HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Դաշնակցական Աղվան Վարդանյանը պատրաստ է վայր դնել մանդատը, բայց չի քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Ազգային ժողովի հատուկ նիստի իր ելույթում այսօր հայտարարեց, որ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի քվեարկությանը չի մասնակցելու։ Նա ասաց, որ չնայած ՀՅԴ կուսակցությունը և խմբակցությունն ունեն որոշում, որպեսզի կողմ քվեարկեն, բայց նա չի մասնակցելու քվեարկությանը, և եթե կուսակցությունը որոշի՝ պատրաստ է անգամ վայր դնել մանդատը։

«Անձամբ ես բարձր եմ գնահատում Նիկոլի անձնազոհությունն ու վճռականությունը, ես հավատում եմ նրա ձգտումների ազնվությանը, այսօրվա ելույթը, հարցերի պատասխաններն այդ մասին են վկայում, բայց ես երբեք անձերով չեմ առաջնորդվել, կուռքեր չեմ ընդունում։ Ես վտանգի կանխազգացում ունեմ, այս պայմաններում չեմ կարող վստահ լինել, որ այս ամենը շատ ավելի մեծ խաղի բարդ ու բազմաշերտ սցենարների համակցություն չէ՝ ինձ առայժմ անհայտ ծալքերով, շահերով ու հետևանքներով։ Վստահ եղեք՝ ես առանց հիմքի ոչինչ չեմ ասում, և եթե այդ ծալքերն ինձ համար պարզ չեն, չեմ էլ կարող բացառել, որ անդառնալի հետևանքներ չեն ունենալու իմ պետականության համար»,- ասաց նա։

Պատգամավորն ասաց, որ այս ամենից ելնելով՝ չի կարող անձնական պատասխանատվություն ստանձնել և կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։

«Ես չեմ քվեարկելու, ես դաշնակցական եմ, կուսակցություն, խմբակցություն եմ ներկայացնում, որ կողմ քվեարկելու որոշում ունի, ինձ համար այս դժվար երկվությունից դուրս գալու մի ելք կա. եթե կուսակցությունս պահանջի, պատրաստ եմ վայր դնել մանդատս»,- ասաց Վարդանյանը։

Պատգամավորը կոչ արեց կողմերին որևէ պարագայում չգնալ բախման, քանի որ «արյունը որևէ մեկին չի ներվելու»։ «Միասին կազմակերպենք արտահերթ վստահելի ընտրություններ՝ երկիրը դուրս բերենք փակուղուց»,- ասաց նա։

լուսանկարը՝ yerkir.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter