HY RU EN

«Ծառուկյան» խմբակցությունը դեռևս որոշում չունի վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը դեռևս որոշում չունի վարչապետի թեկնածու առաջադրելու մասին: Այս մասին մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Հիշեցնենք, որ մինչև ապրիլի 30-ը ԱԺ խմբակցությունները կարող են առաջադրել վարչապետի թեկնածու, իսկ քվեարկությունը կկայանա մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին: 

«Եվս մեկ անգամ վերահաստատեմ մեր դիրքորոշումը, որ այդ հարցի հետ կապված քննարկումները շարունակվում են, նախօրեին Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ, և քննարկել էին ստեղծված իրավիճակը, նաև քաղաքական օրակարգի ձևավորման հարցերը: Քանի որ այս պահի դրությամբ հանդիպումները շարունակվում են, այդ մասով դեռ որևէ որոշակիություն, հստակ որոշում չկա, առաջիկա օրերին կլինի, և մենք կհրապարակենք»,- նշեց պատգամավորը:

Հարցադրմանը, թե բացառում են արդյոք սեփական թեկնածու առաջադրելը, Տոնոյանը պատասխանեց, որ բոլոր քննարկումները վարչապետի թեկնածության, նաև ցանկացած այլ քաղաքական ուժի, կուսակցության թեկնածուի վերաբերյալ շարունակվում են ապա կրկնեց, որ դեռևս որոշում չունեն այդ մասին: