
«Երանի քնեի ու չարթնանայի»
Ամբողջովին սեւի մեջ կորած կինը երկու հսկա տոպրակ էր քարշ տալիս դեպի կիսակառույց շենքը: Մենք մոտեցանք նրան: Հայհոյելով ինչ-որ մեկին՝ նա քարշ էր տալիս տոպրակները, որոնց մեջ թղթի կտորներ են, պլաստիկ շշեր, ուտելիքի մնացորդներ: Կնոջ երեսը մրոտ է, դեմքին ընդգծվումէին միայն աչքերի սպիտակուցները: Նա Երեւանի երկաթգծի կայարանի մեկ տասնյակի հասնող անտուններից է' սեւանցի Գոհարը:
Հունվարի 13-ին Գոհարը կդառնա քառասունհինգ տարեկան:
Նրա տասնյոթամյա որդին տատի' Գոհարի խորթ մոր հետ ապրում է Սեւանում: Գոհարը ոչ նպաստ է ստանում, ոչ էլ աշխատում է: Մինչ այս նա քսանհինգ տարի աշխատել է տարբեր հիմնարկներում: Հիմա դարձել է թափառաշրջիկ եւ ապրում է կայարանի մոտ գտնվող կիսակառույց շենքի առաջին հարկում:
Գոհարն ամուսնացել է 1980 թվականին. «Երեւանի էրեբունի թաղամասում էինք ապրում: Ամուսինս 1993-ին մահացավ, ես էլ տունս ծախեցի, որ որդուս հետ գնամ Ռուսաստան' քրոջս մոտ: Հայաստանում էդ ժամանակ ռուսական փող էր, մի ամիս հետո փողը փոխվեց, դարձավ հայկական դրամ, եւ իմ ամբողջ փողը կոպեկ դարձավ, ու ես մսխեցի»,-պատմում է Գոհարը:
Դրանից հետո նա որդուն տանում է խորթ մոր մոտ' Սեւան, իսկ ինքն աշխատանք է փնտրում Երեւանում: Որոշ ժամանակ հետո տեսնում է, որ փողոցից բացի ուրիշ տեղ չունի գնալու. «Ես հազիվ եմ գնում իմ վառելիքի հետեւից, ոտքերս հիվանդ են: Էս շուկայի մարդիկ են օգնում, հաց են տալիս, փող: Էսքան հանրակացարաններ կան դատարկ սենյակներով, ինչու՞ չեն տալիս մարդկանց, որ գոնե վճարելով ապրեն: Ինձ բոմժ են ասում: Ինձ ասողը թող ինքը հասկանա բոմժ բառի իմաստը: Ես բոմժ չեմ, ես թափառաշրջիկ եմ: Աղբարկղներն ընկած վառելիք եմ ման գալիս, թեկուզ հաց, որ գոյատեւեմ: Իրենք որ տան մեջ են ապրում, իրենք բոմժ չե՞ն: Իրենք ավելի մեծ բոմժեր են»:
«Իսկ ինչու՞ չես գնում տղայիդ հետ ապրես»,- հարցնում եմ:
«Պիտի գնամ, ձմեռն այստեղ չեմ կարող դիմանալ: Գնամ գոնե ձմեռը մնամ:
Ուղղակի գիտե՞ք ոնց, պետք է մարդուն ճիշտ հասկանալ, թերթի մի կողմը չեն կարդում, կարելի է չորսն էլ թերթել, չէ՞: Ծնողներ չունեմ, խորթ մայր: Ես ինքս չեմ կարողանում համակերպվել»:
«Կարո՞ղ է էս կյանքը ավելի է քեզ դուր գալիս»,- հարցնում եմ:
«Ոչ: Եթե դուք մի օր էսպես ապրեք, չեք դիմանա: Ու ես ինքս իմ վրա նույնիսկ զարմանում եմ, որ ես այնտեղ թողած տուն-տեղ հիմա էստեղ այսպես տանջանքով ու տառապանքով ապրում եմ: Իմ ընկերները իմ շներն են: Սեւուկս էս է հետեւիցս գալիս է: Կյաժուլս էլ ֆռֆռում է: Իրենք են հետս քնում, տաքացնում են, մի շշուկ է լինում, հաչում են»:
«Իսկ եթե Սեւանում գործ ճարես, կմնա՞ս»,- հարցնում եմ:
«Իհարկե: Տղաս մի քանի անգամ եկել է ինձ տանելու: Բայց գնամ ի՞նչ անեմ, իրենց վրա բեռ եմ, իրենք հազիվ են ապրում: Գրեք ինչքան ուզում եք, նկարեք, միեւնույն է՝ իմ վիճակը չի փոխվելու»:
«Գոհար, երբ մենակ ես, ինչի՞ մասին ես մտածում»,- հարցնում եմ:
«Իմ ուղեղն արդեն ինձ չի ենթարկվում: Մի վայրկյանում հազար ու մի բան է միանգամից անցնում: Ամենաշատը մտածում եմ՝ երանի քնեի ու չարթնանայի»:
Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի
Մեկնաբանել