
Երիտասարդները Փաշինյանի կառավարությունից արդարություն են ակնկալում
Նորայր Շողիկյան
Ապագա լրագրող Մհեր Թարոյանը, Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու դեպքում, տարբեր ակնկալիքներ ունի, բայց առաջին հերթին արդարության վերականգնմանն է սպասում։
«Դատական ոլորտից մինչև ստվերային տնտեսության վերացում բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք առաջնահերթ լուծում են պահանջում, բայց ամենակարևոր փոփոխությունը, որ ակնկալում եմ Փաշինյանի կառավարությունից՝ արդարության վերականգնումն է»,- ասում է Մհերը։
Արդարության հաստատմանն է սպասում նաև 19-ամյա Հայարփի Բաղդասարյանը։ Նրա հիմնական մտահոգությունը քաղբանտարկյալների ազատ արձակման հարցն է։
«Երբ քաղաքական այս բոլոր ընթացակարգերը բարեհաջող ավարտվեն ու արտահերթ ընտրություններից հետո նոր կառավարություն ձևավորվի, մարտի 1-ի գործի լուրջ քննություն ու մեղավորների պատժի կազմակերպում եմ ակնկալում։ Պետք է լրջորեն զբաղվել նաև քաղբանտարկյալների ու մասնավորապես՝ Գևորգ Սաֆարյանի ազատ արձակման խնդրով»,- նշեց Հայարփին։
Հանրապետության հրապարակում վարչապետի ընտրության քվեարկությանը սպասող Գևորգ Դավթյանը փոփոխություններ սպասում է բոլոր ոլորտներում ու վստահ է, որ Փաշինյանի ընտրության պարագայում դրանք կիրականանան։
«Հանրապետականները բոլոր ոլորտներում էլ թերացել են ու բացթողումներ ունեցել, և մեզ համակարգային փոփոխություններ են պետք։ Իսկ պարոն Փաշինյանը ժողովրդի ներկայացուցիչն է ու վստահ եմ՝ նա մեզ դեպի մեծ բարձունքների կտանի»,- ասում է Գևորգը։
Հանրապետության հրապարակում վաղ առավոտից բազմաթիվ երիտասարդներ են հավաքվել ու սպասում են վարչապետի ընտրության քվեարկությանը։
Մեկնաբանել