
Արայիկ Պապիկյան. «Քաղբանտարկյալների հանդեպ պետք է կիրառվի համաներման ակտ»
Փաստաբան Արայիկ Պապիկյանը դատարաններում պաշտպանում է հիմնականում քաղաքական բանտարկյալների շահերը: Նա ընդգրկված է հայկական «Բաստիլի» ազատագրման կազմկոմիտեի խմբում՝ այլ փաստաբանների, իրավապաշտպանների, մտավորականների ու արվեստագետների հետ միասին: Հայկական «Բաստիլի» ազատագրումը դիտարկվում է որպես «Իմ քայլը» թավշյա հեղափոխության առաջնային խնդիր: Նպատակն է` քաղաքական բանտարկյալների ազատումը օրինական քայլերով:
«Քաղբանտարկյալների հարցի հանգուցալուծումը պիտի լինի բացառապես օրինականության սահմաններում: Այն գործերով, որոնք դեռ նախաքննության կամ դատաքննության փուլում են, պիտի ժամ առաջ խափանման միջոց կալանավորումները վերացվեն: Ինչ վերաբերում է այն քաղբանտարկյալներին, ովքեր, չեմ ուզում այդ բառն օգտագործել, բայց օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով պատիժ են կրում, նրանց նկատմամբ առնվազն պիտի կիրառվի համաներման ակտ»:
Թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարում է երկրում օրինականության հաստատման պահանջի, օրենքի առաջ բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքի գործունակության մասին: Հետևաբար, դատական համակարգում ինչի՞ց պետք է սկսել փոփոխությունը:
Առաջին ու կարևոր գործը, ըստ փաստաբան Արայիկ Պապիկյանի, նոր Սահմանադրության մշակումն է, որտեղ պետք է երաշխավորվի դատական իշխանության անկախությունը: Պապիկյանը չի խոսում սահմանադրական փոփոխություններ կատարելու մասին, այլ բացառապես նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության, որտեղ իշխանությունների երեք ճյուղերի տարանջատման հստակ մեխանիզմներ պետք է լինեն: Փաստաբանի կարծիքով, նոր Սահմանադրության նախագիծը պետք է լայն հանրային քննարկման դրվի, ոչ թե մեկ անձ որոշի սահմանադրական հանձնաժողովի կազմը: «Եթե նոր Սահմանադրություն չընդունվեց, որոշ ժամանակ հետո վերադառնալու ենք նույն ելման կետին: Էական բան չի փոխվի: Նորից հուսահատություն կտիրի»,-ասում է նա:
1990-ականներին` նորանկախ Հայաստանի առաջին տարիներին, դատական համակարգի լրջագույն կադրային փոփոխություններ, կարծես, չեղան: Նախկին ՊԱԿ-ի քննիչներից ոմանք դարձան դատավորներ: Այսօր տեսնո՞ւմ եք դատվորներ փոխելու անհրաժեշտություն:
Միանշանակ՝ այո՛: Պատկերացրեք՝ դատավոր, ով կյանքում միայն մեղադրական դատավճիռներ է կայացրել: Բնական է՝ նա հաջորդ օրերին չի արթնանալու ու սկսի կայացնել օբյեկտիվ արդարացման դատավճիռներ:
«Զանգերի» ինստիտուտը, հրահանգները, կոռուպցիան ինչպե՞ս պիտի դադարեն դատական համակարգում:
Եթե դատական իշխանության լիարժեք անկախությունը ապահովվի, զանգերի հնարավորությունը խիստ կնվազի, իսկ հրահանգների ենթարկվող անձինք կենթարկվեն քրեական պատասխանատվության:
Ինչի՞ դեմ ընդվզեցին քաղաքացիները:
Առաջին պատճառը համատարած, համընդհանուր անարդարության մթնոլորտն էր, որը ուշ, թե շուտ պիտի ժայթքեր: Երկրորդը՝ իշխող ռեժիմի անթաքույց ցինիզմը քաղաքացիների նկատմամբ: Եվ երրորդ՝ շարժման առաջնորդներին փառք ու պատիվ, որ կարողացան այդ լիցքը անցնցում ղեկավարել: Ժողովուրդը տարիներ շարունակ սպասում էր այդ կայծին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել