միացեք:

«Հետք»-ի հետ զրույցում տոնավաճառի աշխատակիցներից մեկն ասաց, որ միանում է ցուցարարներին եւ հանրապետությունում թափ առած թավշյա շարժմանը ու հավատում, որ Հայաստանում կհաստատվեն ժողովրդավարական կարգեր:

Տարածք ժամանեցին ոստիկանները։ Առեւտրականները ողջունեցին նրանց՝ վանկարկելով՝ ոստիկանը մերն ա։

Այժմ տոնավաճառի տարածքում իրավիճակը լարված է, ոստիկանները, առեւտրականներին հրելով, փորձում են մայթ տանել, սակայն ցուցարարները չեն լքում փողոցը՝ ոստիկաններին ևս միանալու կոչ անելով։

Ցուցարարները նշում են, որ ինչպես ամեն անգամ, այս անգամ էլ քաղաքացիական հագուստով անձինք կան, որոնք փորձում են լարված իրավիճակ ստեղծել, որպեսզի ոստիկանները բռնություն գործադրեն եւ ցույցը ցրեն։

Ինչ-որ երիտասարդ առանց պետհամարանիշների մեքենայով մոտեցավ և կայանեց ցուցարարների միջև։

Այժմ տոնավաճառի ցուցարարների մի մասը քայլելով առաջ է շարժվում դեպի Սեբաստիա փողոց։ Իսկ տասնյակ առևտրականներ շարունակում են փակ պահել տոնավաճառի դիմացի ճանապարհը։

Այսօր Երեւանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ քաղաքացիական անհնազանդության գործողությունների 9-րդ օրն է:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, որը պետք է իրականացվի ցանցային եղանակով` ցուցարարներն ամեն օր Երեւանում եւ հանրապետության մարզերի քաղաքային ու գյուղական բնակավայրերում ժամանակավորապես խափանում են երթևեկությունը, փողոցներում, փակում միջպետական ճանապարհները, իսկ երեկոյան հանրահավաք անում Հանրապետության հրապարակում: Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց քաղաքական հետագա զարգացումների մասին եւ շարադրեց շարժման ծրագրային կետերը: 

 

Դիանա Ղազարյան
Ամալյա Մարգարյան
Արաքս Մամուլյան
Անուշ Քոչարյան

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter