
Հանրապետության հրապարակում մեկնարկում է հանրահավաքը
Հանրապետության հրապարակում մեկնարկում է հանրահավաքը:
Չնայած շարժման առաջնորդները ձերբակալված են, սակայն Հանրապետության հրապարակում, մոտավոր հաշվարկով, ավելի քան 50 հազար քաղաքացի է ներկա: Հրապարակը ամբողջությամբ լեցուն է մարդկանցով՝ Ամիրյան փողոցից մինչև Տիգրան Մեծի պողոտա:
Շարժումն այսօր առաջնորդել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը: Այստեղ են «Ելք» խմբակցության պատգամավորները, ենթադրվում է, որ նրանք ելույթով հանդես կգան:
Այստեղ են նաև Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի կանայք:
«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հրապարակում է, նա ելույթ է պահանջում, սակայն քաղաքացիները «ոչ» և «Նիկոլ» վանկարկումներով թույլ չտվեցին: Փոստանջյանը, միևնույն է, չի հեռանում, նա փորձում է բարձրախոսով խոսել:
Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 10-րդ օրն է: Առավոտյան կարճատև հանդիպում տեղի ունեցավ Սարգսյանի և ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվեցին: Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց:
լուսանկարն ու տեսանյութը՝ Անի Հովհաննիսյանի
Մեկնաբանել