
Արտակ Զեյնալյան. «Ժողովուրդը ուղղակիորեն իրացնում է իր ինքնիշխանությունը»
Վարչապետի ընտրության հարցով ԱԺ հատուկ նիստին ելույթով հանդես եկավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ փողոցները երբեք այսքան մարդաշատ չեն եղել, ինչպես այսօր, և դա Զեյնալյանը որակեց որպես «իրավունքի ինքնապաշտպանություն»:
«Եթե երկրում չկա խախտված իրավունքների իրավական պաշտպանության միջոց, մարդը ստիպված է լինելու դիմել իր բնազդային և լեգիտիմ իրավունքի ինքնապաշտպանությանը: Ժողովուրդը ուղղակիորեն իրացնում է իր ինքնիշխանությունը»,- նշեց պատգամավորը:
Խոսելով ժողովրդին «ցասման հասցնելու» պատճառների մասին Արտակ Զեյնալյանը շեշտեց ընտրակեղծարարությունների գործոնը՝ հարցադրում անելով, թե քանի հոգի է ներգրավված եղել կաշառքի գործընթացի մեջ, քանի հոգի են ստացել 10 հազար դրամները, քանի հոգի են բաժանել դրանք և քանի դպրոցի տնօրեն է ներգրավված եղել այդ գործընթացում.
«Խնդրում եմ՝ բարձրաձայն մի՛ պատասխանեք, ուղղակի մտքում ձեզ համար պատասխանե՛ք, որովհետև բարձրաձայն արգելված է դրա մասին խոսելը: Եվ այս բոլոր մարդիկ գիտեն, թե ինչպես է ձևավորվել ընտրական կամքը, և մենք որպես օրենսդիր մարմին չենք արտահայտում ժողովորդի իրական կամքը...մարդկանց ցասումը արդարացի է»,- ասաց Արտակ Զեյնալյանը:
Շարունակելով իրավունքի ինքնապաշտպանության թեման՝ պատգամավորը նշեց, որ չկա կողմնակի օբյեկտիվ դիտորդ, որպեսզի գնահատի՝ իրավունքի պաշտպանության սահմանը իրավաչա՞փ էր, թե՞ ոչ: Ըստ Զեյնալյանի՝ դա հաղթողն է գնահատում:
«Որևէ մեկս չէր սպասում, որ այսպիսի բան տեղի կունենա: Անհավանականը իրականացվել է: Տեսե՛ք, թե ժողովուրդը ինչքան երջանիկ է»,- նշեց Զեյնալյանը:
Ըստ Զեյնալյանի՝ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար Ազգային ժողովը պետք է ցրվի, և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի առաքելությունը պետք է լինի ժամանակավոր կառավարությունը նախապատրաստել երկիրը և օրենքները արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար:
«Մենք առաջիկա հինգ տարիների համար վարչապետ չենք ընտրում, այդ պատճառով պետք չէ նրան տալ հարցեր, որոնք նշված խնդիրներից դուրս են»,- հայտարարեց Զեյնալյանը:
«Ելք» խմբակցության պատգամավորը շեշտեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի կարող երկրում արդար և թափանցիկ ընտրություններ կազմակերպել, և ավելացրեց, որ հրապարակում կանգնած ժողովուրդը նույնպես չի հավատում դրան:
«Ես ձեզ համոզում եմ, ես ձեզ հորդորում եմ՝ քվեարկել և հանգուցալուծել այս խնդիրը»,- դիմելով պատգամավորներին՝ իր խոսքն ավարտեց Արտակ Զեյնալյանը:
Մեկնաբանել