
Արշավ` ընդդեմ Ամուլսարի հանքավայրի շահագործման (լուսանկարներ, տեսանյութ)
Քրիստինե Աղալարյան
Բնապահպանները, ակտիվիստները և քաղաքացիները, որոնք մտահոգված են շրջակա միջավայրի, մասնավորապես Ամուլսարի հանքավայրի շահագործման ապագա վտանգներով, այսօր արշավ են նախաձեռնել դեպի Վայոց ձոր: Հայկական բնապահպանական ճակատի համակարգող Լևոն Գալստյանը նշեց, որ Ամուլսարի հանքի շահագործումը լուրջ վտանգ է ներկայացնում Սյունիքի և Վայոց ձորի մարզերի համար, քանի որ աղտոտվելու են ջրի և հողի պաշարներ:
Եթե Ամուլսարի հանքը շահագործվի, տեղացիները կկորցնեն տնտեսական գործունեություն իրականացնելու հեռանկարները: Լևոն Գալստյանը նշեց, որ Ամուլսարի ամենամեծ վտանգներից մեկը ջրային պաշարների աղտոտումն է, որը կարող է 200-300 տարի տևել: Դրա կանխարգելման ծախսերը կգերազանցեն հանքի ողջ ընթացքում ստացվելիք շահույթը, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ շահագործողներին:




Ամուլսարի ճակատագրով մտահոգված քաղաքացիների նպատակն է ակտիվացնել տեղաբնակներին և քաղաքացիներին, որպեսզի կարողանան կանխել Ամուլսարի հանքի շահագործումը: «Հայաստանում կատարվող փոփոխությունների ֆոնին հյուսում ենք մեր թեման»,- նշեց Արփինեն:
Արշավի մասնակիցները Երևանից ուղևորվեցին Արենի, որտեղ ժողովրդին բաժանեցին իրազեկման թերթիկներ Ամուլսարի հանքի շահագործման վտանգների մասին:
Արշավականներն այնուհետև Եղեգնաձորում էին: «Ոչ մի հանք Ամուլսարում», «Մաքուր, կանաչ Հայաստան», «Պահպանեք Հայաստանի ջրերը» կոչերով արշավի մասնակիցները շրջցին Եղեգնաձորի կենտրոնական փողոցներում։
Ակտիվիստ Աննա Շահնազարյանը Եղեգնաձորում կոչ էր անում միանալ Ամուլսարի դադարեցման իրենց ակցիային և միահամուռ պայքարել հանքի շահագործման դեմ: Ակտիվիստները մի քանի րոպեով փակեցին Վայքի Ջերմուկի խճուղին։
Ամուլսարի հանքավայրի շահագործամ դեմ կազմակերպված արշավի հաջորդ կայարանը Գնդեվազ գյուղն էր, որտեղ արդեն իսկ կառուցվում է «Լիդիան»-ի հանքի տարալվացման հարթակը:
Մի խումբ գնդեվազցիներ և ջերմուկցիներ սպասում էին Երևանից ժամանած արշավականներին և, նրանց միանալով, շարժվեցին դեպի տարալվացման հարթակի անցակետի մոտ:
Հորդառատ անձրևն արագացրեց արշավականների ակցիան «Լիդիան»-ի տարալվացման փակ դռների մոտ, որտեղից նրանք շարժվեցին Զերմուկ:
Զերմուկի բնակելի հատվածում նախ բնակիչներին իրազեկելու ակցիա անցկացրին: Այնուհետև տեղափոխվեցին տուրիստական հատվածը: Այստեղ ակտիվիստները Հ. Թումանյանի «Չարի վերջը» բեմականացրին, և սար ու ծառին տիրացող աղվեսին, որը փոքր-ինչ փոփոխված սցենարով մարմնավորում էր «Լիդիան»-ին, գլխին հարվածելով հեռացրին թատերաբեմից:
Այդպիսի վերջով էլ արշավականները սպառնացին Ամուլսարը շահագործողներին և կոչերով հորդորեցին հեռանալ իրենց պատկանող սարից:
«Ամուլսարը մերն է», ««Լիդիան», հեռացիր» մանկարկումներով արշավականները վերջին կանգառը կատարեցին Զերմուկի «Լիդիան»-ի գրասենյակի մոտ, որտեղ անվռանգության աշխատակիցները փորձ արեցին սահմանափակել ցուցարարների տեղաշարժը` արգելելով նրանց մուտք գործել նախկին հյուրանոցի տարածք, որն այժմ օգտագործում է «Լիդիան»-ը:
Ռուսաստանից ժամանակծ արշավականներից մեկն անվտանգության աշխատողներին և ընկերության ներկայացուցիչներին դավաճան անվանեց, որոնք աշխատում են «Լիդիան»-ում և չեն մտածում իրենց երեխաների և հայրենիքի մասին:
Արշավականները սպառնացին ընկերության դիմաց, որ եթե «Լիդիան»-ը չհեռանա Հայաստանից, նրան ստիպողաբար կհեռացնեն, ինչպես դա արեցին ապրիլի 23-ին վարչապետի աթոռը զբաղեցրած Սերժ Սարգսյանին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել