HY RU EN

Անուշ Քոչարյան

«Օթելլո, խեղդի՛ր Սերժին»․ ռեկտորի կաբինետում գիտխորհրդի նիստ է

Անհնազանդության խաղաղ ցույցերին  միացել են Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ, ովքեր առավոտից դասադուլ են հայտարարել։ Դասադուլին միացած ուսանողների կոչը՝ «Օթելլո, խեղդի՛ր Սերժին»։

ԵԹԿՊԻ շրջանավարտ, ռեժիսոր Արեն Մալաքյանի հետ ունեցած հեռախոսազրույցի համաձայն մի քանի շրջանավարտներ, ինչպես նաեւ կինոյի եւ թատրոնի մի քանի գործիչներ, միացել են ուսանողներին․ «Ինստիտուտի նախկին ուսանողներով մտել ենք ներս ու կոչ արել միանալ դասադուլին։ Տեղեկություն ունեինք, որ ռեկտոր Դավիթ Մուրադյանը նախապես հավաքել է կուրսղեկներին եւ ասել, որ ուսանողներին հետ պահեն դասադուլից։ Տեղեկություն կա նաեւ, որ ինստիտուտում էր ԿԳ փոխնախարարը։ Դավիթ Մուրադյանն այդ պահին փակված էր իր կաբինետում»։

Փորձեցինք կապ հաստատել ԵԹԿՊԻ ռեկտոր Դավիթ Մուրադյանի հետ։ Ընդունարանից մեզ հայտնեցին, որ ոչ մի կերպ հնարավոր չէ, որովհետեւ այս պահին ռեկտորի կաբինետում խիստ կարեւոր գիտխորհրդի նիստ է։

Ինստիտուտի Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ PR բաժնի ղեկավար Միլենա Բալդարյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց, որ որեւէ բռություն չի կիրառվել ուսանողների ազատ կամքի դրսեւորման նկատմամբ, եւ ով ցանկացել է, միացել է դասադուլին․ «Այս պահին գիտխորհրդի նիստ է եւ քննարկվում են մի շարք խիստ կարեւոր հարցեր, որոնք վերաբերում են ինստիտուտի ընթացիկ խնդիրներին եւ ռեկտորը Ձեր հարցերին չի կարող պատասխանել»։

ՀԳ․ Լուսանկարը՝ ԵԹԿՊԻ պաշտոնական կայքից