
«Ծառուկյան» խմբակցության բացակա պատգամավորի տեղեկանքը ԱԺ աշխատակազմը չի ընդունել
ԱԺ աշխատակազմը չի ընդունել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի ներկայացրած տեղեկանքը, որով պատգամավորը փոխանցել է վարչապետի ընտրության իր քվեարկության մասին որոշումը։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Վերջինս ասաց, որ պատգամավորն առողջական խնդիրներ ունի, վիրահատության է պատրաստվում, այդ պատճառով էլ չի կարողացել գալ, սակայն դա քարտուղարության կողմից համարվել է միայն հարգելի բացակայություն, և ոչ քվեարկության մասին տեղեկանք։ Զոհրաբյանն ասաց, որ ինքը ևս ԱԺ կանոնակարգ-օրենքով ճշտել է՝ պատգամավորները կարող են իրենց քվեարկության մասին տեղեկանք թողնել միայն այն դեպքում, երբ գործուղման են։
Ինչ վերաբերում է խմբակցության բացակա մյուս պատգամավոր Իշխան Զաքարյանին, Զոհրաբյանն ասաց, որ վերջինիս հետ կապի չեն կարողացել դուրս գալ։ Ստացվում է, որ եթե քվեարկությանը ժամանակ ներկա լինեն «Ծառուկյան», «Ելք» և «ՀՅԴ» խմբակցությունների բոլոր պատգամավորները, բացի Մանուկյանից և Զաքարյանից, ապա Նիկոլ Փաշինյանը կարող է ստանալ 45 ձայն, այսինքն ընտրվելու համար նրան անհրաժեշտ է առնվազն ութ ՀՀԿ-ական պատգամավորի ձայն։
Հիշեցնենք, որ վարչապետի ընտրությունն ընթանալու է անվանական՝ բաց ընթացակարգով։ Վարչապետը ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Եթե վարչապետ չի ընտրվում, ապա մեկ շաբաթ անց հրավիրվում են նոր ընտրություններ, որոնց տապալվելու դեպքում էլ խորհրդարանը լուծարվում է։
Մեկնաբանել