HY RU EN

Գայանե Սարգսյան

Ստեփանավանի քաղաքապետ. «Սա ազգին խայտառակ անել է սաղ աշխարհի դեմ»

Այսօր Ստեփանավանը ևս միացավ «Քայլ արա, մերժիր Սերժին» ակցիային: Ստեփանավանի ու հարակից գյուղերի բնակիչները տևական ժամանակ փակել էին քաղաք մտնող գլխավոր ճանապարհը: Երկու կողմից առաջացել էր մեքենաների կուտակում, որից վարորդները, սակայն, չէին դժգոհում ու համբերատար սպասում էին՝ ժամանակ առ ժամանակ ազդանշան տալով, հայտնելով իրենց աջակցությունը:

Ստեփանավանի գլխավոր ճանապարհը մոտ 50 մետր հեռավորությամբ փակվել էր երկու կողմից: Ու եթե մի կողմում մեծահասակներին էին՝ մեքենաներով, մյուս կողմում ճանապարհը փակել էին համայնքի երեխաները՝ իրենց հեծանիվներով:

Տարածքում ոստիկաններ կային, որոնց մի մասը քաղաքացիական հագուստով էր: Այդտեղ էր նաև Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, ով հորդորում էր ցուցարարներին դադարեցնել ակցիան:

«Մենք մեր քաղաքապետին շատ ենք սիրում, բայց չենք դադարելու բողոքել»,- նկատեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում քաղաքում ստեղծված իրավիճակին, քաղաքապետն այսպես արձագանքեց. «Ամեն ակցիա կարելի է անել ճիշտ ու սիրուն ձևով, ոչ թե սումբուրնի... Դրա համար օրենք կա, կարգ կա, կանոն կա և ազգի թասիբ պահել կա: Ոչ թե ազգին խայտառակ անել: Սա ազգին խայտառակ անել է սաղ աշխարհի դեմ: Սե՞նց են ուզում պետությունն ու ազգին միջազգային ասպարեզում բարձրացնենք»:

 

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 10-րդ օրն է: Առավոտյան կարճատև հանդիպում տեղի ունեցավ Սարգսյանի և ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվեցին: Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց: