
«Մի խաչ կանգնեցնելու համար ու՞մ տունը քանդենք, թագավոր»
Թափառաշրջիկներ Ռոբերտը եւ Գայանեն ուղեկցում են մեզ' ցույց տալու Երեւանի անտունների կյանքը: Գայանեն պատմեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասներկու բոմժ ցրտահարվել են ու մահացել: Մի քիչ վերեւ քայլելուց հետո մայթեզրին տեսանք կրակի մոտ նստած ծերունուն' Միշային:
Միշան նստած էր Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի տանող աստիճանաշարի սկզբնամասում: Նրա չորս կողմում թղթեր են, պլաստիկ շշեր: Գիշերները մնում է հենց այստեղ:
Աշտարակի Ձորափ գյուղից է: 68 տարեկան է, 8500 դրամ թոշակ է ստանում: Ձորափում ապրում են հաշմանդամ որդին եւ հարսը: «Նրանց պահելու համար եմ հավաքում փողը: Օր կա հավաքում եմ 700, 800 կամ 1000 դրամ, նայած օր»,- ասում է Միշան: Նրա երկու թոռները Գավառի մանկատանն են: Միշան գիշերը մնում է հենց այստեղ' «Այրարատ» կինոթատրոնի դիմացի մայթին:
Մենք շարունակում ենք քայլել Երեւանի կենտրոնում: «Դու ինչպե՞ս ես հայտնվել փողոցում»,-հարցնում եմ Գայանեին: Ամբողջ ճանապարհին Ռոբերտը խմում էր «æերմուկի» շշի մեջ բացած սպիրտը: Նա արդեն հարբել էր:
«Գիտես, իմ ընտանիքը դժվար ընտանիք է: Փողոցներում եմ: Սովորություն է, ես փողոցին եմ սովորել: Դժվար է նրանց հետ, ես նորից իմը պետք է ստեղծեմ: Նրանց հետ արդեն չեմ կարող ապրել: Կարող եմ հողամաս էլ մշակել, մենակ մի տեղ լինի, գնամ նոր կյանք սկսեմ»:
Նա երկու տարի է փողոցում:
Մեկ էլ միանգամից Ռոբերտը բարկացավ Գայանեի վրա եւ ասաց' դու գնա կացարան, ես հետո կգամ: Գայանեն հլու-հնազանդ թողեց, հեռացավ: «Սպասի՛ր»,-նրա հետեից գոռաց Գոռը, ա՛ռ էս սիգարետը, որ ծխելու բան ունենաս»: Գայանեն վերցրեց տուփը, մի քանի հատիկ հանեց, դրեց Ռոբերտի գրպանը, գնաց:
Ռոբերտը մեզ բերեց Հյուսիսային պողոտայի նորակառույցներից մեկի մոտ. «Այս եւ կողքի շենքերի նկուղներում մի քանի հոգի են մնում: Հիմա կմտնենք, եւ դուք կտեսնեք, թե ինչ կյանքով ենք ապրում»:
Մենք իջնում ենք նկուղ: Մութ է եւ լռություն: Գնում ենք Ռոբերտի հետեւից՝ կրակայրիչով փորձելով լուսավորել ճանապարհը: Նա սկսում է կանչել՝ Գոռ, ոչ մի ձայն չկա: Որոշ ժամանակ անց մենք թեքվում ենք ինչ-որ տեղից եւ քիչ հեռվում տեսնում ենք խարույկի կողքին նստած Գոռին: Շունը սկսում է մռմռալ: Գոռը ոչ մի շարժում չի անում, անտարբեր է: Առանց գլուխը մեր կողմը շրջելու՝ հանկարծ ասաց. «Գնացե՛ք այստեղից: Ինչու՞ եք ինձ խանգարում: Թողե՛ք իմ թթվածինը շնչեմ»:
Բայց մենք արդեն նրա կողքին ենք, իսկ հարբած Ռոբերտն էլ արդեն պպզել է նրա կողքին եւ խաղում է շան հետ: Ռոբերտի հարցերին Գոռը չի պատասխանում եւ անընդհատ ասում է՝ գնա՛ այստեղից:
«Գոռ, ի՞նչ մասնագիտություն ունես»,- հարցնում եմ:
«Ինքնասպան»,- կտրուկ պատասխանում է նա:
Ռոբերտը շարունակում է ինչ-որ հարցեր տալ Գոռին:
«Ես աղաչում եմ քեզ, մի՛ խոսա, պաղատում եմ քեզ, մի՛ խոսա: Ես խոսալուց փախել եմ, որ լսեմ ինքս ինձ: Ես ուրիշ ձայներ եմ լսում»:
Մենք հասկացանք, որ իզուր ենք Ռոբերտի հետ եկել այստեղ: Գոռը Ռոբերտին տանել չի կարողանում:
«Տղերք ջան, շնորհակալ եմ, որ դուք եկաք, բայց ես ուրախ չեմ էնքանով, որքանով ինքը շատ է խոսում: Չեմ սիրում շատախոս մարդկանց: Նրա ներկայությունը ինձ տհաճ է: Չորս ժամ խոսում է, բան չի ասում: Խոսում է, բան չի ասում»:
Գոռը ռեժիսոր-դերասան է, նկարահանվել է երկու ֆիլմում (խաղացել է «Ձորի Միրո»-ում), տարբեր թատրոններում բեմադրել է մի քանի տասնյակ ներկայացումներ: Ինը տարի է ապրում է թափառաշրջիկի կյանքով: Ռոբերտը զուգահեռաբար խոսում էր, իսկ ես հարցեր էի տալիս Գոռին: Նա դժկամությամբ էր պատասխանում:
«Է՜, ո՜նց եմ հոգնել էս գրավիտացիայից: Չեմ քնում, վաղուց չեմ կարողանում քնել: Մեդիտացիայի պես մի բան է լինում: Իմ ընկերները ռեժիսորներ են, օպերատորներ են, նկարիչներ, ֆիզիկներ, մի խոսքով՝ հանճարեղ խելագարներ:
Ուղղակի չեմ սիրում, երբ սկսում են խոսել: Իմ տեղը կորցնում եմ, իմ գրավիտացիան: Ես չեմ ասում թե միզանտրոպ եմ, բայց չեմ սիրում խոսող մարդկանց»:
Ռոբերտի հարցերը կատաղեցնում էին Գոռին: Նա ձեւեր էր փնտրում նրանից ազատվելու.«Ռոբե՛րտ, գնա ջուր բեր, հա՞, գնա՛, դա էլ կլինի քո դրախտի ճանապարհը»: Բայց Ռոբերտը շարունակում է նոր բաներ պատմել:
Գոռը սկսում է շվացնել:
Ռոբերտը տեղից մի քանի վայրկյան լսեց ու ասաց. «Ուրվականդ է չոքել վզիդ, Գոռ, ես եմ՝ Ռուբոն: Ուրվականի պես չոքել եմ վզիդ»:
Ռոբերտը փորձեց կծել փոքրիկ շան մռութը:
Գոռը բարկացավ. «Չկծե՛ս, ապու՛շ: Ես հոգնել եմ էս գրավիտացիայից: Սու՛ս մնա, էլի: Քո հանճարեղությունը քո ապուշության մեջ է, սու՛ս մնա»:
«Էս միայնության մեջ ես իմ հոգին եմ զգում, թե ով եմ ես: Ոչ թե այն ինչ ապրել եմ, դա նոստալգիայի հարց չէ: Այլ՝ ես ով եմ: Չկայացած մարդու կայացման մասին է խոսքը: Ոչ թե պիտի կայանաս կամ կայացել ես, այլ ով ես: Էդ չկայացած մարդու կայացման մասին է խոսքը: Ի՞նչ չկարողացար, չկայանալու մասին է խոսքը: Զրո պահի մասին է խոսքը: Ինչու՞ են զուգարանը երկու հատ զրո դնում: Կեղտ է»,-բարձրաձայն խորհում է Գոռը:
-Ինչու՞ ես ուզում մենակ ապրել, մարդկանց չլսել:
-Որովհետեւ ոչինչ չեն ասում: Ի՞նչ լսեմ, ինչի՞ մասին լսեմ:
-Գոռ, ընտանիք ունե՞ս:
-Գիտե՞ս, բաներ կան, որ չեն լրացնում հոգեւոր հանգիստը: Երեխեն էլ չի լրացնում: Եկել ես էս աշխարհ, մի երկու-երեք երեխա պիտի ունենաս, էլի: Երեխան քեզ չի լրացնում, ինքն էլ ինքն է: Իմ տղեն իմ տղեն է, ինքն է: Իմ կինը իմ կինն է, ինքն է:
Գոռը Ղարաբաղյան պատերազմի մասնակից է, երկրորդ կարգի հաշմանդամ:
Խոսակցության ընթացքում Ռոբերտը հարցրեց. «Գոռ, հիմա դու ինձ չե՞ս սիրում»
Պատասխանը չուշացավ. «Լսի՛ր, ապու՛շ, ես որ ինձ ատում եմ, քեզ ո՞նց կարող եմ սիրել»: Այլեւս չդիմանալով Ռոբերտի հարցերին՝ ավելացրեց. «Մեղք եմ հա, արա, դժոխքում էլ չեմ կարո՞ղ ապրել, ուրեմն քավարա՞ն պիտի գնամ: Ոչ մի հարց ոչ պատասխան ունի, ոչ էլ լուծում»:
Այլեւս անհնար էր Ռոբերտի ներկայությամբ խոսել, եւ մենք հրաժեշտ տվեցինք Գոռին: Ռոբերտը մեզ մի տեղ էլ տարավ, սակայն լաթերի մեջ ոչ ոք չկար, եւ գիշերվա ժամը 4-ին մեծ դժվարությամբ հրաժեշտ տվեցինք Ռոբերտին: Նա չէր ուզում մեզ թողնել:
Ես մենություն եմ ուզում
Երբ երկրորդ անգամ այցելեցինք Գոռին, դուրս էր եկել իր կացարանից՝ մոմ գնելու: Նրան բարեւելու պահին մոտեցավ մաեստրո Լորիս Ճգնավորյանը: Գոռն ու մաեստրոն իրար տեսնելով ուրախ բացականչեցին ու ողջագուրվեցին: Պարզվեց՝ նրանք երկար տարիների ծանոթներ են:
Մոմերը վերցնելով՝ իջանք Գոռի կացարանը: Մեր զրույցին ոչ ոք չէր խանգարում:
«Քանի՞ տարի ես դրսում»,- հարցնում եմ Գոռին:
«Ես դրսում չեմ, ես ներսում եմ: Սա դուրս չէ: Կարող է հինգ աստղանի հյուրանոցում լինես ու դրսում լինես, սա դուրս չի: Ես մենակ չեմ: Ես եմ, շունս է, մոմերս, մտքերս»:
Հարազատները անընդհատ նրան տուն են կանչում, բայց նա չի ուզում գնալ: Գոռը բանաստեղծությունների երեք գրքույկ ունի: Նա այստեղ էլ շարունակում է ստեղծագործել: Մեր զրույցի ընթացքում նրան պարբերաբար խնդրում էի արտասանել, եւ նա դա անում էր հաճույքով:
***
Այն օրը, ինչ մեր թագավորը սրից պոկեց խաչը,
Մեր բոլոր օրերը դարձան նահանջ:
Նահանջի ճամփեքին չպատահեց մանանա, այլ քար,
Հավաքեցինք այնքան, որքան որ կար:
Հավաքեցինք այնքան, որ դարձանք կետ
մեր հավաքած քարերի կույտի վրա:
Մեջք-մեջքի տվեցինք, բայց թիկունք չեղանք:
Մեզ թվաց, թե տիեզերքը սրտի պես է միշտ բաբախում:
Պարզվեց՝ այն հեռանալով մեծանում է, եւ մենք փորձեցինք հեռանալ:
Ավելի փոքրացանք, սխալների պարադոքս:
Մեր խոշոր քթին ինչ-որ դեղ է հարկավոր:
Որ տեսանկյունից էլ որ նայենք, դարձել ենք թափոր:
Մի խաչ կանգնեցնելու համար ու՞մ տունը քանդենք, թագավոր:
Նահանջելու էլ տեղ չկա,
Միածնի ոտքի համար
Մի թիզ հող է հարկավոր:
***
-Էս կյանքից ի՞նչ ես ուզում, դու այսպես կսպառվես չէ՞, արդեն վատ ես զգում, հիվանդ ես,-հարցնում եմ Գոռին:
-Ես ոչինչ չեմ ուզում, կյանքն է ինձնից ուզում: Ես վախենալու բան չունեմ, ես նունիսկ խրամատներում չեմ վախեցել: Ղարաբաղում եմ եղել՝ «Արծիվ-2», «Արծիվ-4», «Սասնա ծռերի» հետ եմ եղել:
-Կռիվներին մասնակցել ես, կարո՞ղ է փողոցում հայտնվելու պատճառը պատերազմն էր,-հարցնում եմ ես:
-Ո՛չ,-կտրուկ պատասխանում է Գոռը ու շարունակում,-Ընկերներից մեկը գիտե՞ս ինչ հարցրեց, ասում է՝ կարո՞ղ է կնոջդ հետ լավ չես: Ես ծիծաղում եմ, որ մարդիկ միայն այսքանը կարող են մտածել: Իրականում սա իմ դժբախտությունը չէ, սա ազգային դժբախտություն է, մեծ: Հասկանու՞մ ես, ես որ այստեղ եմ, ուրախ եմ, բա որ մեկը Լոս Անջելեսում է, կարող է դժբախտ չի՞: Կամ, ասենք, Լիոնում:
***
Մի տաք արեւ լիներ, ուտեր թախիծն այս ձանձրալի,
Խիղճս թող ինձ ներեր ու հանգիստ տուն գնայի,
Ու քամու թեւով, մատներով քամու,
Թող խոնարհվի թեթեւ ծառը ոսկեթեւ:
Իմ մենավոր, ինչու՞ դարձրիր ինձ սգավոր:
***
«Լավ, Գոռ, դու ասում ես՝ սա ճիշտ ապրելու ձեւ է, հիմա ի՞նչ, մենք էլ գա՞նք այստեղ»:
«Ճիշտ ապրելու ձեւ չի, կարող է ստեղ հյուրանոց է,-ծիծաղում է Գոռը,-Նայած ի՞նչ հոգեբանության տեր մարդ ես: Ես մենություն եմ ուզում: Ձեզ հետ հիմա խոսում եմ չէ, ուրիշ մարդ մի րոպեից ավելի չի մնա, վռնդում եմ: Շշերս վերցնում եմ, մի կտոր հաց, գալիս եմ եւ քսան ժամ պառկում եմ այստեղ: Ես ծույլ չեմ: Ինձ պետությունը թոշակ է տալիս, չեմ վերցնում, տասը տարի ստացել եմ, հիմա չեմ վերցնում, չեմ ուզում, ասում եմ՝ տվեք մեկին, ով չի կարողանում ապրել: Շիշ եմ հավաքում, չոր հաց: Հինգ կիլո հացը երկու հարյուր հիսուն դրամ արժե: Հավաքածս շշերը փող արժեն: Ամեն գիշեր շենքի բնակիչները բերում-դնում են մուտքերում: Հաց են դնում, շոր են դնում, երբեմն փող են տալիս: Չնայած՝ աշխատում եմ փող չվերցնել: Ինձ գործ էլ են առաջարկում, ես չեմ ուզում, ասում եմ՝ ինձնից ի՞նչ գործ անող, ինձ ոչ մի բան պետք չի:
Ես ընկերներ չունեմ, թափառաշրջիկներին էլ չեմ հանդուրժում: Նրանց ասելիք չունեմ, ընդհանուր որեւէ բան չունեմ նրանց հետ:
Շորերով չեմ քնում, հանվում եմ՝ նոր, թե չէ կսառչեմ այստեղ:
Հիմա իմ ամենամոտ ընկերն այս շունն է, սրան էլ չեմ կորցնի: Մինչեւ էդ երկու հատ ունեի' Համլետն ու Օֆելյան, ամուսնացան, գնացին: Էս մեկին չեմ կորցնի, ձագ էր, կաթվածահար գցած էր մի տեղ, չէր քայլում: Տարա անասնաբույժի մոտ, բուժեցինք, մի կերպ ոտքի կանգնեց»:
***
Ծաղկեց հացը:
Ոսկորից դանակի հոտ եկավ, մա՛րդ, փակի՛ր դուռը:
Հուշերը որ ծանր են, քան երկաթը,
Լից ճամպրուկների մեջ, որ լույս շողա ճամպրուկներին,
Եւ շախմատի զինվորի պես անընդհատ քայլիր արքայություն:
***
«Մարդու ամենամեծ ցավն այն է, որ երբ մարդու ցավոտ կողմն ես սեղմում, այն ժամանակ է «ա՜խ» անում: Այդ «ախը» պետք է, երբ ամեն ինչ լավ է: Բայց դա էլ է հարաբերական, Էյնշտեյնը այստեղ կապ չունի իր հարաբերականության տեսությամբ: Բանն այն է, որ դու մենության մեջ զգում ես ամբողջ նյութական տիեզերքը՝ ի՞նչ է կատարվում ընդհանրապես, բայց մինչեւ այդ պետք է քո մեջ եղած լինի, հո դու չե՞ս հորինելու, դու պետք է ունենաս էդ պոտենցիալը, որ գաս եզրակացության: Այսինքն՝ դու մի քառասուն տոկոս պիտի իմանաս, որ մնացած մի հինգ-չորս տոկոսն էլ ինքնուրույն գտնես»:
«Իսկ օրդ ո՞նց ես սկսում, Գոռ»:
«Օրս օրհնանքով եմ սկսում' փառք Տիրոջը: Իսկ թե ո՞վ կլինի տերը՝ Հուդան, Կրիշնան, Քրիստոսը, ով ուզում է լինի, Տիրոջն եմ փառք տալիս»:
***
Մեջքս քոր է գալիս,
Ձեռքս չի հասնում,
Մեջքս քսում եմ պատին,
Պատն ասում է' անասուն:
***
«Իսկ կարող է դու չկայացվածության բարդու՞յթ ունես: Անցյալ անգամ դու նման մի միտք ասացիր, թե՞ սխալ եմ հասկացել»,-հարցնում եմ Գոռին:
«Չէ՛, ի՞նչ ես ասում, մարդը չի կայանում երբեք: Բայց կան մարդիկ, որոնք գիտակցում են իրենց չկայացվածությունը: Մարդը կարող է ապրել միլիոնների, վիլլաների մեջ, բայց այդպես էլ չգիտակցի, որ ինքը չի կայացել: Բայց մարդը կա: Մարդիկ էլ կան, որոնք զգում են, որ չեն կայացել, բայց նաեւ զգում են, որ կարող են կայանալ: Հանգամանքերի բերումով չի կայացել: Հանգամանքները սոցիալական չեն: Ժամանակահատվածի հարցեր կան այնտեղ: Գիտե՞ս ինչն է վիրավորական: Մարդը միշտ իր մեղքը գցում է ինչ-որ բաների վրա՝ հանգամանքի, ժամանակի, պատահարի վրա, բայց այդպես չի, եթե ուզում ես կայանալ, կկայանաս, եթե չես ուզում, չես կայանա: Ի՞նչ է հարկավոր կայանալու համար, կոնկրետ՝ ինչու՞ եմ ես այստեղ: Սեփական մեղքի գիտակցումը շատ քիչ է: Ուղղե՞լ, դա էլ մի բան չի: Սեւակը լավ էր ասում. «Ամեն մի սխալ ուղղելիս ակամա գործում ենք նոր սխալ»: Այստեղ հաճելի չէ, իհարկե, տհաճ է այստեղ ապրել»:
48-ամյա Գոռն ամառներն անցկացնում է Հրազդանի կիրճում' գետի ափին:
-Նոր տարին ինչպե՞ս ես անցկացնելու:
-Տոնածառ կդնեմ, շանս հետ կանցկացնեմ: Նա սիրում է, երբ գլուխը շոյում եմ, կշոյեմ գլուխը»:
«Ինչքա՞ն ես խմում»:
«Օրը մի շիշ: Մրսում եմ, ցուրտը սառեցնում է ինձ, մի կես բաժակ խմում եմ, մի ժամ դիմանում եմ: Ցերեկն ընդհանրապես չեմ խմում, մենակ գիշերն եմ խմում»:
Գոռը չորս երեխա ունի, երկու թոռ: Մեծը Գավառի թատրոնում է, միջնեկը Ճարտարագիտական համալսարանում է սովորում: Կրտսեր աղջիկը տասներորդ դասարանում է, իսկ փոքր տղան՝ ութերորդում:
«Գիտե՞ս, արժեքները պայմանների մեջ չեն, այլ հոգեւորի: Ուղիղ մեկ տարի երկու օր է չեմ տեսել ընտանիքիս: Ինչու՞ չեմ տեսնում, դժվարություն չկա, մի կես ժամվա ճամփա է: Ուղղակի չեմ ուզում: Կարոտել եմ երեխեքին, բայց չեմ ուզում տեսնել նրանց: Չէ, վատ իմաստով չհասկանաս: Չեմ ուզում ոչ մեկին տեսնել: Իմ ամենամեծ ընկերն իմ լռությունն է»:
Գոռը տարբերվում է Երեւանի բոլոր բոմժերից. նա ապրում է այնպես, ինչպես ինքն է ուզում:
Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի
Մեկնաբանել