HY RU EN

Վանաձորում անցկացվեց ավտոերթ՝ «Քայլ արա, մերժիր Սերժին» վերտառությամբ

Գայանե Սարգսյան

Այսօր` ժամը 13:00-ին, Վանաձորի Հայքի հրապարակից մեկնարկեց լոռեցի վարորդների ավտոերթը «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսով: Տասնյակ վարորդներ մի քանի մեծ պտույտ իրականացրին Վանաձորի գլխավոր ու երկրորդական փողոցներում՝ վանաձորցիներին իրազեկելով անցկացվող ակցիայի մասին ու հրավիրելով միանալ:

Քաղաքի տարբեր թաղամասերում ավտոերթի մասնակիցներին դիմավորում էին ողջույններով, ոմանք նաև ընթացքում միանում էին խմբին: Ավտոերթի մեկնարկից մեկուկես ժամ անց մասնակիցների թիվը կրկնապատկվել էր:

Ողջ ավտոերթի ընթացքում ակցիայի մասնակից վարորդներին ուղեկցում էին ոստիկանների ծառայողական ու քաղաքացիական մեքենաները: Ոստիկանների մի մասը քաղաքացիական հագուստով էր:


Ավտոերթն ավարտվեց Վանաձորի Հայքի հրապարակում, որտեղ արդեն մեծ բազմություն էր հավաքվել: Հավաքվածները քայլերթով շարժվեցին առաջ գլխավոր՝ Տիգրան Մեծ պողոտայով՝ փակելով փողոցի մի հատվածը: Ոստիկանների պնդումները՝ քայլել մայթով կամ բարձրանալ վեր՝ ոչ գլխավոր փողոց, ցուցարարները չընդունեցին: Նրանք պարբերաբար ճեղքում էին ոստիկանական պատնեշն ու շարժվում առաջ: Այս պահին քաղաքի գլխավոր փողոցներում քայլերթը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, որը պետք է իրականացվի ցանցային եղանակով` ցուցարարներն ամեն օր Երեւանում եւ հանրապետության մարզերի քաղաքային ու գյուղական բնակավայրերում ժամանակավորապես խափանում են երթևեկությունը, փողոցներում, փակում միջպետական ճանապարհները, իսկ երեկոյան հանրահավաք անում Հանրապետության հրապարակում: Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց քաղաքական հետագա զարգացումների մասին եւ շարադրեց շարժման ծրագրային կետերը: