
Թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան։ Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի հաղորդմամբ՝ հրաժարականի դիմումն այս պահին քաղաքապետ Տարոն Մարգարյանի սեղանին է, որի հանգուցալուծումը սահմանված ընթացակարգով կտրվի։
Հիշեցնենք, որ երեկ թիվ 11 դպրոցի աշակերտները, ուսուցիչներն ու ծնողները հավաքվել էին դպրոցում և բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով տնօրեն Ռուզաննա Ազիզյանի պաշտոնանկությունը: Ուսուցիչների վկայությամբ՝ մոտ 100 ուսուցիչ ստորագրել է տնօրենի հրաժարականի համար:
Ազիզյանը հայտնի է որպես հանրապետության նախկին նախագահ ու վարչապետ Սերժ Սարգսյանի համակուրսեցի: Մամուլը մի քանի անգամ անդրադարձել է այս դպրոցում կատարվող դրամահավաքության դեպքերին, ուսուցիչների ազատումներին, ուսուցիչների ու ծնողների բողոքներին:
Մեկնաբանել