Ազգային գրադարանի աշխատակիցները միանում են գործադուլին
Այսօր Հայաստանում սկիզբ առած գործադուլներին միացել են նաև Ազգային գրադարանի աշխատակիցները:
Նրանք «Հետք»-ին տեղեկացրին, որ մինչ այս էլ մասնակցել են շարժմանը, իսկ այսօր միանում են գործադուլներին: Այժմ քայլում են դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ հավաքված է իշխանափոխության զանգվածային ակցիաների մասնակիցների մի մասը: Գրադարանի համալրման բաժանմունքի պետ Անժելա Սամսոնյանը հայտնեց, որ գործադուլ է անում ազգային գրադարանի աշխատակիցների մեծ մասը:
Հիշեցնենք, որ երեկ` Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորների ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվելուց հետո, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերսկսկել քաղաքացիական անհնազանդության տոտալ գործողությունները, այսօր վաղ առավոտից` 8:15-ից, շրջափակել հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիները` փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, միջպետական ճանապարհները, հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ:
Մեկնաբանել