
Վարդան Արամյանը՝ Նիկոլ Փաշինյանի թիմում աշխատելու մասին
Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը տեղյակ չէ, թե ինչու են ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ու փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը մեկնել Մոսկվա: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արամյանը:
«Եթե ես ձեզ հիմա ասեմ, որ գիտեք ինչ՝ ես հիմա հրաժարվելու եմ ՀՀԿ-ից և աշխատելու եմ, դուք կհարգե՞ք»,- այս մասին այսօր լրագրողների հարցին ի պատասխան, թե կաշխատի արդյոք Նիկոլ Փաշինյանի թիմում, ասաց ՀՀ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Արամյանը:
«Իմ խորին հարգանքը մեր հասարակության յուրաքանչյուր անդամի վերաբերյալ, բայց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հայտարարություն արել է, ասել է, որ պայմանավորվածությունները վերածվել են ուլտիմատումների, այդ պատճառով էլ չեն կայացել: Ավելին ես չեմ կարող հայտարարել»,-ասաց նա:
Վարդան Արամյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի քայլը ներդրողների կողմից դրական է ընկալվել, այսինքն ընկալվել է, որ ՀՀ-ն գնում է այնպիսի ճանապարհով, որը կառուցողական է, և չի կրկնում Ուկրաինայի սխալները:
Մեր հարցին՝ իր համար սկզբունքայի՞ն հարց է աշխատել միայն ՀՀԿ-ի ղեկավարած կառավարության կազմում, Արամյանն արձագանքեց, որ աշխատում է երկրի համար:
Մեր դիտարկմանը, թե արդյոք չի կարող մնալ և աշխատել երկրի համար Նիկոլ Փաշինյանի թիմում, Արամյանն ասաց, որ այդ դեպքում պետք է «Ելք»-ի անդամ լիներ:
Մեկնաբանել