HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անհնազանդության ցույցերը Սևանում ևս մեկնարկել են

Մերի Սարգսյան

15:47

Ցուցարարները վաղ առավոտից երկկողմանի փակել են Երևան-Սևան միջպետական ճանապարհը` «ՀՀԿ հեռացիր» կոչերով: Նրանք պահանջում են Կարեն Կարապետյանի և ՀՀԿ կուսակցության հրաժարականը: Ցուցարարների հետ բանակցություններ են վարում փոխմարզպետը, Սևանի քաղաքապետն ու ոստիկանապետը, հորդորում են բացել ճանապարհը` գոնե միակողմանի, բայց ցուցարարները անդրդվելի են:

Այսօր ևս Սևանում շարունակվում են բողոքի ցույցերը: Տասնյակ երիտասարդների, աշակերտների երթը մեկնարկել է Սևանի պետական քոլեջից: Այնուհետև քայլերթով շրջել են քաղաքի փողոցներով' «միացիր», «Նիկոլ վարչապետ», «ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով:

Երթի մասնակիցները շրջել են նաև դպրոցների մոտակայքով և կոչ արել աշակերտներին դասադուլ անել ու միանալ իրենց: Այս պահին ցուցարարները քայլերթով հասել են Սևան-Գագարին ճանապարհահատվածին:  

Սևանցիները բողոքի ակցիա էին նախաձեռնել նաև ապրիլի 23-ին և փակել Սևան-Երևան մայրուղին:  

Հիշեցնենք, որ 11 օր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերից հետո՝ ապրիլի 23-ին, նա հրաժարական տվեց: Ապրիլի 24-ին զանգվածային ակցիաները դադարեցին, սակայն արտասահմանյան լրագրողներին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցից հետո, երբ վերջինս հայտարարեց, որ ՀՀԿ որևէ անդամ չի կարող առաջադրվել որպես վարչապետի թեկնածու, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարություն տարածեց, որով հայտնեց, որ բանակցություններ չեն կայանալու, քանի որ Փաշինյանը միակողմանի ու նոր պայմաններ է առաջադրում:

Նիկոլ Փաշինյանը բողոքի նոր ալիքի մասին հայտարարեց՝ նշելով, որ հեղափոխությունը ևս մեկ քայլ ունի անելու: Այսօր ցուցարարները կրկին երթեր և բողոքի ակցիաներ են անցկացնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter