HY RU EN

Գագիկ Աղբալյան

Ոստիկանն ակցիային դեմ չէ, դեմ է աղբամաններով ճանապարհ փակելուն (տեսանյութ)

Այս պահին փակ են Դավիթ Անհաղթի, Ուլնեցու փողոցները, ինչպես նաեւ Լամբադա կամուրջը (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան): 

Քաղաքացիները փողոցները փակել են ավտոմեքենաներով եւ աղբամաններով: Նրանք, ովքեր որոշել են այնուամենայնիվ հասնել աշխատավայր, ստիպված են պարզապես ոտքով անցնել փակ փողոցները, քանի որ հանրային տրանսպորտի աշխատանքը կաթվածահար է եղել: Նկատեցինք նաեւ, որ Դավիթ Անհաղթի փողոցը ոտքով անցնող երեք քաղաքացի կպչուն ժապավեններով կապված ճամպրուկներով են, ինչը նշանակում է, որ նրանք մեկնում են օդանավակայան՝ չվերթի: 

Փակ փողոցներում ոստիկաններ չկան: Մի պահ Դավիթ Անհաղթ-Ռուբինյանց միացման հատվածում հայտնվեցին երկու սպաներ՝ քաղաքացիներին հորդորելով ուղղակի չօգտագործել «Սանիթեք» ընկերության աղբամանները: «Ձեզնով փակեք փողոցը, կուզեք՝ ավտոմեքենաներով: Միայն թե, խնդրում եմ, աղբամաններին ձեռք մի տվեք»,- ասաց սպաներից մեկը:

Երկրորդ ոստիկանը քաղաքացիներից մեկից պահանջեց բացել ավտոմեքենայի պետհամարանիշը: «Դու չես լսել, նույնիսկ միտինգում են ասել՝ մեքենաների համարները մի փակեք»,- հորդորեց ոստիկանը:

Հիշեցնենք, որ երեկ` Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորների ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվելուց հետո, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերսկսկել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, այսօր վաղ առավոտից` 8:15-ից, շրջափակել հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիները` փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, միջպետական ճանապարհները, հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ: