
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները գործադուլ են հայտարարել
Այսօր առավոտից գործադուլ են հայտարարել Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի վերին մասնաշենքի աշխատողները: Առավոտյան նրանց հետ փորձել է բացատրական աշխատանքներ տանել ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանը: Սակայն տեսնելով, որ աշխատողներին չի կարողանում համոզել, վերջինս թույլատրել է նրանց դուրս գալ՝ ասելով. «Դուք, ձեր իրավունքները»:
Մեր հետ զրույցի ժամանակ նրանք նշում էին, որ թեև մտավախություն ունեն իրենց աշխատատեղերի հետագայի համար, սակայն դա նրանց հետ չի պահել պայքարի դուրս գալուց:
«Իմ աշխատանքն իմ համար կարևոր է, բայց երեխայիս ապագան ավելի կարևոր է»,-նշեց աշխատողներից մեկը:
Շուտով վերին մասնաշենքի աշխատողներին կմիանան աշխատակիցներ նաև մյուս՝ ներքևի մասաշենքից:
Քիչ առաջ աշխատողներին նաև տեղեկացրել են, որ ֆաբրիկայի տնօրենին կանչել են դատախազություն՝ կապված աշխատակիցների գործադուլի հետ:
Փողոց դուրս եկածների թիվն այս պահին հասնում է մոտ 500 –ի: Նրանց երթը Երևանյան խճուղուց, Տիգրան Մեծ գլխավոր պողոտայով շարժվում է դեպի Հայքի հրապարակ:
Երթի մասնակիցներն իրենց երթն իրականացնում են փողոցով, ինչի պատճառով այն միակողմանի երթևեկելի է: Գործադուլավորներին ուղեկցում են ոստիկանները:
Երթի մասնակիցները մյուս քաղաքացիներին էլ կոչ են անում գործադուլ անել և միանալ իրենց:
Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 11-րդ օրն է: Երեկ կարճատև հանդիպում էր տեղի ունեցել Սարգսյանի և ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվել են։ Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց: Ձերբակալվեցին նաև շարժման աջակից պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը:
Մեկնաբանել