HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Երասխ-Երևան մայրուղում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ խուլիգանության հատկանիշներով

Երասխ-Երևան մայրուղում տեղի ունեցած միջադեպի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: (խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով):

Ավելի վաղ, Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը «Հետք»-ին հաղորդել էր, որ Արտաշատի վարչական տարածքում մինչև ոստիկանության կողմից իրենց ավտոմեքենան էվակուացնելը, իրենց մեքենայի մոտ BMW մակնիշի առանց համարանիշների սպիտակ ավտոմեքենա է կայանել, որտեղից դուրս են եկել քաղաքացիական հագուստով անձինք և մետաղյա իրեր են նետել իրենց մեքենայի ուղղությամբ, որից հետո նստել են մեքենան և հեռացել տարածքից: Այս դեպքի մասին Գարիկ Սարգսյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանության 1-02 ծառայություն:

Սակայն, ինչպես «Հետք»-ին փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, քրեական գործը, այնուամենայնիվ, Գարիկ Սարգսյանի հաղորդման հիման վրա չի հարուցվել: Գործի քննությունը ոստիկանության Արտաշատի բաժնից փոխանցվել է Քննչական կոմիտեի Արարատի քննչական վարչություն: Այլ մանրամասներ Սոնա Տռուզյանը չհաղորդեց:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը ապրիլի 21-ի առավոտյան Արարատ քաղաքից ավտոերթով ուղևորվել է Երևան, սակայն Արտաշատի վարչական տարածքում ոստիկանությունը արգելափակել է ավտոերթի ճանապարհը, և մոտ երեք ժամ իրավիճակը այդպես էլ մնացել է: Նոր Կյանքի համայնքապետը դուրս չի եկել և մնացել է ավտոմեքենայում փակված: Նույն մեքենայի մեջ են եղել նաև վարորդը, Գարիկ Սարգսյանի քույրը, եղբայրը և հայրը:

Այնուհետև ոստիկանները էվակուատորի միջոցով այդ ավտոմեքենան տեղափոխել են Արտաշատի ոստիկանական բաժանմունքի տուգանային հրապարակ, որտեղ Գարիկ Սարգսյանը և իր հարազատները մի քանի ժամ փակված են մնացել մեքենայի մեջ, որովհետև ըստ Սարգսյանի՝ ոստիկանությունը իրեն ոչ մի իրավական պահանջ չի ներկայացրել:

Ի վերջո Նոր Կյանքի համայնքապետը դուրս է եկել ավտոմեքենայից և նրան ուղեկցել են Քննչական կոմիտեի Արտաշատի քննչական բաժին:

«Իմ փաստաբանը խցանումների պատճառով չի կարողացել հասնել Արտաշատ, և ես առանց փաստաբանի հրաժարվել եմ ցուցմունք տալ, և ոչինչ չեմ ստորագրել»,-«Հետք»-ին պատմեց Գարիկ Սարգսյանը, ով Արտաշատի Քննչական բաժնից դուրս գալուց հետո ուղևորվել է Երևանի Հանրապետության հրապարակի հանրահավաքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter