HY RU EN

Գրիշա Բալասանյան

Էջմիածնի դպրոցների աշակերտները և նրանց ծնողները բողոքի ակցիա են անցկացնում (թարմացվող)

13:00

Էջմիածնում բողոքի ակցիա իրականացնող աշակերտները քայլերթով հասան նաև Էջմիածնի թիվ 4 դպրոց: Այստեղ նույնպես դպրոցի տնօրինությունը փակել էր դռները և ներսում գտնվող աշակերտներն իրենց հասակակիցներին միանում էին՝ պատուհաններից ձեռքերը թափահարելով:

12:30

Այս պահին Էջմիածնում բողոքի ակցիա իրականացնող աշակերտներն ու նրանց ծնողները երթով շարժվում են դպրոցների առջևից և դասադուլ վանկարկում: Աշակերտները նշեցին, որ երեկ ցույց են ցանկացել իրականացնել նաև Էջմիածին քաղաքի թիվ 4 դպրոցի աշակերտները, սակայն տնօրենն ապտակել է աշակերտներից մեկին և լռեցրել: 

Էջմիածնի թիվ 2 դպրոցի տնօրենը փակել է դպրոցի դռները, աշակերտները պատուհաններից կոչեր անելով են միանում դասադուլին: 

12:01

Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում քաղաքի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտները և նրանց ծնողները ցույց են անցկացնում` բողոքելով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:

Ծնողներից Սվետլանա Գաբրիելյանն ասաց, որ այս բողոքի ակցիան որևէ քաղաքական ուժի հետ կապ չունի, սա ժողովրդի արդարացի բողոքի ձայնն է:

«Նոր տարուն իմ 8 տարեկան աղջիկը երազանք է պահել, որ իր հայրը խոպանից տուն գա, կարոտել էր: Ինչու պիտի իմ երեխան ծնողին կարոտ մնա: Այս երկրում մենք գոյատևում ենք, իսկ իրենք' ապրում»,- ասում է Սվետլանան:

Նրա ձեռքին «ժպտացող» փուչիկներ կային: Ասում է, որ այդ ժպիտը տարիներ շարունակ իրենց երեխաների դեմքից անհետացել է և այսօր վերադարձնելու են:

Այս պահին դասադուլ անող աշակերտների թիվը հասնում է մի քանի հարյուրի: Նրանք քայլում են փողոցներով:

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 11-րդ օրն է: Երեկ կարճատև հանդիպում էր տեղի ունեցել Սարգսյանի և ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվել են։ Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց: Ձերբակալվեցին նաև շարժման աջակից պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը: