
Փաշինյան. «Բարձրագույն կրթությունը ստրատեգիական նշանակության ուղղություն է Հայաստանի Հանրապետության համար»
Վարչապետի ընտրության հարցով ԱԺ հատուկ նիստին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը, կարևորելով համաժողովրդական շարժմանը երիտասարդության ցուցաբերած մասնակցությունը, հետաքրքրվեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից, թե վերջինս ինչպես է վերաբերվում ուսանողության խնդիրներին:
Փաշինյանը շեշտեց, որ բուհական համակարգի կարևորագույն խնդիրը «իրական ինքնակառավարում ապահովելն է», ինչը այն կարևոր երաշխիքներից մեկն է, որը կապահովագրի բուհական համակարգը կուսակցականացումից և դրանից բխող մյուս արատավոր երևույթներից:
«Շատ կարևոր է, որ ուսանողներն ու դասախոսները ինքնակառավարման շրջանակներում ունենան մեխանիզմներ դասախոսական կազմի որակական չափանիշները բարձրացնելու համար, որովհետև չի կարելի վարչական որոշումներով ստիպել ուսանողներին, որ նրանք գնան և լսեն մի դասախոսի դասախոսություն, որը ուսանողների համատարած կարծիքով՝ իրենց որևէ գիտելիքով կամ աշխարհընկալմամբ չի հարստացնում»,- ասաց Փաշինյանը:
Խոսելով ուսման վարձավճարների մասին՝ «Ելք» խմբակցության ղեկավարը ընդգծեց, որ ուսման որոշակի առաջադիմություն ունեցող ուսանողները պետք է երաշխավորված լինեն վարձավճարների չվճարման պատճառով համալսարաններից դուրս մնալու հեռանկարից:
«Մենք պետք է սահմանենք չափանիշ, ըստ որի, օրինակ՝ առնվազն այսպիսի առաջադիմություն ունեցող ուսանողին վարձավճարի չվճարման պատճառով չի կարելի ընդհանրապես հեռացնել բուհից: Դա ակադեմիական շրջանակների խնդիր է, թե որն է այդ չափանիշը»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետի թեկնածուի կարծիքով՝ անհրաժեշտ է ավելի մեծ բյուջետային միջոցներ տրամադրել բարձրագույն կրթությանը, քանի որ դա ստրատեգիական նշանակության ուղղություն է Հայաստանի Հանրապետության համար:
Արձագանքելով Փաշինյանի պատասխանին՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը հայտարարեց, որ խորհրդարանում գտնվող յուրաքանչյուր անձ պետք է ունենա պարտավորություն և հասկանա, որ Հայաստանում երիտասարդությանը հերթական անգամ հիասթափեցնելու իրավունք չունի:
Մեկնաբանել