
Բերդում մոտ 500 տավուշցի բողոքի ակցիա է իրականացրել
Արդեն չորս օր է՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում հավաքվում են հարյուրավոր ցուցարարներ Չինարիից, Այգեձորից, Չինչինից, Նավուրից, Արծվաբերդից, Մովսեսից, Նորաշենից, Վերին Կարմրաղբյուրից։ Նրանք միանում են Երևանում և հանրապետության մյուս շրջաններում ծավալվող շարժմանը և բողոքի ակցիաներ իրականացնում՝ տավուշցիներին կոչ անելով միանալ իրենց պայքարին։
Ինչպես «Հետք»-ին հայտնեց Այգեձորի բնակիչ Ծովինար Սաֆարյանը, Տավուշի մի շարք համայնքներում ավագ դպրոցների աշակերտները արդեն քանի օր է դասադուլ են հայտարարել և հրաժարվում են դպրոց գնալուց։ Նրա փոխանցմամբ՝ բողոքի ակցիաների շարժող ուժը այդ երիտասարդներ են։
«Շարժումը Այգեձորի երիտասարդների նախաձեռնությամբ է սկսվել, գյուղերում ավագ դպրոցի երեխանները, որոշներում էլ ամբողջ դպրոցը դասադուլ են արել, դեռ երեկ մեզ հետ ընդամենը 4 գյուղ էր, այսօր արդեն 10 գյուղի երիտասարդներ միացել են, արդեն մեծահասակներն են միանում»,- նշեց Ծովինարը։
Նրա փոխանցմամբ՝ գյուղերից առավոտյան երթով շարժվել և միացել են Բերդի ցուցարարներին։ Այսօր մոտ երկու հարյուր ցուցարարներ են հավաքվել Բերդում, որոնք պատրաստվում են շարունակել ցույցերը, եթե այսօրվա ընթացքում որևէ հանգուցալուծում չտրվի։ Գյուղերի ներկայացուցիչներից խորհուրդ է կազմվում շարժումը մինչև վերջ տանելու համար։
Ցուցարարի հաղորդմամբ՝ ցույցի առաջին օրերին հավաքի որոշ մասնակիցների բերման էին ենթարկում, բայց այժմ իրավիճակը հանգիստ է, որևէ ցուցարարի ոստիկանական բաժին չեն տանում։
Մեկնաբանել