HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Դանիելյան

Ինչո՞ւ է Կրեմլը Հայաստանի իրադարձություններից մտահոգվել

Հայաստանի իրադարձությունները չափազանց լուրջ մտահոգություններ են առաջացրել Կրեմլում: Մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի ընտրության ժամանակ հանրապետական պատմագավորներից ոմանք պնդում էին, որ «ժողովրդի թեկնածուի» վարչապետ դառնալու դեպքում կա  աշխարհաքաղաքական փոփոխությունների և Արցախի խնդրում Ռուսաստանի քաղաքականության հնարավոր փոփոխությունների վտանգ: Որքանո՞վ են այդ մտահոգություններն իրական և ի՞նչն է մտահոգում Կրեմլին:

Աշխարհաքաղաքական բալանսի փոփոխության մտահոգություն

Ռուսական մամուլում սկսել են հոդվածներ հրապարակվել, որտեղ նշվում են, որ իրենք Հայաստանի փրկիչն են և առանց Ռուսաստանի Հայաստանը չի կարող գոյատևել, քանի որ շրջապատված է թշնամիներով՝ Ադրբեջանով և Թուրքիայով: Սակայն ռուսական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող մամուլը մոռանում է նշել, որ մեր տարածաշրջանում բալանսի փոփոխություններն ինչ հնարավոր վտանգներ են պարունակում հենց Ռուսաստանի համար: Ադրբեջանի ու Թուրքիայի միջև անմիջական սահմանի առաջացման դեպքում Ռուսաստանը կարող է կորցնել իր ազդեցությունը ոչ միայն Կովկասում, այլև Միջին Ասիայում, անգամ բուն Ռուսաստանի որոշ տարածաշրջաններում՝ Հյուսիսային Կովկասում, Թաթարստանում և այլն: Կովկասում ստեղծված ստատուս քվոյի պահպանումն իրենց համար կենսական խնդիր է, և Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը իրենց համար չունի այնպիսի կշիռ, որ վտանգի տակ դրվի հենց իրենց ապագան: Այդ իմաստով իրավիճակը ավելի ճիշտ է արտահայտում Ռուսաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովայի մայիսի 4-ի հայտարարությունը, որտեղ ասված է. «Ռուսաստանը չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը Արցախի հարցում, իսկ հիմա պետք է սպասել, որ Հայաստանում իրավիճակը կայունանա։ Դա պաշտոնական դիրքորոշումն է»:

Շարժման առաջին օրերին, ըստ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի,  ԱՄՆ նախագահը նամակ է հղել Ալիևին, որտեղ ակնարկել էր «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման» մասին։ Դա զգուշացում էր Ադրբեջանին, որ չփորձի շփման գծում որևէ գործողություն իրականացնել:

Այս առումով հանրապետականների «մտահոգությունները» ուղղակի շանտաժ էին ու իրենց դեմքը փրկելու միջոց: Հանրապետականներին ավելի շատ հետաքրքրում են իրենց անձնական ճակատագրերը և ԱԺ-ում հնարավորինս երկար իրենց մեծամասնությունը պահպանելը, մինչ իրենց համար լավ ժամանակների վերադարձը:

Ներքաղաքական մտահոգություններ

Ռուսաստանի ներքաղաքական մտահոգություններն ավելի լուրջ են, և իրոք Հայաստանի իրադարձությունները իրենց համար վտանգ են պարունակում: Մայիսի 5-ին Ռուսաստանում սպասվում են զանգվածային բողոքի ակցիաներ, որը կազմակերպում է Նավալնին: Իր մեկ ժամանոց նախապատրաստական վիդեո ելույթում  Նավալնին, որպես ակցիաների կազմակերպման ուղեցույց, ներկայացնում է Հայաստանի շարժումը և բավականին մանրամասն վերլուծում է հայաստանյան դեպքերի մեթոդոլոգիան` որպես գործողությունների ուղեցույց: Պատահական չէ, որ Ռուսաստանում Փաշինյանին անվանում են «հայկական Նավալնի, ում մոտ ստացվել է»:  

Իշխանության վերահսկողության տակ գտնվող մամուլին մնում է միայն մեկ տարբերակ, Հայաստանի իրադարձությունները ներկայացնել որպես արևմտյան դավադրություն, որով փորձում է վարկաբեկել ռուսական հակակառավարական շարժումները: Հայաստանյան դեպքերի նման կերպ լուսաբանումը ուղղված է ներքին լսարանին, իսկ ազգայնական շրջանակներում արդեն Հայաստանի հանդեպ սպառնալիքներ են հնչում:  

Մայիսի 4-ին Պուտինը հայաստանյան դեպքերը քննարկել է Նազարբաևի հետ: Ղազախստանի ընդդիմադիր շրջանակները նույնպես հիացած են Հայաստանի դեպքերով: Հետաքրքիր քննարկումներ են գնում ադրբեջանական ֆորումներում, որտեղ հնչում են տեսակետներ, որ Արցախը կպատկանի այն կողմին, որը կկարողանա ավելի ժամանակակից երկիր կառուցել: Իսկ Ադրբեջանի իշխանության վերահսկողության տակ գտնվող մամուլում սկսել են հրապարակվել հոդվածներ, թե ինչու Հայաստանում իշխանությունը տապալվեց, և ինչու իրենց մոտ դա չի կարող տեղի ունենալ: Ակնհայտորեն լուրջ մտահոգություններ ունեն, որ իրենց մոտ նույնպես նման դեպքեր կարող են տեղի ունենալ:

Այսպիսով` Կրեմլի հիմնական մտահոգությունն այն է, որ Հայաստանը կարող է դառնալ հեղափոխություն արտահանող երկիր, և անձամբ Պուտինի համար հոգեբանորեն դժվար է լինելու հանդիպել և սեղմել «հայկական Նավալնիի» ձեռքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter