
Քաղաքագետ. «Վախենում են առնետավազքից»
Երեք հարց քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանին
-Այսօր Կարեն Կարապետյանը մամուլի ասուլիսին հայտարարել է իշխանության դիրքորոշումը՝ նշելով, որ ժողովրդի ընտրյալը մեկ տարբերակ ունի, դա ընտրությունն է: Դրան զուգահեռ այս պահին վերսկսվել են խաղաղ անհնազդանդության ցույցերը: Ձեր կարծիքով, ի՞նչ հնարավոր զարգացումներ են սպասվում, արդյո՞ք իշխանության առաջարկած արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն:
-Նա կոչ է անում արտահերթ ընտրությունների, բայց դեռ չի նշանակվել, չէ՞, վարչապետ: Պաշտոնակատարի դիրքում ցանկանում է անցկացնել ընտրություններ, այդպես է ստացվում:
Այդ մեծահարուստների ամբողջ խումբը թալանի մեջ է, իրենց լիդերը հրաժարական է տվել: Հիմա նրանց խնդիրն է, թե ինչ անեն: Նրանք, ովքեր Ծառուկյանի մոտ էին, միանգամից եկան, հանձնվեցին ժողովրդին: Կարեն Կարապետյանն ու բոլորն էլ միայն դրանից են վախենում, որ առնետավազք կսկսվի: Դրա համար այսօր առավոտից տեխնիկան են բերել կանգնեցրել պետական շենքերի մոտ՝ ցույց տալու համար, թե ուժեղ են, որպեսզի այդ մարդիկ հանկարծ չփախչեն:
Ինչքան գիտեմ, նախարարաներից մեկը հրաժարական է տվել (խոսքը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչ Ռոստոմյանի մասին է-Մ.Մ.): Եթե այդ պրոցեսը սկսվեց, Կարեն Կարապետյանը պետք է ներողություն խնդրի, նստի ինքնաթիռ, ինքն էլ փախչի: Իրենց սարսափը դա է, իրենք ոչ մի այլ բանից չեն սարսափում, եթե դա կատարվեց, վերջացած է: Հիմա իրենց քայլերն են անում, որպեսզի թույլ չտան իշխանական դիկտատորական ճամբարը փլուզվի, որովհետև խորհրդարանում արդեն 40 հոգի ժողովրդի կողմից է. 31-ը՝ ԲՀԿ-ից, 9-ը՝ «Ելքից», մնում է 13 հոգի: Եթե 13 հոգի էլ անցնեն այս մի ճամբար, վերջացած է: Կարեն Կարապետյանն ուզում է շուտ ազատվել այս պառլամենտից, որովհետև ինքը հույս չունի, որ կարող է պահել այն:
-Այսինքն՝ հենց նրան էլ է ձեռնտու արտահերթ ընտրությունների անցկացումը:
-Իհարկե, ինքը տեսնելով, որ այդ առնետավազքով կարող է լրիվ ուրիշ վիճակ ստեղծվել, քաղաքական ծրագիր է առաջ քաշում, որ ժողովուրդ, եկեք, ընտրություններ անցկացնենք: Բայց այս վիճակում հույս չունեն, թե ինչքան կարող են պահել այդ տեխնիկան դրսում, կարող է երկու նախարար էլ հրաժարական տա, տեխնիկայի զինվորներն էլ դուրս գան, կանգնեն ժողովրդի կողքին:
-Հնարավոր համարո՞ւմ եք առաջիկայում Կարեն Կարապետյանի հրաժարականը:
-Ամեն ինչ էլ հնարավոր է, դա կախված է ժողովրդի ճիշտ աշխատանքից: Համոզեն պատգամավորներին, որ անհույս է ձեր վիճակը, նորից հանցագործությունների մի գնացեք, մարդիկ կհասկանան, կլսեն և ժողովրդի կողմից թելադրվող որոշումները կիրականացնեն: Դա ամենալավ ձևն է:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել