HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Իրադարձությունները զարգանում են շատ արագ. ինչ է կատարվել մինչ այս պահը (թարմացվող)

22:22

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահների հետ: Քննարկվել են ոչ միայն երկկողմ հարաբերությունների հարցեր, այլեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումները: Բոլոր դեպքերում էլ նշվել է, որ գործընթացները պետք է տեղի ունենան բացառապես Սահմանադրության շրջանակներում: 

Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում հայտարարեց, որ Կարեն Կարապետյանի ու ՀՀԿ-ականների միջեւ տարաձայնություններ կան, առաջինը ցանկացել է միայնակ գալ այդպես էլ չկայացած հանդիպմանը, իսկ մի շարք ՀՀԿ-ականներ իրեն հայտնել են, որ պատրաստ են ԱԺ-ում քվեարկել ժողովրդի առաջադրած վարչապետի թեկնածուի օգտին: Այսօր պարզ դարձավ, որ դա, ինչպես եւ սպասվում էր, հենց Փաշինյանն է: 

Փաշինյանը հայտնեց, որ այսօր հանդիպել է Ռուսաստանից ժամանած պաշտոնական ներկայացուցչի հետ, որը տեղեկացրել է, որ տեղի ունեցող պրոցեսները ՀՀ ներքին գործն են, ու Ռուսաստանը չի միջամտելու: 

Վաղը փողոցային պայքարը շարունակվելու է, լինելու են գործադուլներ, դասադուլներ. սկիզբը լինելու է 12:00-ից: 19:00-ին Հանրապետության հրապարակում կրկին հանրահավաք է լինելու: 

19:55

Ոստիկանությունը հայտարարեց, թե ապաքաղաքական կառույց է եւ չի հարում ու չի կարող հարել այս կամ այն շարժումների ու քաղաքական միավորների. «Ոստիկանությունը պետության հիմնասյուներից է, պետականության, երկրի կայունության ու ներքին անվտանգության երաշխավորը և գործում է օրենքներով ու օրենքի շրջանակում»: Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում ցույց տվեց իրենց միացած ոստիկանության կապիտանին եւ նրա վկայականը: 

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարեց. «Այն, ինչ կատարվեց Հայաստանում, ֆանտաստիկ էր, եւ անկեղծ ասած՝ ինձ համար էլ էր անսպասելի: Ակնհայտ էր, որ Հայաստանում ուշ թե շուտ տեղի էր ունենալու այսպիսի հեղափոխություն, բայց անսպասելի էր, որ այս պահին եւ այս ձևով»: Մանուկյանն առաջարկեց իրավիճակի հանգուցալուծման իր ճանապարհային քարտեզը: 

«Ժառանգությունը» նշեց, որ չնայած հրավեր է ստացել նախագահ Արմեն Սարգսյանից՝ մասնակցելու ներքաղաքական իրավիճակի քննարկումներին, այդուհանդերձ, կարծում են, որ «քննարկում կարելի էր իրականացնել, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ սփյուռքահայ մեր հայրենակիցները կողմնորոշված չլինեին իրենց կարծիքի մեջ, սակայն նրանք վաղուց ունեն իրենց համոզմունքը՝ ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ այդ օրակարգի շուրջ կարող է բանակցել հրապարակում կանգնած ժողովրդի կողմից լիազորված ներկայացուցիչը»:

Վարչապետի պաշտոնակատար Կ. Կարապետյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին: Կառավարության հաղորդագրության մեջ նշվում էր, թե Միլսն այսպիսի բան է ասել. «Ես հասկանում եմ, որ այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, եւ կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ: Ես վստահ եմ, որ ժողովրդավարության կամ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհը նա չէ, որ վարչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ»: Քիչ անց այս խոսքը հանվեց հաղորդագրության տեքստից: ԱՄՆ դեսպանատան պարզաբանման համաձայն՝ հրապարակվածը սխալ թարգմանության արդյունք էր: 

Օրվա ընթացքում Մոսկվայից Երեւան ժամանեց ռուսական պետական օդանավ: Հայտնի չէ, թե ՌԴ պաշտոնյաներից ով է եկել Հայաստան: Քիչ անց ինքնաթիռը մեկնեց Երեւանից: 

ՀՅԴ լքեց ՀՀԿ-ի հետ քաղաքական կոալիցիան, որը ծնուդն էր առել 2016-ի փետրվարին, ապա շարունակվել 2017-ի ԱԺ ընտրություններից հետո: Դաշնակցությունը հայտարարեց. «Ազգային ժողովը պետք է ընտրի ժողովրդի վստահությունը վայելող վարչապետ»: 

Իրենց դիմումների համաձայն աշխատանքից ազատվել են 2 փոխնախարար՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանն ու տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը:  

16:23

Քաղաքացիական անհնազանդության լայնածավալ ակցիաներ են ընթանում նաեւ մարզերում: Առավոտից ցուցարարները փակել էին Երեւան-Սեւան մայրուղին՝ պահանջելով Կարեն Կարապետյանի ու ՀՀԿ-ի հրաժարականը: Դասադուլ են անում սեւանցի երիտասարդները, ովքեր հասկակակիցներին կոչ են անում միանալ իրենց: 

Տավուշցիներն էլ փակել էին Իջեւան-Բագրատաշեն միջպետական ճանապարհը: Ավելի ուշ նրանք բացեցին մայրուղին՝ որոշելով ուղեւորվել Երեւան, որտեղ այսօր՝ 19:00-ին, կայանալու է շարժման հանրահավաքը: Նրանց կողքին էր նաեւ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: 

Շարժմանը միանալու մասին համատեղ հայտարարություն տարածեցին Տավուշի Կողբ համայնքի անկուսակցական ղեկավար Արսեն Աղաբաբյանը, ավագանին ու ակտիվիստները: Նրանք կոչ են անում բնակիչներին, նաեւ այլ համայնքների ղեկավարներին միանալ «համազգային շարժմանը՝ հանուն ազատ, անկախ եւ ժողովրդավարական Հայաստանի»։  

ՀՅԴ-ական պատգամավոր Սուրեն Մանուկյանն էլ հայտարարել է իր անձնական որոշման մասին. «Իմ համերաշխությունն եմ հայտնում ժողովրդական հեղափոխությանն ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Ես միշտ հավատարիմ եմ եղել իմ ընտրողների՝ Տավուշի տարածաշրջանի ժողովրդի ձայնին, լինելով նրանց ընկերը: Այս ամենը նկատի ունենալով եւ իմ ընտրողների պահանջին արձագանքելով՝ այս վճռորոշ պահին միանում եմ համաժողովրդական շարժմանը»: 

13:30

Երեկ երեկոյան վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անընդունելի համարեց Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած օրակարգը եւ հայտարարեց, որ այսօր առավոտյան նշանակված բանակցությունները չեն կայանալու: Կ. Կարապետյանը դիմեց նախագահ Արմեն Սարգսյանին. «Դիմում եմ ՀՀ նախագահին՝ իր նախընտրած ձեւաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ՝ քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ հնարավոր հանգուցալուծման ուղիները՝ ընդհուպ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում»:

Ժամեր անց` արդեն այսօր՝ ապրիլի 25-ին, Արմեն Սարգսյանը, ըստ էության, կրկնեց Կարապետյանի խոսքերը. «Մտահոգ ստեղծված դրությամբ՝ այսօրվանից սկսում եմ խորհրդակցություններ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները»:

Սրան զուգահեռ՝ Փաշինյանի գլխավորած շարժումը կրկին դուրս եկավ փողոց: Այսօր՝ ապրիլի 25-ի առավոտյան ժամը 11:00-ից մեկնարկեց շարժման հերթական փուլը: Հանրապետության հրապարակում կայացած կարճ հավաքից հետո քաղաքացիների հոծ բազմությունը սկսեց երթը Երեւանի փողոցներով՝ կոչ անելով մարդկանց միանալ իրենց:

Փաշինյանի օրակարգը նույնն է՝ վարչապետ պետք է դառնա ժողովրդի թեկնածուն: Այնուհետ պիտի կազմվի ժամանակավոր կառավարություն, որը հնարավորինս կարճ ու խելամիտ ժամկետներում պիտի կազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իսկ դրանից առաջ պիտի բարեփոխվի ընտրական համակարգը:

Առավոտից ոստիկանությունը զրահամեքենաներ ու փշալարերով քարշակներ է տեղափոխել կառավարության եւ ՀՀԿ գրասենյակի մոտ՝ Մելիք-Ադամյան փողոց:

Զուգահեռաբար փողոցի շարժմանն են միացել «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները: ԲՀԿ քաղխորհուրդն այսպիսի հայտարարություն տարածեց. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին եւ կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում եւ մայրաքաղաք Երևանում մոբիլիզացվել եւ դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին: Մենք մշտապես եղել եւ լինելու ենք մեր ազգի եւ հայրենակիցների կողքին»:  

«Ելք» դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները պաշտոնապես միացան շարժմանը: «Հայաստանի հանրապետական կուսակցությունը կորցրել է ժողովրդի վստահությունը եւ վերջինիս կողմից որեւէ անձի առաջադրումը վարչապետի պաշտոնում անընդունելի է եւ պետք է կանխվի»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը։

Արտախորհրդարանական ուժերից հայտարարություններ տարածեցին «Ժառանգությունն» ու ՕԵԿ-ը: «Մենք եւս մեկ անգամ վերահաստատում ենք, որ ինչպես եղել ենք շարժման ակունքներում, այնպես էլ լինելու ենք պայքարի մասնակից այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունն ամբողջովին չի վերադարձվել ժողովրդին»,- նշեց «Ժառանգությունը»: ՕԵԿ-ն իր հերթին կոչ արեց գործող իշխանություններին «հաշվի առնելով երկրում ստեղծված նոր քաղաքական իրողությունները՝ ցուցաբերել խոհեմություն եւ ընդառաջ գնալ համաժողովրդական շարժման առաջարկներին եւ շուտափույթ հանգուցալուծում տալ ստեղծված իրավիճակին՝ հանուն Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության»:

ՍԴՀԿ Հայաստանի վարչությունն էլ հայտարարեց, որ «կոչ է անում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին վայր դնել լիազորություններն ու խորհրդարանի քաղաքական մեծամասնությանը պարտադրել ընտրել ժողովրդի թեկնածուին իբրեւ ժամանակավոր կառավարության ղեկավար: Մնացյալ բոլոր քայլերը կարող են հանգեցնել անվերադարձ եւ վտանգավոր հետեւանքների»: Իր հայտարարությամբ Փաշինյանի օրակարգը պաշտպանեց նաեւ Հայաստանի դեմոկտրական կուսակցությունը:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը, ով նախկին ԲՀԿ-ական է, այսօր հայտարարեց հրաժարականի մասին. «Որպես ԲՀԿ համակիր՝ ես պաշտպանում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համազգային մոբիլիզացիայի մասին կոչին եւ անձամբ դուրս եմ գալիս փողոց։ Բոլոր մարզիկներին եւ մարզաշխարհի ներկայացուցիչներին վստահեցնում եմ՝ այսօր Հայաստանի դրոշը Հանրապետության հրապարակում մեր ժողովրդի գլխավերեւում ծածանելու ժամանակն է։ Իմ հանրապետական եւ դաշնակցական գործընկերներին հորդորում եմ առանց տատամսելու միանալ ժողովրդին եւ ենթարկվել նրա պահանջներին»։   

Շարժումն աստիճանաբար ավելի ու ավելի լայն թափ է հավաքում. այսօր առավոտից փողոց են դուրս եկել հարյուրավոր ուսանողներ Երեւանի տարբեր բուհերից, Եղվարդում դասադուլ են անում դպրոցականները, Իջեւանում նույնպես ուսանողներն ու դպրոցականները փողոց են ելել, դասադուլ է նաեւ Գավառում: Զանգվածային գործադուլ ու դասադուլ է Գյումրիում:

Իրադարձությունները զարգանում են շատ արագ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter